Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբ էգը դնում է իլիկանման (17-24 X 30-45 մմ) 5-12 ձու: Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին: Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Բավական ագրեսիվ օձ է: Վարքով հաճախ նման է համատեղ բնակվող Ռադդեի լեռնային իժին, թունամուղ ատամներ չունի, սակայն թունավոր ազդեցություն ունի թուքը: Կծածը կարող է առաջացնել այտուցով արտահայտվող տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ:

ԽԱՅՏԱԲՂԵՏ ՀԱՍՏԱՃԱԿԱՏ (Aristichtys nobilis), ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստանի կարպային տնտեսություններ պարբերաբար սկսել է ներմուծվել XX դ. 80-ական թթ.: Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից: Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը:

Խոշոր ձուկ է, մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված: ՀՀ ձկնային տնտեսություններում և բնական ջրամբարներում երկար. 30-40 (երբեմն՝ մինչև 70-80) սմ է, զանգվածը՝ մինչև 10 կգ և ավելի: Արագաճ ձկնատեսակ է. երկու տարեկանում կարող է հասնել 1-2 կգ-ի։ Գլուխը լայն է՝ սրացած դնչով: Բերանը վերին է՝ թեք կտրվածքով: Աչքերը փոքր են՝ ցածր տեղադրված: Ալանային ատամները միաշարք են: Ողնուցն առկա է միայն փորային լողակներից մինչև հետանցքն ընկած հատվածում: Կրծքային լողակները երկար են և անցնում են փորային լողակների հիմքից: Պոչային լողակը խոր կտրվածքով է: Թեփուկները մանր են, կողագծում՝ 114- 120 հատ: Մեջքային լողակը կարճ է՝ 10 ճառագայթով, հետնալողակը համեմատաբար երկար՝ 15-17 ճառագայթով: Խռիկային առաջին աղեղի վրա կան մինչև 270 երկար ու խիտ դասավորված խռիկային առէջներ: Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը՝ արծաթակապարագույն՝ անկանոն մուգ պտերով, փորիկը՝ սպիտակավուն: Լողակները սովորաբար մոխրագույն են:

Սեռահասուն է դառնում 3-7 տարեկանում, արուները՝ 1 տարի ավելի շուտ (կախված ապրելավայրի պայմաններից): ՀՀ բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել, այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ ստեղծված պայմանների և բարձր ջերմաստիճանի առկայության դեպքում: Բեղունությունը հասնում է 500 հզ. (երբեմն՝ մինչև 2 մլն) ձկնկիթի:

Չբեղմնավորված ձկնկիթը դեղնականաչավուն է, տրամագիծը՝ 1,7 մմ, բեղմնավորվածը՝ մինչև 4,5 մմ։ Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 18- 40 ժ (կախված ջրի ջերմաստիճանից), 3-5 օր հետո թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության՝ հիմնականում սնվելով մանր կենդ․ պլանկտոնային օրգանիզմներով: Կարող է սնվել նաև որդերով, փափկամարմիններով, մանրաձկներով, բուս․ պլանկտոնով, դետրիտով:

ՀՀ կարպային տնտեսությունների հիմն․ ձկնատեսակներից է: Ունի արդ. մեծ նշանակություն: Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում:

ԽԱՅՏԱԲՂԵՏ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula hypoleuca), ճանճորսների ընտանիքի թռչուն: Չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-24 սմ, կենդանի զանգվածը՝ 16 գ: Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է կամ մուգ դարչնագույն, ներքևից՝ սպիտակ: Թևին կա վառ սպիտակ հատված, արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ 1 (հաճախ՝ աննկատ), ճակատին՝ 2 փոքր սպիտակ պտեր: Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գոտկատեղը՝ ավելի բաց գույնի: Թևին կա փոփոխական փոքր սպիտակ բիծ: Բնակվում է անտառներում, անտառածածկ գետաձորերում, պտղատու այգիներում, թփուտներում: Սնվում է միջատներով, որոնց որսում է ճյուղից ճյուղ տեղափոխվելով (հաճախ՝ ծառերի վերին սաղարթում):

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսին: Բնադրում է հիմնականում փչակներում, հաճախ զբաղեցնում է արհեստ․ թռչնաբները: Բույնը կառուցում է չոր խոտերից, մամուռներից: Դնում է 5-7 ձու: Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի 2-րդ տասնօրյակը:

Օգտակար է:

ԽԱՅՏԱԲՂԵՏ ՆՐԲԱԳԵՂԻԿ (Prunella ocularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 22-23 սմ։ Գլուխը ցայտուն նախշերով է, հասունի հոնքը՝ լայն, սպիտակ, ունկընկալը և գագաթը՝ դարչնագույն-սև: Կուրծքը, մարմնի կողքերը բաց նարնջագույն են՝ թույլ խայտերով: Երիտասարդի փետրավորումն ավելի խամրած է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ բազմաթիվ խայտերով: Թաքնված թռչուն է, երգում է գլաքարերին նստած: Կերակրվում է ցածր զառիթափերի, քարերի, թփուտների մոտ: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով: Գրանցված է ՀՀ բարձրադիր լեռնազանգվածների 15 կետում (2280-3200 մ բարձր-ներում): Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և փետուրներից: Բնադրում է թփուտներում, գերադասում է գիհու փռված խիտ, լավ քողարկված ճյուղերը: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի