Չոփ ընթացքում երամները (որոնց թիվը հասնում է հարյուրների, երբեմն՝ հազարների) շարժվում են հոծ խմբերով, անշտապ՝ մի քանի օր շարունակ կերակրվելով ու դադար առնելով: Բնադրում է մայիսից հունիսի կեսերը՝ գետնին՝ ճիմաթմբերում: Բույնը փոքրիկ գավաթաձև փոսիկ է՝ խոտաբույսերից: Դնում է 19 մմ տրամագծով, մոխրասպիտակ՝ դարչնագույն պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13 օր: Ձագերին կերակրում են արուն և էգը: 13-14 օրական չթռչող ձագերը թողնում են բույնը, 1 շաբաթ գտնվում ծնողների հսկողության տակ, ապա հմուտ թռչում են:
Աշնանային չուն՝ օգոստոսի վերջից հոկտեմբերի առաջին կեսին:
ԴԵՂԻՆ ՏԱՌԵՂ (Ardeolla ralloides), տառեղների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 44-47 սմ է, թևերի բացվածքը՝ 80-92 սմ։ Դեղին-դարչնագույն թռչուն է, վիզը և ոտքերը՝ կարճ, թռչելիս ակնառու են սպիտակ թևերը: Գոտկատեղը և պոչը բաց գույնի են, մեջքը՝ ավելի մուգ: Գլխին առկա են երկար փետրածփքեր՝ սև և դեղնավուն զոլերով: Կտուցը կապույտ է՝ սև ծայրով, ոտքերը՝ վարդագույն: Աշնանը ոտքերը և կտուցը կանաչավուն են: Երիտասարդն առանց փետրածփքերի է: Վիզը և կրծքի վերին մասը խայտավոր են, թևերը սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով: Կտուցը խամրած դեղին է, վերնակտուցը՝ մուգ: Հաճախ սապատավորի կեցվածք է ընդունում: Կերը հայթայթում է միայնակ՝ բուսուտների սահմանագծից ոչ հեռու: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում, ճահճուտներում: Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով:
Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին: Բնադրում է ապրիլի առաջին կեսին՝ եղեգնուտներում: Բույնը գաղութային, ոչ խոր հարթակ է՝ եղեգի չոր ցողուններից, տերևներից: Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի սկիզբը: Դնում է 39 մմ տրամագծով, մուգ կապույտ 4-6 ձու: Գաղութային բնադրումը համատեղում է 5-6 տեսակի այլ տառեղների հետ: Թխսակալում են արուն և էգը՝ 20-22 օր: Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջին, թռիչքի են դիմում հուլիսն-օգոստոսին: Աշնանային չուն՝ հոկտեմբեր-նոյեմբերին:
ԴԵԴՆԱԳԼՈՒԽ ԱՐՔԱՅԻԿ (Regulus regulus), արքայիկների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, տարածված:
Մարմնի երկար. 9 սմ է, թևերի բացվածքը՝ 13,5-15,5 սմ, կենդանի զանգվածը՝ 5,9-6,9 գ։ Փոքրամարմին է, դիմային մասը՝ միագույն, գագաթը՝ վառ նախշով: Հասուն արուի գագաթի կենտր. շերտը նարնջագոցն է, էգինը՝ դեղին: Կոկորդաշերտը կարճ է՝ մուգ: Երիտասարդի գլուխը կանաչ է, գագաթի շերտը բացակայում է: Արձակում է մեկ կամ մի քանի անգամ կրկնվող ձայներ: Մշտապես թռչկոտում է ճյուղից ճյուղ՝ թևերի արագ թափահարումներով, մի պահ կանգ առնելով օդում: Թռիչքն արագ է՝ թևերի դժժոցով: Բնակվում է բարձրաբուն ծառերի վրա, այգիներում: Սնվում է անողնաշարավորներով:
ՀՀ-ում, որպես ձմեռող, հայտնվում է հուլիսի 2-րդ կեսից ապրիլի վերջին: Ստեփանավանի «Սոճուտ» բուսաբ. այգում ձմռանը գրանցված է 250 թռչուն, Դիլիջանում՝ 80, Երնանի շրջակայքում՝ 1-11: Օգտակար է. ոչնչացնում է անտառի վնասատու միջատների ձմեռող տեսակների, դրանց ձվերը, հարսնյակները և հասուն անհատների: Մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում:
ԴԵԴՆԱԳԼՈՒԽ ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla citreola), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 17 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ։ Մարմնի կողքերը մոխրագույն են, ներքնապոչը՝ սպիտակ, կտուցը և ոտքերը՝ սև, թևին կան երկու լայն, սպիտակ զոլեր: Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը վառ դեղին է՝ հետին մասում սև կիսաօձիքով սահմանագծված: Թիկնոցը և մեջքը բաց մոխրագույն են: Էգի գագաթը բաց մոխրագույն է, ունկընկալները՝ խայտերով՝ բաց գույնի միջնամասով: Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին: Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից մոխրավուն է, ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, ճակատը և հետին մասում բաց գույնի սահմանագծված ունկընկալը՝ դարչնագույն երանգով, հոնքերի հետին մասը և թևերի գոլերը՝ լայն, սպիտակ:
Բնակվում է ճահճուտներում, լճերի ու լճակների ափերին, թաց մարգագետիններում: Սնվում է մանր անողնաշարավորներով:
ՀՀ-ում հայտնաբերվել է 1995-ին: Վերջերս հաստատվել են նաև բնադրման փաստեր Գետաշեն (Արմավիրի մարզ), Հարթավան (Արագածոտնի մարզ), Բայանդուր (Շիրակի մարզ) գ-երի ծայրամասերում, Արմաշի (Արարատի մարզ) ձկնաբուծ. լճակների տարածքում: Չուի ժամանակ մեծ երամներ չի կազմում, հաճախ հանդիպում է այլ խաղտտնիկների, ձիաթռչնակների խառը երամներում: Արժեքավոր է որպես սակավաթիվ, սահմանափակ տարածված տեսակ:
ԴԵՂՆԱՓՈՐ ԳԵՂԳԵՂԻԿ (Phylloscopus trochiloides), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 10 սմ է, թևերի բացվածքը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ: Փոքր շահրիկ է, ոտքերը՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով: Վերևից ձիթապտղագույն-կանաչ է,