Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում: Բույնը սարքում է չոր ճյուղերից: Մարտ-ապրիլին դնում է 42 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու: Թխսակալում է էգը՝ 26-27 օր: Հունիսի 1-ին կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում և մի քանի օր անց վերջնականապես լքում այն: Ձագերին կերակրելու ընթացքում ծնողները բույն են բերում 1-2 գլխատված մկների և մինչև 6 տնային ճնճղուկների դիակներ:

Օգտակար թռչուն է. պաշտպանության կարիք ունի:

ԱԿԱՆՋՄՏՈՒԿՆԵՐ (Dermaptera), մաշկաթեվներ, միջատների կարգ: Հայտնի է 1000, ՀՀ-ում՝ 26 տեսակ: Ամենուրեք հանդիպում են Ա. սովորականը (Forficula auricularia) և Ա. բանջարանոցայինը (Forficula formis Kol):

Խոնավասեր և ջերմասեր են: Գիշերն ակտիվ են, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների ու ծառերի կիսապոկված կեղևների տակ: Մարմինը երկարավուն է (մինչև 5 սմ), գլուխը՝ տափaկ, սրտաձև, բերանը՝ ուղղված առաջ, բերանային մասերը կրծող են: Կրծքի 2-րդ և 3-րդ հատվածները վերևում ծածկված են կարճ վերնաթևերով, որոնք պաշտպանում են ներքին թևերը, փորը վերջանում է երկար, ամուր աքցանով, որն էգերի մոտ մկրատի բերանի նման է, արուների մոտ՝ մանգաղաձև: Բազմանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Ձվադրում են կույտերով՝ հողում: Սնվում են բուս., կենդ, մնացորդներով, որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:

«Ականջմտուկ» անվանումը հիմնավորված չէ, քանի որ մարդկանց ականջ չեն մտնում և առողջությանը վնաս չեն պատճառում:

ԱՂԱՎՆԱԲԱԶԵ (Falco columbarius), բազեների ընտանիքի թռչուն: Հազվագյուտ է, չվող-ձմեռող:

Մարմնի երկար. 23-30 սմ է, թևերի բացվածքը՝ 50-62 սմ, կենդանի զանգվածը՝ 160-250 գ: Էգը խոշոր է արուից: Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ մուգ, ներքևից՝ բաց նարնջագույն՝ սև խայտերով: Էգը վերևից դարչնամոխրագույն է, պոչը՝ շերտավոր: Թևերը համեմատաբար կարճ են, ծայրը՝ սուր, ներքևից՝ զոլերով, պոչի հիմքը՝ մոխրագույն: Ճարպիկ է, թռչում է թևերի արագ թափահարումներով, գետնից ոչ բարձր: Անակնկալի է բերում զոհին կամ հետապնդում նրան անզիջում:

Բնակվում է բաց տարածքներում: Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով, խոշոր միջատներով:

ՀՀ տարածքում հայտնվում է սեպտեմբեր-հոկտեմբերին, չվում է ապրիլին: Բնադրում է այլ թռչունների հին բներում: Ձվադրում է մայիսի 2-րդ կեսին: Օգտակար է: Չի գնահատվում որպես որսորդ թռչուն, սակայն մեծ է նրա դերը սարյակներից ու ճնճղուկներից խաղողի և այլ այգիների պաշտպանության գործում: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռների թռիչքից մի քանի րոպե առաջ օդանավակայանի տարածք է բաց թողնվում վարժեցված Ա., որից ահաբեկված թռչունները թաքնվում են (կանխվում է բախումը ինքնաթիռին), և անվտանգ պայմաններ են ստեղծվում թռիչքի համար:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՂԱՎՆԻՆԵՐ (Columbidae), աղավնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 297, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, սովորական տատրակ, օղակավոր տատրակ, փոքր տատրակ, հոբալ:

Աչքի են ընկնում լավ զարգացած կտնառքով և մկանային ստամոքսով, ծածկող փետուրների հարուստ ու խիտ աղվափետուրով:

ԱՂՈԹԱՐԱՆԵՐ (Mantodea կամ Mantoptera), միջատների կարգ: Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 5 տեսակ: Առավել տարածված է Ա. սովորականը (Mantis religiosa):

Մեծ կամ միջին մեծության, խիստ երկարավուն մարմնով գիշատիչ միջատներ են: Գլուխը եռանկյունաձև է, խիստ շարժուն: Բերանային մասերը կրծող են: Կրծքային առաջին զույգ բնորոշ գիշատիչ ոտքերը վերափոխված են բռնող վերջավորությունների, որոնց սրունքներն ու ազդրերը պատված են փշերով: Որսին դարանակալելիս մարմինը ձգում են, առջևի ոտքերն ուղղում դեպի վեր (աղոթողի կեցվածքի է նման, այստեղից՝ անվանումը): Զարգանում են թերի կերպարանափուխությամբ: Ձվադրում են մեծ քանակությամբ օվալաձև խոշոր ձվակոկոնների մեջ: Թրթուրները ձվերից դուրս են գա¬ լիս ուշ գարնանը և ամռանը զարգա¬ նալով՝ դառնում են սեռահասուն: Տարվա մեջ տալիս են 1 սերունդ:

Վարում են ցերեկային կյանք, ջերմասեր են: Սնվում են առավելապես լվիճներով, ճանճերով և այլ մանր միջատներով, մեծ չափերի Ա.՝ նաև մորեխներով, թիթեռներով և այլն: Որոշ խոշոր արևադարձային տեսակներ հարձակվում են նույնիսկ փոքր թռչունների, գորտերի և մողեսների վրա: Ունեն պաշտպան, գունավորում: Ոչնչացնում են վնասատու միջատներին:


ԱՂՎԵՍՆԵՐ (Vulpes), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ: ՀՀ բոլոր մարզերում տարածված է Ա. սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ Ա. անդրկովկասյան և Ա. հայկական: Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում:

Մարմինը ձգված է (երկար.՝ մինչև 90 սմ), պոչը՝ թավ (երկար.՝ 40- 60 սմ), կենդանի զանգվածը՝ 5-8 կգ: Ունի լավ զարգացած հոտառություն և լսողություն: