երկար է (զրահից 1,2-2,5 անգամ կարճ): Մատների միջև զարգացած են լողաթաղանթները: Կարապաքսը գորշականաչավունից մուգ շագանակագույն է, եզրային վահանիկները՝ դեղնավուն կամ վարդագույն բծերով: Պլաստրոնը դեղնավուն է, նարնջագույն կամ վարդագույն՝ մուգ, գրեթե սև բծերով: Պարանոցը և գլխի տակը, ինչպես նաև վերջույթներն ու պոչն ունեն դեղնանարնջագույն երկայնակի զոլավոր նախշ: Երիտասարդ կրիաները խայտաբղետ են: Սնվում է բուսականությամբ, նաև ջրային մանր կենդանիներով ու լեշերով:
Գիշերում և ձմեռում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խորը): Ձմեռային քունը տևում է աշնան վերջից մինչև գարուն: Զուգավորումը սկսվում է ապրիլից հունիսի կեսերը: Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում է երկարավուն (33-38 x 20-23 մմ տրամագծով) 5-10 ձու և թաղում դրանք հողի մեջ: Ձագերը ծնվում են օգոստոսի վերջ-սեպտեմբերի կեսերին: Սեռահասուն է դառնում 10-11 տարեկանում:
Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով, միսն ու ձուն՝ որպես սնունդ:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ՆԵՂՄԱՏ ԳԵԿՈՆ (Cyrtopodion caspius), գեկոնների ընտանիքի նեղմատ գեկոնների (Cyrtopodion) ցեղի մողես:
ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արարատի. Սյունիքի (Մեղրի) մարզերում և Երևանում: Հայաստանի ֆաունայի ներմուծված տեսակներից է: Կ. գ., որպես կանոն, հանդիպում է երկաթգծերի երկայնքով, շինությունների պատերին, քարե շինությունների փլատակներում:
Մարմնի Երկար. 2,3-7,5 սմ է, պոչը գրեթե 1,2 անգամ երկար է, ինքնահատվող: Մարմինն ու գլուխը լավ են տարանջատված միմյանցից, լայն են ու տափակած, դունչը՝ դուրս ցցված: Աչքերը խոշոր են, բիբը՝ օվալաձև, ուղղահայաց, ուժեղ լուսավորվածության ժամանակ ունի ուղղահայաց ճեղքի տեսք: Ծիածանաթաղանթը ոսկեգույն է, կոպերը, ձուլվելով, Կասպիական նեղմատ գեկոն առաջացրել են աչքը ծածկող թափանցիկ թաղանթ: Ունեն լավ արտահայտված արտաքին ականջ: Գլխի դիմային հատվածը պատված է բազմանկյուն, իսկ գանգայինը՝ տարբեր մեծության կլոր վահանիկներով: Մարմնի մեջքային մակերեսը պատված է մանր, երկայնակի շարքեր կազմող, խոշոր բազմանկյուն, կատարավոր թեփուկներով: Կոկորդաին թեփուկները 2-3 անգամ փոքր են որովայնի բազմաթիվ թեփուկներից, որոնք ձևավորում են ցանցանման ծածկույթ: Մեջքային մակերեսի ընհանուր գորշավուն գունավորման վրա արտահայտված են 5-6 շագանակագույն կտրտված լայնակի զոլեր, լայնակի զոլավոր նախշ ունի նաև պոչը: Բերանի եզրից դեպի աչքերն ու ճակատը ձգվում են 4-6 զուգահեռ զոլեր: Պարանոցի և իրանի մակերեսը ներքևից սպիտակ են: Էգերն ավելի թաց են գունավորված:
Ձմեռում է աշնան կեսերից գարնան կեսերը: Ամռանն ակտիվ է մթնշաղին և գիշերը: Սնվում է մանր անողնաշարավորներով: Օգտակար է․ ոչնչացնում է շինությունների թունավոր սարդակերպներին և խավարասերներին: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի կեսից մայիսի վերջ: Հունիսի կեսից սեպտեմբերի կեսին քարերի արանքում, ճեղքերում դնում է մինչև 1,3 սմ երկարության 1-2 ձու: Երիտասարդ առանձնյակները ծնվում են հուլիս-սեպտեմբերին:
Հաճախ խնամվում է անազատ պայմաններում:
ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐ (Felidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք: Հայտնի է 36, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ եղեգնակատու, լուսան, հովազ, տափաստանային կատու, անտառային կատու և տնային կատու:
Մարմինը բարեկազմ է, ոտքերը՝ համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները՝ հնգամատ, հետինները՝ քառամատ: Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված: Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են: Մազածածկը կարճ է: Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն: Գլուխը կլորավուն է, պոչը՝ երկար:
ԿԱՏՎԱԼՈՔՈՆԵՐ (Ictaluridae), լոքոյակերպների կարգի ձկների ընտանիք: Հայտնի է շուրջ 40, ՀՀ-ում ներմուծված Է 1 տեսակ՝ ջրանցքային լոքոն:
Մարմինը զուրկ է թեփուկներից: Բերանը շրջապատված է 4 զույգ բեղիկներով: Ունեն ճարպային լողակ: Մեջքային և կրծքային լողակների առաջին ճառագայթները հաստացած են:
ԿԱՐԱՊՆԵՐ, բադերի ընտանիքի ջրլող թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ թշշան կարապ, ճչան կարապ և փոքր կարապ (վերջինիս կենսակերպը ուսումնասիրված է մասնակի):
Փետրավորումը խիտ է, փարթամ: Պարանոցը երկար է, ոտքերը՝ կարճ: Կենդանի զանգվածը՝ 7-13 կգ:
Վերջին ժամանակներում մի շարք երկրներում հայտնի են որպես թռչնագրիպի H5n1 այլաձև հարուցչի կրող: Գրանցվել են այդ հիվանդությունից մահացության դեպքեր:
ԿԱՐԻՃԱՃԱՆՃԵՐ (Mecoptera), միջատների կարգ՝ լրիվ կերպարանափոխությամբ: Հայտնի է 300 տեսակ, ՀՀ-ում տարածված է Panorpa communis-ը: Մեծ մասը սնվում է բոա. և կենդ, մնացորդներով, մանր միջատներով, նեկտարով, ծաղկափոշիով, պտուղներով: Որոշ Կ. գիշատիչ են: Թևավոր ձևերը լավ թռչում են:
Մարմնի երկար, մինչև 3 սմ է: Թևերը ցանցաձև են, թափանցիկ, երբեմն՝ մուգ բծերով: Որոշ ձևերի թևերը կարճ են կամ բացակայում են: Գլխի առջևի մասը կտցանման երկարացած է, բեղիկները թելանման են, երկար, աչքերը՝ բարդ, մեծ, ոտքերը՝ բարակ, որոշ ընտանիքներում՝ երկար ու շատ ձգված, բերանային ապարատը կրծող է: Panorpidae ընտանիքի