ապրում են բոլոր բնակլիմ. գոտիներում՝ շոգ անապատներից մինչև բարձրադիր գոտու տարածքները: Հիմնականում թրթուրները զարգանում են վայրի բանազգիների վրա: Կ-ի թրթուրներին բնորոշ է համակեցությունը մրջյունների հետ. վերջիններս սնվում են Կ-ի թրթուրների քաղցր արտադրությունով, միաժամանակ նրանց պաշտպանում թշնամիներից:
ՀՀ-ում Կ-ի շատ տեսակներ (օխիմ, Դիաննա, կովի Կ.) հվ. Անդրկովկասի բնաշխարհիկներ են, որոշները [hեnդես հայկական (Heodes virgaureae armeniaca), երևանյան (Polyommatus erivanensis), մորենու, Դանչենկոյի (Calloprys danchenkoi) և օրիոն Կ.)]՝ զուտ Հայաստանի բնաշխարհիկներ:
ԿԱՊՏԱՓՈՂ ՍՈԽԱԿ (Luscinia svecica), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ: Արուի կուրծքը կապույտ լայն հատվածով է, միջին մասում՝ սպիտակ՝ ակնառու նարնջագույն բծով կամ առանց բծերի: Էգի կոկորդը սպիտակ է՝ մուգ եզրագծված: Երիտասարդը մուգ դարչնագույն խայտերով է: Գետնին շարժվում է ցատկոտելով, կանգնում է ուղղահայաց դիրքով՝ պոչը բարձր: Տարածված է լեռնատափաստաններում՝ Ենթալպյան փռված գիհու թփուտներում: Սնվում է միջատներով, սերմերով, հատապտուղներով: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին: Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-նարնջագույն պտերով 5-6 ձու: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՊՈՒՅՏ ՔԱՐԱԿԵՌՆԵԽ (Monticola solitarius), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրոչվող է, տարածված:
Մարմնի երկար. 20 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ, կենդանի զանգվածը՝ 57 գ : Մուգ գույնի թռչուն է՝ սև երկար կտուցով: Բնադրման շրջանում հասուն արուի փետրածածկը մուգ կապույտ է, թևերը, պոչը՝ ավելի մուգ: Էգը խամրած դարչնագույն է, մարմինը վերևից երբեմն կապույտ երանգով է, ներքևից՝ բաց գույնի պտերով ու զոլերով: Հետբնադրման շրջանում փետուրները բաց գույնի երիզներով են: Երիտասարդը նման է էգին՝ ավելի շատ ու հավասարաչափ տարածված պտերով ու զոլերով: Երկչոտ է, դժվարամատչելի, դուրս է թռչում միջատներ որսալիս: Բնակվում է չոր, ժայռոտ սարալանջերին, ձորերում, փլատակներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 3-րդ տասնօրյակից ապրիլի ընթացքում: Ապրիլի 1-ին կեսից լսելի է արուի սրնգային առույգ երգը, որն ուղեկցվում է հարսանեկան խաղերի հանդիսավոր թռիչքներով՝ պոչի ու թևերի փետուրները մինչև վերջ բացած սահասավառնումով վայրէջք կատարելով: Բույնը պատրաստում է էգը՝ 5-6 օրվա ընթացքում, իսկ արուն հսկում է անվտանգությունը: Ձվադրման պատրաստի բները հայտնվում են ապրիլի վերջից մայիսի ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հունիսի 2-րդ տասնօրյակը: Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է ժայռաճեղքերում, խորշերում, հազվադեպ՝ շինություններում: Ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբից, ավելի վաղ բնադրման ժամանակ՝ ապրիլի 2-րդ տասնօրյակում: Դնում է 25 մմ տրամագծով, բաց կապույտ՝ բաց դարչնագույն պտերով կամ առանց պտերի 4-5 ձու: Թխսակալում է էգը: Արուն յուրահատուկ կանչերի միջոցով իր ներկայության մասին տեղեկացնում է էգին: Ձագերը հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակից հունիսի ընթացքում, ինքնուրույն թռչողները գրանցվում են հունիսի 2-րդ կեսից հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը: Աշնանային չուն կարող է ձգձգվել մինչև դեկտեմբերի 1-ին կեսը:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎԱԾԻԾԱՌ (Sterna caspia), ջրածիծառների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է:
Մարմնի երկար. 47-54 սմ է, թևերի բացվածքը՝ 130-145 սմ, կենդանի զանգվածը՝ 500-700 գ: Ջրածիծառներից ամենախոշորն է, մարմինը՝ լայն, կտուցը՝ կարմիր և մեծ, պոչը՝ կարճ, մկրատաձև կտրվածքով: Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, ծոծրակը՝ գզուզ, մարմինը վերևից՝ բաց մոխրագույն, ներքևից արտաքին առաջնային փետուրները թվացյալ մուգ մոխրագույն են: Հետբնադրման շրջանում թասակը մոխրագույն է՝ սև գծերով: Երիտասարդի գագաթը դարչնագույն է՝ սպիտակ բծերով, մեջքը՝ դարչնագույն խայտերով ու սեպաձև նախշերով: Թռիչքը որորանման է՝ թևերի խորը, հգոր թափահարումներով: Բնակվում է խոշոր ջրային բաց տարածություններում, հազվադեպ՝ տափաստաններում: Սնվում է ձկներով, անողնաշարավորներով, կերի մեջ կարող են հայտնվել թռչունների ձվեր ու ձագեր: ՀՀ բնական ու արհեստ, ջրամբարներում հայտնված հազվագյուտ տեսակ է և ունի որոշակի գիտ. Նշանակություն: Տարածման շրջաններում առաջացնում է մեկուսացած, եզակի փոքր օջախներ:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ԿՐԻԱ (Mauremys caspica), գեոէմիդիդների ընտանիքի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոցձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Տարածված է հիմնականում տաք և չոր կամ կիսաչոր վայրերում: Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստ, ջրավազաններում: Զրահի երկարությունը փոխվում է տարիքի հետ (2,3-30 սմ): Ի տարբերություն մյուս տեսակների, Կ. կ-ի տարբերակիչ զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար տափակ է ու անհարթ, զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, անշարժունակ: Կարապքսի ու պլաստրոնի միացումը ոսկրային է: Գլուխը ծածկված է հարթ մաշկով: Պոչը համեմատաբար