Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բեադրազույգերը կազմվում են հավանաբար չուի ընթացքում: Հաճախ բույնը փորում է գետնին, հողաթմբերին, կավոտ կամ ավազոտ զառիթափերին՝ մինչև 40-50 սմ խորությամբ: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակից մինչև հունիսի 1-ին տասնօրյակը: Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր: Աներեր թռչող ձագերը բնից հեռանում են հուլիսի 2-րդ կեսից մինչև սեպտեմբերի 1-ին տասնօրյակը: Ամենաուշ չուն՝ մինչև սեպտեմբերի 1-ին կեսը:

Անհետացման վտանգի տակ է, կարիք ունի պաշտպանության լրացուցիչ միջոցների:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՆԱՉ ՍԵՐԻՆՈՍ (Carduelis Chloris), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-27,5 սմ կտուցը հաստ է՝ վարդագույն երանգով, առաջնային փետուրների հիմքը և պոչը՝ վառ դեղին երիզներով: Հասուն արուի ընդհանուր գունավորումը դեղին-կանաչ է, թևին և պոչին կան վառ դեղին հատվածներ, թևի միջին մասը բաց կապույտ-մոխրագույն է: Էգն ավելի խամրած է և ավելի դարչնագույն: Երիտասարդի ընդհանուր գունավորումը խամրած կանաչավուն- դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով, արուն՝ ավելի կանաչ, քան էգը: Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է սերմերով և այլ բուս, կերով:

Գարնան ամենավաղ լիարժեք երգը և էգերին հետապնդող արուները գրանցվում են հունվարի 2-րդ տասնօրյակից: Համատարած հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ մարտի 1-ին տասնօրյակից հուլիսի կեսերը, առանձին դեպքերում արուի լիարժեք երգը լսվում է օգոստոսի վերջին: Բնի կառուցումը սկսվում է մարտի սկզբից: Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից և այլ բույսերի կտորտանքներից: Բնադրում է ծառերին: Ձվերը բներում հայտնվում են մարտի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի կեսերը: Դնում է 21 մմ տրամագծով, մոխրագույն- սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Ձագերին կերակրում են արուն և էգը՝ 13- 14 օր, որից հետո ձագերը դուրս են գալիս բնից և 1 շաբաթ անց ձեռք բերելով աներեր թռչելու ունակություն՝ հեռանում են ծնողներից: Կրկնակի բնադրման են անցնում հունիսի կեսերից: Երիտասարդներից ու հասուններից կազմված աշնանային խմբերը պահպանվում են մինչև հաջորդ տարվա գարունը: Նուրբ կանաչ երանգով փետրավորման և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտ. արժեք է ներկայացնում:

ԿԱՆԱՉ ՓԱՅՏՓՈՐ (Picus viridis), փայտփորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 31-33 սմէ, թևերի բացվածքը՝ 40-42 սմ, կենդանի զանգվածը՝ 250 գ Մարմինը վերևից կանաչ է, գոտկատեղը՝ դեղին, ներքևից՝ ավելի բաց գույնի: Հասունի գլուխը սև ու կարմիր է, աչքերը՝ սպիտակ: Արուի բեղերը կարմիր են՝ սև սահմանագծված, գոտկատեղը՝ վառ դեղին: Էգի բեղերն ամբողջությամբ սև են, գոտկատեղը՝ ավելի խամրած: Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը բաց գույնի են: Մարմինը ներքևից, գլուխը, գոտկատեղը՝ մուգ խայտերով ու զոլերով են: Չափազանց զգույշ և թաքնված թռչուն է: Կերակրվում է մրջնանոցների մոտ և ծառերի սաղարթների միջին հատվածում: Կտուցով թմբկահարում է հազվադեպ: Ձայնը բաղկացած է քրքիջ հիշեցնող աստիճանաբար մարող մի շարք բարձր հնչյուններից: Բնակվում է խոնավ սաղարթավոր անտառներում: Սնվում է մրջյուններով, փայտահատ բգեզներով:

ՀՀ-ում ձևավորված հս. և հվ. խառնանտառների համակեցություններն իրարից մեկուսացած են տափաստանային բաց անտառազուրկ լեռնազանգվածներով: Փչակ է փորում առավելապես փտող ծառերի բներում: Ձվադրում է մայիսի սկզբից: Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 5-7 ձու: Երիտասարդ թռչունները հանդիպում են հունիսից սեպտեմբեր:

Անտառի մյուս միջատակերների կազմում նպաստում է ծառերի առողջացմանը: Կենսակերպի շատ մանրամասներ բացահայտված չեն: Գույների ցայտերանգ համադրությամբ չափազանց գեղեցիկ ու գրավիչ է և գեղագիտ. հաճույք է պատճառում:


ԿԱՆԵՓՆՈՒԿ (Carduelis cannabina), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 13,5 սմէ, թևերի բացվածքը՝ 21-25,5 սմ. Կտուցը մոխրավուն է: Բնադրման շրջանում հասուն արուի ճակատին և կրծքին կան կարմիր հատվածներ: Գլուխը բաց մոխրագույն է, մեջքը, թևավերևը՝ դարչնագույն-նարնջագույն: Էգի փետրածածկն ավելի դարչնագույն ու խայտավոր է, կարմիր հատվածները բացակայում Են: Երիտասարդը վերևից նարնջագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը, մեջքը, կուրծքը և մարմնի կողքերը՝ մուգ խայտերով: Հետբնադրման շրջանում վարքը երամային է: Գարնանը արուները մեծ «երգչախմբեր» են կազմում արշալույսին: Ամռանն առանձին անհատներ երգում են՝ թփուտների ծայրերին նստած:

Բնակվում է բաց թփուտային լանջերին և գետաձորերում՝ մինչև ենթալպյան գոտի, չուի ընթացքում՝ եղեգնուտներում, արհեստ, ծառատունկերում: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը, հարսանեկան զույգերը և արուների ակտիվ երգը՝ մարտի կեսերից մայիսի վերջ: Բույնը կառուցում է էգը՝ մարտի վերջ-մայիսի ընթացքում (6-8 օր): Անբարենպաստ եղանակին կառուցումը ձգձգվում է: Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, փետուրներից,