Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կազմված է շարակցահյուսվածքային շերտից, էպիդերմիսից, որն ունի բազմաթիվ երկրորդային գոյացություններ (աղվամազ, քիստամազ, թեփուկներ, սմբակներ և այլն): Մեծ մասի վերջավորությունները հնգամատ են: Կ. բազմանում են 1-4 տարին 1 անգամ, որոշ Կ. (կրծողներ)՝ տարին մի քանի անգամ: Ձագերին կերակրում են կաթով:

ՀՀ-ում հանդիպում է Կ-ի 8 կարգ, 83 տեսակ: Ապրում են էկոլոգ. ամենատարբեր պայմաններում՝ ցամաքում, ծառերի վրա (սկյուռներ), օդում (չղջիկներ), ստորգետնյա կյանք են վարում (խլուրդներ, կուրամկներ) և այլն: Կ-ի մի մասը մորթատու է, շատերը՝ որսարդյունագործության և մարզ․ որսորդության օբյեկտ: Մարդու ակտիվ գործունեության, բնական պայմանների փոփոխության հետևանքով Կ-ի տեսակները խիստ նվազել են: Որոշ տեսակներ պահպանվում են ՀՀ պետ. արգելավայրերում: 18 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՂԱՄԲԱԹԻԹԵՌ (Pieris brassicae), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում:

Թևերի բացվածքը 5,5-6 սմ է: Ձմեռում է հարսնյակը: Թիթեռների թռիչքը՝ մարտի վերջ-ապրիլի սկզբին: Ձվադրում է խաչածաղկավոր բույսերի տերևների ստորին երեսին՝ միաշերտ խմբերով (մինչև 200 ձու): 1 էգը դնում է 250-300 ձու: 3-4 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները (երկար.՝ մինչև 6 սմ), որոնք սնվում են տերևների ստորին երեսին և ուտում են փափուկ հյուսվածքը: Մինչև 2-րդ մաշկափոխությունը թրթուրները միասին են, ապա ցրվում են ամբողջ բույսի վրա: Կախված ջերմաստիճանից՝ թրթուրները զարգանում են 17-30 օրում՝ 3-4 անգամ մաշկափոխվելով: Սնվելն ավարտելով՝ թրթուրները մետաքսյա ոստայնի գոտիով ամրանում են հիմնանյութին և հարսնյակավորվում: Տարեկան կարող է 3-4 սերունդ տալ: Զանգվածային բազմացման տարիներին Կ-ի թրթուրները մեծ վտանգ են ներկայացնում բանջարանոցային կաղամբազգիների համար:

ԿԱՆԱՉ ԴՈԴՈՇ (Bufo viridis), դոդոշների ընտանիքի դոդոշների ցեղի պոչավոր երկկենցաղ: ՀՀ-ում տարածված է գրեթե ամենուրեք: Հիմնականում բազմաքանակ է:

Կերպարանափոխությունից հետո Կ. դ-ի մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (1,2-9,9 սմ): Մաշկը չոր է՝ ծածկված բազմաթիվ բշտիկներով: Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձեր (պարոտիդներ): Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ՝ թույն: Ունեն թմբկաթաղանթ, աչքի բիբը հորիզոնական է, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն: Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն կամ գորշ մոխրագույն է: Այդ ընդհանուր գունավորման վրա առկա են բազմաթիվ մուգ, տձև խալեր, որոնք էգերի մոտ մուգ կանաչ են, իսկ արուների մոտ՝ բաց կանաչ կամ դեղնականաչավուն, կողմնային մակերեսներին հաճախ կան կարմիր պուտիկներ: Էգերի որովայնային մակերեսը սպիտակավուն է, արուներինը՝ մոխրագույն:

Ակտիվ է գիշերը և մթնշաղին, իսկ բարձրլեռն. գոտում՝ ցերեկը: Ցերեկվա ժամերին թաքնվում է քարակույտերում, այլ թաքստոցներում ու կենդանիների բներում: Սնվում է ցամաքային անողնաշարավորներով: Ձմեռում է աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ կրծողների բներում և փոսերում: Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում գարնանը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից: Բազմացման համար օգտագործում են ամենատարբեր ջրավազաններ: Արուները ջրամբար են գալիս առաջինը և ներքին ծնոտի տակ գտնվող կենտ ձայնապարկի միջոցով արձակում են յուրահատուկ կռկռոց: Ձվադրում է 2-30 հզ. գորտնկիթ (սովորաբար՝ 10-12 հզ.): Գորտնկիթները 2 շարքով դասավորված են հատուկ, երկար թաղանթային լարերում, էգը շարժվելիս դրանք փաթաթում է ստորջրյա առարկաներին: Մանր գորշամոխրագույն շերեփուկները սնվում են պլանկտոնով ու դետրիտով: Հունիսի վերջից հուլիսի կեսերը կերպարանափոխությունից հետո դոդոշիկները դուրս են գալիս ափ և վարում ցամաքային կենսակերպ: Սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ տարում:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին ու փափկամարմիններին:

Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գերազարդիչ տեսակ: Թույնն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտ. հետազոտություններում:

ԿԱՆԱՉ ՄԵՂՎԱԿԵՐ (Merops persicus), մեղվակերների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 27-31 սմ է, թևերի բացվածքը՝ 46-49 սմ, կենդանի զանգվածը՝ 47-50 գ: Փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար: Հասունի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ: Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով: Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է: Թռիչքը ճարպիկ է, աշխույժ, ձայնը՝ սրնգային, զրնգուն: Թռչում է ուղիղ գծով՝ թևերի ոչ հաճախակի թափահարումներով, գետնից ոչ բարձր և կարճատև, հաջորդ պահին թառում է էլեկտրալարերին կամ նստում գետնին: Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից: ՀՀ-ում միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գ-երի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծ. տնտեսությունների տարածքում: Առանձին գրանցումներ են կատարված Մեղրիից դեպի հվ․՝ Իրանի սահմանում: Սնվում է թռչող միջատներով (մեղուներ, կրետներ):

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակից: