Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուգ: Պոչի հիմքում կան 2 մուգ շերտեր: Երիտասարդի գունավորումը փոփոխական է, սովորաբար՝ միատարր դարչնագույն, թևատակը և պոչի ստորին մակերեսը՝ հավասարաչափ զոլավոր: Առավել հաճախ տեսանելի է թռիչքի պահին կամ չուի ժամանակ: Կերակրվում է գետնին՝ հորիզոն. դիրքով: Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին: Սնվում է առավելապես մեղուների և կրետների թրթուրներով, մանր ողնաշարավորներով: Մարմնի կառուցվածքով, ճակատի, բերանի անկյուններում և աչքերի շուրջը մանր փետուրների առկայությամբ հարմարված է կրետների և մեղուների թրթուրներով սնվելու վտանգավոր ու դժվարին միջոցին: Ոտքերի փետրազուրկ հատվածները պատված են հաստ, կոշտ, մանր եղջերացած վահանիկներով, որոնք պաշտպանում են գազազած կրետների ու մեղուների հարձակումներից:

Վաղ գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին՝ փոքր երամներով: Բույնը հարթակ է՝ ճյուղերից, կանաչ տերևներից՝ ծառերին: Դնում է 52 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2 ձու: Թխսակալում է էգը՝ 34-38 օր (մասնակցում է նաև արուն): Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 49-րդ օրը՝ լիարժեք փետրածածկով:

Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին:

ԿՐԵՏՆԵՐ, բոլոր թաղանթաթևավոր խայթող միջատների (բացառությամբ՝ մեղուների և մրջյունների) ընտանիք:

Միջին և խոշոր չափերի միջատներ են (մինչև՝ 40 մմ)՝ կրծքի և փորիկի միջև ցայտուն արտահայտված ցողունով: Գլուխը շարժուն է: Ունեն 2 զույգ թաղանթաթևեր: Բեղիկները ծնկաձև են: Բերանային օրգանները կրծող տիպի են: Հայտնի է մոտ 2 հզ. տեսակ՝ տարածված ամենուրեք: Ծաղիկները փոշոտող են: Լուրջ վնաս են հասցնում մեղվաբուծությանը, երիտասարդ տնկիներին, տարածում վարակիչ հիվանդություններ: Կ-ի խմբին են պատկանում մի քանի ընտանիքներ, որոնցից ամենահայտնին իսկական կամ ծալկաթև Կ-ի ընտանիքն է (Nespidae), որը բաժանվում է 2 ենթաընտանիքի՝ հասարակական (Nespinae) և միայնակ (Eumeniinae): Nespinae ենթաընտանիքի ամենասովորական և հայտնի տեսակներից է արևելյան ձիաստուցը (Nespa orientalis), որը լայնորեն տարածված է նաև ՀՀ-ում:

ԿՐԻԱՆԵՐ (Testudines), սողունների կարգ: Ընդգրկում է 2 ենթակարգի 13 ընտանիքի 307 տեսակ:

ՀՀ-ում տարածված է 3 ընտանիքի 3 տեսակ՝ ճահճային կրիա, կասպիական կրիա և միջերկրածովյան կրիա:

Հայտնի են Կ-ի ցամաքային, կիսաջրային և ծովային ապրելակերպ վարող տեսակներ:

Հասուն Կ-ի մարմնի երկարությունը տարբեր տեսակների մոտ տատանվում է 7,5-254 սմ, կենդանի զանգվածը՝ 50 գ-600 կգ:

Կրծքավանդակի, որովայնի ու կոնքի ողերն ու մյուս ոսկրերը միաձուլված են և ձևավորում են զրահ, որը ծածկված է եղջրային վահանիկներով կամ մաշկով: Զրահի մեջքային վահանը կոչվում է կարապաքս, իսկ որովայնայինը՝ պլաստրոն: Երկար. ճկուն ու մկանոտ վիզը, պոչն ու վերջույթները Կ. կարող են քաշել ներս՝ զրահի տակ՝ պաշտպանվելով անբարենպաստ պայմաններից ու թշնամիներից: Վերջույթների շարժումները նաև ապահովում են Կ-ի շնչառությունը: Ատամներ չունեն, ծնոտների ոսկրերը պատված են եղջերային շապիկով՝ թիթեղիկներով (նմանվում են կտուցի) կամ համեմատաբար փափուկ շուրթերով: Կ. չունեն արտաքին ականջ, և լսողությունը թույլ է զարգացած, տեսողությունը՝ համեմատաբար լավ: Սնվում են բուս. և կենդ. կերով (նաև՝ լեշերով):

Բազմանում են ձվադրությամբ (2-400 ձու): Ձվերը ծածկված են պինդ կրակալած կճեպով: Կյանքի տևողությունը 40-300 տարի է:

ԿՐԾՈՂՆԵՐ (Rodentia), կաթնասունների դասի ամենաբազմաքանակ կարգը:

Ընդգրկում է մանր, միջին և խոշոր մեծության կենդանիների 2 հզ-ից ավելի տեսակներ՝ միավորված 40 ընտանիքի 600-ից ավելի ցեղերում: ՀՀ-ում հանդիպում են Կ-ի 10 ընտանիքի 34 տեսակ, որից 13-ը՝ համստերանմանների, 7-ը՝ մկնանմանների, 4-ը՝ ավազամկների, 2-ական՝ սկյուռների, քնամոլների, հնգամատ ճագարամկների և 1-ական՝ մացառախոզերի, կուրամկների, մկնիկների և ճահճակուղբերի ընտանիքներից:

Մարմնի երկար. 5-130 սմ է, կենդանի զանգվածը՝ 6 գ-ից 60 կգ: Բնակվում են բոլոր բնակլիմայական և լանդշաֆտաաշխարագր. գոտիներում: Կ-ի տեսակների մի մասը վարում է խիստ ստորգետնյա, իսկ մեծամասնությունը՝ կիսաստորգետնյա կամ վերգետնյա կյանք, որոշ տեսակներ ապրում են ջրում, ծառերի վրա, որոշները գերադասում են մարդկանց բնակավայրերը և այլն: Կ-ի գլխուղեղի կիսագնդերը սովորաբար հարթ են: Ունեն լավ զարգացած կտրիչներ, որոնք խոր նստած են ատամնափոսերում և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, մաշվելիս ինքնասրվում են: Ժանիքներ չունեն: Ատամնաշարը դիասթեմայով է. համապատասխանում է կոշտ բուս. կերով սնվելուն: Տարեկան ունենում են 2-9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 3-15 ձագ: Կ-ի որոշ տեսակներ ունեն արժեքավոր մորթի և արդյունագործ. մեծ նշանակություն: Մեծամասնությունը գյուղատնտ. բույսերի վնասատու է: Դաշտամկները, ավազամկները, առնետները և այլն մարդու և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների