Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արուների փորիկի վերջին հատվածը վեր է բարձրացած և հիշեցնում է կարիճների փորիկը (այստեղից՝ Կ. անվանումը): Թրթուրները որդանման են, կրծքային ոտքերով: Ձվադրում են հողում կամ նրա մակերևույթին՝ մեկ-մեկ կամ խմբով (100 և ավելի ձու): Տուն օվալաձև է: Թրթուրներն ապրում են մամուռներում, փտած բնափայտում կամ օրգ. նյութերով հարուստ հողում, զարգացման համար ընտրում են խոնավ տեղեր (աղբյուրների մոտ), խիտ անտառներ: Սնվում են տարբեր ծագում ունեցող օրգ. նյութերով: Հարսնյակավորումը տեղի է ունենում հողում: Տարվա ընթացքում ունենում են միայն 1 սերունդ:

ԿԱՐԻՃՆԵՐ (Scorpiones), սարդակերպների դասի անողնաշարավոր կենդանիների կարգ: Հայտնի է մոտ 51, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Կ. սեվ կամ հաստապոչ, Կ. դեղին և Կ. խայտաբղետ: Առաջինը հանդիպում է Արարատյան դաշտում, մյուս երկուսը՝ ամենուրեք: Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում: Սնվում են հիմնականում անողնաշարավորներով:

Մարմինը (երկար.՝ 3-20 սմ) կազմված է գլխակրծքից և հատվածավոր փորիկից: Գլխակուրծքն ունի 2 խոշոր և 10 մանր աչքեր, 2 բռնաչանչ, 4 զույգ ոտքեր: Փորիկի առջևի մասը լայն է, ունի 4 զույգ թոքային պարկեր, հետինը՝ նեղ, գլանաձև, որը վերջանում է 12 թունագեղձով, որոնք բացվում են կեռ խայթիչի մեջ: Վերջինս հարձակման և պաշտպանման միջոց է: Խայթոցը ցավոտ է և վտանգավոր, իսկ սև կարիճինը կարող է մահացու լինել մարդու համար:

ԿԱՐՃԱՄԱՏ ՃՆՃՂՈՒԿ (Carpospiza brachydactyla), ճնճղուկների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 13,5-14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 24-25 գ: Մարմնի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց մոխրադեղնադարչնագույն է: Թևերը երկար են, ոտքերը՝ դարչնանարնջագույն: Հոնքը, բեղերը, երկու թևաշերտը և թևի ներքին թափահարող փետուրների ծայրերը ավելի բաց գույնի են: Պոչի փետուրների ծայրերը և փորը սպիտակավուն են: Երկչոտ ու թաքնված է: Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին: Բնակվում է ցածրահասակ թփուտներով հարուստ չոր, քարքարոտ լեռնալանջերին: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մայիսի 2-րդ կեսից: Բնադրման վայրը փոփոխական է: Մայիսի վերջին տասնօրյակում հայտնվում են բազմացող զույգերը: Բույնը (տրամագիծը՝ 101- 155 սմ) գավաթաձև է, կառուցում է էգը՝ 4-5 օրվա ընթացքում՝ ճյուղերից և ցողուններից: Բնադրում է խիտ թփուտներում: Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Այդ ընթացքում էգի և արուի կապը տեղի է ունենում տարածության վրա՝ փոխադարձ ձայնակցությամբ: Նորելուկ ձագերին կերակրում են արուն և էգը՝ հիմնականում (մոտ 70 %) կնճիթավոր ճպուռներով: 10-11 օրական ձագերը դուրս են գալիս բնից, ևս 10-15 օր մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ սնվում ինքնուրույն: 15- 18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքի:

Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի վերջ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՐՄԻՐ ԲԱԴ (Tadoma ferruginea), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 61-6 սմ է, թևերի բացվածքը՝ 121-145 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,6 կգ։ Մարմինը դարչնագույն-շիկակարմիր է, գլուխը՝ ավելի բաց գույնի, բազկաթևը՝ սպիտակ, թափահարող փետուրները, ոտքերը, կտուցը՝ սև: Բնադրման շրջանում արուի վզին սև օձիք է ի հայտ գալիս: Էգի գլուխը ավելի բաց գույնի է, օձիքը բացակայում է: Հաճախ կերակրվում է ծանծաղուտ ափերի երկայնքով, թռչելիս հնչեղ ձայն է արձակում: Բնակվում է հիմնականում լեռն, լճերում ու հարակից դաշտերում: Սնվում է ջրային բույսերով, դաշտավլուկազգիների ընձյուղներով, անողնաշարավորներով, խխունջներով: Բույնը ոչ խորը փորվածք է՝ աղվեսների լքված բներում կամ ժայռախորշերում: Ավազոտ թմբերում, փուխր բնահողում բների խոր. 1-2 (երբեմն՝ 6-12) մ է:

Բներն զբաղեցնում են ապրիլին: Ձվերը բներում հայտնվում են մայիսի սկգբին: Դնում է 67 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու: Նորելուկ ձագերը լճերում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից հուլիս, թռիչքի են դիմում հուլիսից օգոստոսի վերջը:

Ներկայումս ամբողջ աշխարհում Կ. բ-ի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը: ՀՀ-ում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավագանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել:

Կ.բ. հաջողությամբ բազմանում է անազատ պայմաններում՝ կենդանաբան. այգիներում, տներում, լճափերի համապատախան տեղանքներում տեղադրված արհեստ, թռչնաթևերում:

ԿԱՐՄԻՐ ՑԻՆ (Milvus milvus), ճուռակների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ, կենդանի զանգվածը՝ 900-1400 գ :

Ճարպիկ է՝ բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խոր կտրվածքով: Գլուխը սպիտակավուն է, մարմինը և պոչը՝ շիկակարմրավուն: Թռչելիս ակնառու են թևավերևի բաց գույնի լայն շերտը և թևատակի առաջնային փետուրների խոշոր սպիտակ հատվածը։