ծայրերին (բացառությամբ կենտր. զույգի) կան սպիտակ պտեր, որոնք լավ երևում են թռչելիս: Կտուցը մեծ է, գլխին կա արտահայտված նախշ: Տարածված է կիսաանապատներում, տափաստաններում: Սնվում է խոտաբույսերի սերմերով, միջատներով:
Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից ապրիլի սկիզբը (արուներն էգերից՝ 2-4 օր շուտ): Հարսանեկան խաղերի ժամանակ արուն սրնգի թովիչ ձայներ հիշեցնող երգով, թևերը մեղմ թափահարելով՝ թռչում է պտույտներով, մեղմ վայրէջք կատարում և հետապնդում մոտակայքում կքանստած էգին: Բնադրում է ապրիլ-մայիսին՝ գետնին: Բույնը (տրամագիծը՝ 112 մմ) կառուցում է միայն էգը՝ փոքրիկ գավաթաձև փոսիկում՝ չորացած խոտաբույսերից: Մայիսի սկզբից հունիսի սկիզբը դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր: 11-12 օրական ձագերը (որոնք դեռևս թռչել չեն կարողանում) դուրս են գալիս բնից, կեր հայթայթում ծնողների օգնությամբ, ինքնուրույն են դառնում 30-35 օրականում: Ձագերի կորուստը մեծ է՝ 65 % (կախված է արտաքին ազդակներից): Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:
ԵՐԿԳՈՒՅՆ ՄԱՇԿԵՂ ՉՂՋԻԿ [Vespertilio (P.) murinus], չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի:
ՀՀ-ում հանդիպում է ողջ արլ. հատվածում՝ հարավից հյուսիս: Որպես թաքստոց ընտրում է տարբեր շինությունների տանիքները, պատերի ճեղքերը կամ ծառերի փչակները: Մարմնի երկար. 54-64 մմ է, պոչինը՝ 36-47 մմ, նախաբազկինը՝ 41-48 մմ։ Մեջքի մազերի ծայրերն արծաթափայլ են, հիմքի մոտ՝ սևագորշ (այստեղից՝ անվանումը): Սնվում է մանր ու միջին չափերի միջատներով: Թաքստոցից դուրս է գալիս և սկսում է թռչել օրվա դեռևս լուսավոր ժամերին:
Հունիսի վերջին ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ: Վերջինս թռիչքի ժամանակ ատամներով կառչում է մոր կրծքից:
ԵՐԿԹԵՎԱՆԻՆԵՐ (Diptera), միջատների կարգ: Հայտնի է մոտ 100 հզ., ՀՀ-ում՝ մոտ 500 տեսակ:
Զարգացած են միայն առջևի զույգ թևերը (այստեղից՝ անվանումը), որոշ մակաբույծ տեսակներ թևեր չունեն: Գլուխը գնդաձև է կամ կիսագնդաձև՝ խոշոր ֆասետային աչքերով: Հասուն միջատների (իմագո) բերանային օրգանները ծակող կամ լիզող են: Թևերը թաղանթային ԵՆ՝ երկարավուն ջղերով, որոնց դասավորությունն ունի կարգաբան․ նշանակություն: Կուրծքը կազմված է ամուր միացած օղակներից՝ առաջնային, միջին և հետին բաժիններից: Փորիկը երկարավուն գլանաձև է կամ էլիպսաձև՝ 4-10-հատվածանի: Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է, թրթուրը՝ որդանման:
Գործն․ նշանակություն ունեն մլակները, մժեղները, մոծակները, որոնք մարդու և կենդանիների արյունածուծներ են: Որոշ Ե. (տախիններ) ոչնչացնում են վնասակար թիթեռներին, բզեզներին: Մի շարք Ե. (բոռեր, արյունածծուկներ և այլն) գյուղատնտ. կենդանիների մակաբույծներ Են: Սարկոֆագիտ ճանճերն ապրում են տարբեր փտող նյոււտերում, մակաբուծում են միջատների և խխունջների մարմնում, առաջացնում են մարդկանց միազ հիվանդությունը:
ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Amphibia), ողնաշարավոր կենդանիների դաս: Ներկայումս հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի շուրջ 2600 տեսակ: Հայտնի են Ե-ի անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր: ՀՀ-ում տարածված են պոչավոր երկկենցաղների 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, սովորական տրիտոն, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ դոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ:
Ե. էկզոթերմ կենդանիներ են: Զարգանում են կերպարանափոխությամբ: Տեսակների մեծամասնության ձվադրումը, ձվերի ու թրթուրների զարգացումը տեղի են ունենում ջրային միջավայրում, սակայն կերպարանափոխությունից հետո շատ տեսակներ կարող են ապրել ջրային միջավայրից դուրս (այստեղից՝ անվանումը): Մաշկը մերկ է՝ լորձային գեղձերով հարուստ: Ջրում ապրող թրթուրները շնչում են խռիկներով և մաշկով, կերպարանափոխությունից հետո խռիկները վերանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել հիմնականում թոքերով: Ե-ի սիրտը եռախորշ է, բնորոշ է արյան շրջանառության 2 շրջան: Զարգացած զգայարաններն ապահովում են կողմնորոշումը ջրում և ցամաքում: Տեսող. զգայարանը լավ է զարգացած: Ձկների համեմատ՝ ուղեղի կիսագնդերը լավ են զարգացած, ուղեղիկը՝ թույլ:
Թրթուրները սնվում են ջրիմուռներով, միաբջիջներով, մանր ջրային որդանմաններով, հոդվածոտանիներով ու նրանց մնացորդներով: Կերպարանափոխությունից հետո սնվում են անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով:
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Parus coeruleus), երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-20 սմ, կենդանի զանգվածը՝ 11-13 գ: Փետրածածկը վառ գույներով է: Հասունի գագաթը կապույտ է, դիմային նախշը՝ ցայտուն, սև ու սպիտակ: Երիտասարդի գագաթը վերևից և մեջքը խամրած կանաչ Են, ճակատը, հոնքը և դեմքի ստորին մասը՝ դեղին: Ե. ե-երը հետբնադրման շրջանում Երաշտահավերի այլ տեսակների հետ կազմում են ընդհանուր երամներ, սակայն մեծ մասամբ առանձնանում են զույգերով: Ե.Ե. աչքի է ընկնում նաև տրամաբան. որոշ գործողություններ կատարելով: Բնակվում է սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում և թվա սուպին կիսաանապատներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:
Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի սկզբին և անմիջապես