Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

70%), սպիտակուցներ (15-20%), վիտամիններ, երկաթ և այլն: Տ-ու կեղևը պարունակում է աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժամանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ: Տ. ջերմա-, խոնավասեր է: Բազմանում է մացառներով և անդալիսով: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Ապրում է մինչև 80 տարի:

ՏՂԱԲԵՐՈՒԿ (Aethionema), բոցաթելուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում 12 (14) տեսակ՝ Տ. խոշորածաղիկ (A. grandfflomm), Տ. գեղեցիկ (A. pulchellum), Տ. հայկական (A. armenum), Տ. եռաջիղ (A. trinervium), Տ. ծալքավոր (A. diastrophis) և այլն: Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում (ստորին լեռն. գոտուց մինչև վերինը): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, հաճախ՝ կրաքարային ժայռերում: Ցողունը խիտ կամ նոսր ճյուղավորվող է, բարձր.՝ 40 (70) սմ: Տերևներն ամբողջական են, մերկ կամ մազածածկ: Ծաղիկներն ակտինոմորֆ (կանոնավոր) են, վարդագույն, սպիտակ, դեղին, կարմիր: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը միաբուն կամ երկբուն, 3-4 կամ 1-սերմանի թևավոր (հազվադեպ՝ անթև), հիմնականում բացվող պատիճակ է: Որոշ տեսակներ գեղազարդիչ են, օգտագործվում են պարտեզագործության մեջ:

ՏՈՐՈՆ (Rubia), գունարմատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տ. ներկատու (R. tinctorum), Տ. կոշտատերև (R. rigidifolia): Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին: Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձր.՝ 30-200 սմ: Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն): Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: Ներկատու Տ-ից ստանում են տորոնաներկ, որի հիմն. գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է: Բուրդը, գործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է): Ըստ հայկ. աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից: Կախված ներկման պայմաններից և օգտագործվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը: 1736-ին Հ. Ալթունյանը Տ-ի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել: Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846):

ՏՈՐՖԱՄԱՄՈՒՌ (Sphagnum), սպիտակ մամուռ, օշնա, տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ: Հայտնի է ավելի քան 300, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Տ. ծոպավոր (T. fimbriatum), Տ. գորշ (Տ. fuscum), Տ. ցցված (T. squarrosum) և այլն: Ունի շատ սահմանափակ տարածում: Հանդիպում է Գեղամա (Գռիձոր), Զանգեզուրի (Գորհայք գ.) և Մեղրու (Ճգնավոր լ.) լեռնաշղթաներում: Զբաղեցնում է շատ փոքր՝ 50-100 մ2 տարածք: Աճում է հիմնականում շատ խոնավ վայրերում: Ռիզոիդներ չունի:

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 10-20 սմ: Կողմնային ճյուղերը հաճախ փնջերով են, որոնք ցողունի գագաթնային մասում ավելի կարճ են և խիտ դասավորված, առաջացնում են գլխիկ, որը տարբեր տաքսոնների մոտ տարբեր գույների է (դեղին, գորշ, կարմիր, շագանակագույն): Ցողունային և ճյուղային տերևներն իրենց չափերով, ձևերով ու դասավորությամբ տարբեր են, սակայն երկուսի տերևներն էլ բաղկացած են բջիջների (դրանք երկու տեսակ են) մեկ շերտից և ջիղ չունեն: Բջիջների մի մասը ասիմիլացնող քլորոֆիլակիր է, նեղ ու երկար, մյուսը՝ պրոտոպլաստից զուրկ, լայն, շեղանկյուն, մեռած, թափանցիկ, կոչվում են հիալինային բջիջներ: Դրանք ծակոտկեն են, հեշտությամբ ջուրը ներծծում են և երկար ժամանակ այն պահում (կլանած ջրի կշիռը 20-30 անգամ գերազանցում է չոր նյութի կշռին): Տ. բազմանում է սպորներով և վեգետատիվ ճանապարհով: Սպորները հասունանում են օգոստոսին: Դրանք երկտուն են կամ միատուն, սակայն արական և իգական գամետները միշտ լինում են տարբեր ճյուղերի վրա: Սպորոգոնիումը գտնվում է ցողունի գագաթին: Հասունացումից առաջ ցողունի գագաթը սկսում է աճել-երկարել, սպորոգոնիումը դուրս է ցցվում, և գնդաձև տուփիկից (որի կափարիչը բացվում է) սպորները թափվում են: Տ-ի ցողունները միշտ աճում են գագաթով, իսկ հիմքի մասերը մահանում են: Տարիների ընթացքում մամուռի նոր ծածկոցների շերտադրումը հին մեռած շերտերի վրա առաջացնում է հզոր փուխր տորֆաշերտ: Տորֆագոյացումը տեղի է ունենում գերխոնավության, թթվածնի բացակայության և տորֆագոյացնող մամուռների կողմից թթու միջավայր ստեղծելու հետևանքով: Թթվածնի բացակայությունը տորֆի զանգվածում անաերոբ միջավայր է ստեղծում, որտեղ բակտերիաները և սնկերը թույլ են զարգանում: Տորֆի զանգվածներում հայտնաբերվել են լավ պահպանված մշակույթի առարկաներ, մարդկանց, կենդանիների, միջատների դիակներ, բնափայտի, սերմերի, պտուղների մնացորդներ: