Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թխսակալում է 10-12 օր: Այդ ընթացքում շատ զգույշ է: Վտանգի պահին (բույնը չմատնելու նպատակով) արագ վազքով հեռանում է այնտեղից մոտ 10 մ, ապա բարձրանում օդ: Օրվա ընթացքում ծնողները ձագերին կերակրում են մոտ 150 անգամ: Ձագերը բնից դուրս գալուց հետո 1 շաբաթ մնում են ծնողների հսկողության տակ, տիրապետում կայուն թռիչքի, ապա հեռանում նրանցից: Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՆՐԲԱԳԵՂԻԿ (Prunella modularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ: Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ: Մարմինը վերևից շիկակարմիրդարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր: Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր: Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի: Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու: Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին: Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում: Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից: Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից: Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը: Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է: Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ խխունջների, որոնք գյուղատնտ. կենդանիների ֆասցիոլոզ հիվանդության տարածողներ են:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔՆԱՍՌԼ (Dryomys nitedula), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է 600-1950 մ բարձրություններում՝ հս. և հվ-արլ., Վայքի անտառներում, Խոսրովի արգելոցում, հանդիպում է նաև Սևանի ավազանում, երբեմն՝ Արարատյան դաշտի այգիներում:

Մարմնի երկար, մինչև 110 մմ է, պոչինը՝ 113 մմ: Գլուխն ու մեջքը՝ դեղնաօքրայամոխրագույն են, պոչը խավոտ հարդամոխրագույն: Քթից դեպի ականջները և գլխի կողքերով անցնում են սև կամ վառ գորշաօքրայագույն շերտեր: Հետևի վերջավորությունները զգալիորեն երկար են առջևիններից:

Բնակվում է փչակներում կամ բարակ ճյուղերից, խոտից ու տերևներից կառուցած կլորավուն բներում: Բնադրում է ծառաբների կամ հաստ ճուղերի վրա, երբեմն՝ թփուտներում: Գործունյա է մթնշաղին և գիշերը:

Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով: Ձմեռային քուն է մտնում սեպտեմբեր-ապրիլին: Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 9 ձագ: Երբեմն վնասում է այգեգործությանը: Համաճարակային հիվանդությունների (տզային ուղեղաբորբ և լեպտոսպիրոզ) բնական փոխանցող է:

ԱՊՈԼԼՈՆ (Parnassius apollo), առագաստավորների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի և Կոտայքի մարզերում: Բավական խոշոր և գեղեցիկ թիթեռ է:

Թևերի բացվածքը 70-90 մմ է: Թևերն սպիտակ են, արտաքին եզրը՝ թեփուկազուրկ և ապակենման թափանցիկ: Արտաքին թևերի վրա կան տարբեր մեծության 5 սև պտեր, հետին թևերի վրա՝ 2 խոշոր կարմիր պտեր՝ սև օղակով և սպիտակ միջուկներով, թևերի անկյունային մասում՝ Նույն տիպի աչքանման պտեր՝ ավելի փոքր և միմյանց կպած: Թրթուրը սև է՝ մեջքային ավելի մուգ երկայնական գծով, շնչանցքերը՝ դեղին:

Սնվում է թանթռնիկի տերևներով:

Ձմեռում է թրթուրը: Տարեկան տալիս է 1 սերունդ: Թիթեռի թռիչքը հունիս-օգոստոսին է: Բնակվում է ասեղնատերևների թավուտներում, անտառեզրերին, քարքարոտ լեռնալանջերին: Նվազող տեսակ է, ունի 2-րդ կարգավիճակ:

ԱՌԱԳԱՍՏԱՎՈՐՆԵՐ (Papilionidae), թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների ընտանիք: Հայտնի է մոտ 530, ՀՀ-ում՝ 5 (այլ տվյալներով՝ 7) տեսակ՝ մնեմոզինա (Parnassius mnemosyne), ալեքսանոր (Papilio aletanor), ապոլլոն, մախաոն, պոդալիրիոա և այլն: Խոշոր թիթեռներ են: Ունեն վառ գունավորում՝ ոսկեգույնից դեղնականաչ: Տեսակների մեծ մասին բնորոշ է սեռ. երկձևությունը: Որոշ տեսակների հետին թևերն ունեն նեղ ու Երկար ձգված պոչիկներ: Մսալի, գլանաձև թրթուրները գլխի հետևի մասում կրում են հատուկ գեղձ, որից գրգռման դեպքում դուրս է ցցվում նարնջագույն եղանիկ և տհաճ հոտ արձակում (թրթուրի համար պաշտպան, միջոց է): Հարսնյակն անկյունավոր է՝ գոտևորված մետաքսաթելով, որով ամրանում