Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարմինը դարչնագույն է՝ սև խայտերով ու զոլերով կապտամանուշակագույն փետրահայելիով (դրանով տարբերվում է այլ բադերից), որն ակնառու է թռիչքի պահին: Կտուցը տարբեր չափերի նարնջագույն ու սև հատվածներով է: Բադերից ամենատարածվածն է, հաճախ՝ ընտանեցված: Բնակվում է ջրային տարածքների հարևանությամբ տարբեր կենսամիջավայրերում: Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, ձկներով, երկկենցաղներով:

Հարսանեկան խաղերը՝ մարտի 1-ին կեսից մայիսի վերջը: Բները կառուցում են մարտի վերջից մայիս: Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 26-33 սմ) կամ հարթակ՝ խոտերից, եղեգից ու աղվափետուրներից: Բնադրում է գետնին: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի սկզբից մինչև հունիս: Դնում է 57 մմ տրամագծով, մոխրավուն-կանաչ 7-13 ձու: Թխսակալում է էգը՝ 26 օր: Նորելուկ ձագերը բնից հեռանում են 12-16 ժ անց: Կ. բ-երը մեծ երամներ չեն կազմում, հաճախ հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով (5-20 թռչուն):

Վերջին տասնամյակների ընթացքում Կ. բ-երի թվաքանակը խիստ տատանվում է՝ կապված ՀՀ ջրաճահճային մակերեսների որակ, փոփոխությունների (Գիլլի լճի չորացման, Սևանի մակարդակի տատանման, Արարատյան դաշտի արհեստ. լճակների ծավալների կրճատման, բուսականության բացակայության, կենցաղային թափոններով աղտոտվածության) հետ: Արարատյան դաշտում 1984-94-ին թվաքանակը 1 միավոր տարածքի վրա կազմել է 0,6-0,002 թռչուն, Սևանի ավազանում 1965-74-ի աշնանը և ձմռանը գրանցվել է 100-3800 թռչուն: Սիրող., մարզ. և որսորդ. թռչուն է՝ շատերի կողմից ճանաչված:

ԿՌՈՒՆԿՆԵՐ (Gruidae), կռունկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 15, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մոխրագույն կռունկ և գեղանի կռունկ: Գեղանի կեցվածքով, երկար ոտքերով ու պարանոցով, բավական խոշոր թռչուններ են:
ԿՎԱԿՎԱ (Nycticorax nycticorax), տառեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: 

Մարմնի երկար. 58-65 սմ է, թևերի բացվածքը՝ 105-112 սմ, կենդանի զանգվածը՝ 500-695 գ: Կտուցը կարճ է ու հաստ: Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից սև ու մոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն: Աչքի ծիածանաթաղանթը կարմիր է, ոտքերը՝ նարնջագույն: Գլխի հետին մասից տարածվում են սպիտակ, տեսանելի Երկար փետրածփքեր, որոնք հետբնադրման շրջանում բացակայում են: Ոտքերը նարնջագույն են: Երիտասարդի փետրածածկը դարչնագույն և սպիտակ է, թևերին ու մեջքին կան սպիտակ պտեր: Մարմինը ներքևից խայտավոր է, ոտքերը՝ գրեթե դեղին, կտուցը դեղնավուն է՝ ծայրը՝ մուգ: Տարիքին զուգահեռ անհետանում են մեջքի սպիտակ պտերը, մարմնի ստորին մասի խայտերը, փետրածածկը դառնում է ավելի մոխրագույն:

Նստում է կուզը ցից: Ցերեկը հանգստանում է խիտ բուսուտներում: Առավել ակտիվ է արշալույսին, մթնշաղին և գիշերը:

Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում, ճահճուտներում, գետափերին: Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով: Բույնը նման է հարթակի: Բնադրում է եղեգնուտներում կամ ծառերին: Դնում է 45 մմ տրամագծով, բաց կապտականաչավուն 3-5 ձու: Չափից ավելի բազմանալու դեպքում կարող է վնաս հասցնել ձկնաբուծ. տնտեսություններին:

ԿՏՑԱՐ ԿԱՉԱՂԱԿՆԵՐ (Haematopodidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Տեսակների ընդհանուր թիվն անհայտ է: Առափնյա թռչուններ են: Ունեն կարճ (բզանման կամ բավականին հաստ) կամ երկար (ուղիղ կամ կեռված) կտուց: Հանդիպում են հիմնականում առանձին անհատներով: Խուսափում են միանալ այլ թռչունների երամներին: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ կտցար կաչաղակը (Haematopus ostralegus). ՀՀ-ում գրանցվել է միայն գարնանային չուի (մարտի 2-րդ տասնօրյակից մայիսի 1-ին կեսը) ընթացքում:

Մարմնի երկար. 40-45 սմ է, թևերի բացվածքը՝ 86-88 սմ, կենդանի զանգվածը՝ 500 գ: Կտուցը հաստ է ու երկար: Թռչելիս աչքի է ընկնում սև ու սպիտակ նախշը: Հասունի կտուցը կարմրանարնջագույն է, աչքերը՝ կարմրավուն, ոտքերը՝ վարդագույն: Բնադրման շրջանում սև հատվածները փայլուն են: Հետբնադրման շրջանում փետրածածկի սևն ավելի խամրած է, կիսաօձիքը՝ սպիտակ: Երիտասարդները հասուններից ավելի դարչնագույն են, ոտքերն ու կտուցը՝ մոխրավուն:

Բնակվում է ձկնաբուծ. լճակների, գետերի ափերին: Սնվում է փափկամարմիններով, որոնց որսում է՝ տիղմը քրքրելով: Թռիչքն ուղղաձիգ է, հավասարաչափ: Զգույշ է, սակայն կերով տարված ժամանակ հաճախ անտեսում է վտանգը:

ԿՐԵՏԱԿԵՐ (Pernis apivorus), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ: Գլուխը և վիզը բարեկազմ են, պոչը՝ երկար: Արուի գլուխը մոխրագույն է, էգինը՝ ավելի դարչնագույն: Մարմինը վերևից դարչնագույն է, թևատակը՝ նեղ շերտերով, դաստակի հատվածի բիծը'