Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նստում է երևացող տեղերում՝ ծառերի եզրային ճյուղերին, ցանկապատերին: Բնակվում է անտառեզրերին, պտղատու այգիներում, պուրակներում, թփուտային մարգագետիններում: Սնվում է միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում: Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին: Բնադրում է ծառերի ճյուղերի հիմքում, փչակներում, պատերի ճեղքերում, երբեմն՝ բնակելի շենքերում: Բույնը գավաթաձև է՝ բարակ ցողուններից, պատրաստում է 4-7 օրվա ընթացքում: Դնում է Գմմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 4-6 ձու: Թխսակալում է 11-12 օր: 13-14 օրական ձագերը դուրս են գալիս բնից: Աշնանային չուն՝ մինչև դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՇԱՀՐԻԿ (Sylvia communis), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 18,5-23 սմ, կենդանի զանգվածը՝ 14-16 գ: Կոկորդը սպիտակ է, թևերը՝ մուգ, թևավերևը՝ դարչնավուն բծով, ակնօղակը՝ սպիտակ, ոտքերը՝ բաց գույնի: Հասունի գլուխը բաց մոխրագույն է, թևավերևի բիծը՝ դարչնագույն-նարնջագույն: Էգի գունավորումն ավելի միատարր է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը՝ մոխրագույն-դարչնագույն: Երիտասարդը նման է էգին, սակայն պոչի եզրային փետուրները խամրած երիզներով են, ծիածանաթաղանթը՝ մուգ, կուրծքը և մարմնի կողքերը՝ ավելի դարչնագույն երանգով: Արուն երգում է՝ թփուտի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում: Բնակվում է անտառեզրերին, մինչև ենթալպյան գոտի տարածվող թփուտներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածային վերադարձը՝ ապրիլմայիսին: Բազմաթիվ արուների երգը լսելի է մինչև հուլիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հնարավոր է մինչև օգոստոս: Այդ ընթացքում արուն օդում պարբերաբար մի քանի թռիչքներ է կատարում, ապա ազատ անկմամբ վայր է ընկնում և տեղավորվելով նույն թփուտի վրա՝ շարունակում է երգը: Ձվադրմանը պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսից հուլիսի 3-րդ տասնօրյակում: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 105-113 մմ)՝ ցողուններից, պատրաստում են էգը և արուն: Բնադրում է թփուտներում կամ ցածր բույսերի վրա: Առաջին ձվերը հայտնվում են նույն ժամկետում: Դնում է 18 մմ տրամագծով, ձիթապտղագույն-կանաչ՝ կանաչ և դարչնագույն պտերով 4-5 ձու: Թխսակալում է հավանաբար էգը՝ 11-12 օր: Ձագերը բնից հեռանում են կյանքի 11-12-րդ օրը: Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը, առանձին դեպքերում՝ դեկտեմբերի 1-ին կեսը:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՍԱԳ (Anser anser), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 75-90 սմ է, թևերի բացվածքը՝ 147-180 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-4,4 (հազվադեպ՝ 6) կգ Փետրածածկը դարչնագույն-մոխրագույն է, ոտքերը՝ վարդագույն, գլուխը և կտուցը՝ մեծ: Թռչելիս վերևից ակնառու են բաց մոխրագույն դաստակաթևը և գոտկատեղը: Կտուցը նարնջագույն է: Երիտասարդը թվացյալ խայտավոր է. մեջքին և կողքերին ցայտուն բաց գույնի գծերը բացակայում են: Խիստ հնչեղ ձայնով թռչուն է. թռիչքի ընթացքում լսելի են եռահնչյուն ճիչեր: Մ. ս-երը թռչում են՝ սեպաձև երամ կազմած (30-100 թռչուն)՝ սագերին բնորոշ կռնչոցով: Բնակվում է եղեգի ու ջրեղեգի առկայությամբ ջրային տարածքներում, կեր է փնտրում դաշտերում: Սնվում է ջրային և դաշտային խոտաբույսերով, անողնաշարավորներով, սերմնահատիկներով: Բույնը բավական ծավալուն է (տրամագիծը՝ 110-180 սմ)՝ եղեգի ցողունների և այլ ջրային բույսերի կույտ՝ լճակների ափեզրի խիտ եղեգնուտում: Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մայիսի 1-ին կեսին: Դնում է 86 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու (1 ձվի զանգվածը՝ 167,8-185 գ է՝ մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 5,3%-ը): Թխսակալում է էգը՝ 27-28 օր. բնից հեռանալիս ձվերը քողարկում է սեփական աղվափետուրներով ու եղեգի տերևներով: Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հունիսին: Ներկայումս ՀՀ տարածքում Մ. ս-ի թվաքանակը և բնադրման համակեցությունները խիստ կրճատվել են: 1998-2005-ին կենսապայմանների և պահպանության միջոցների բացակայության, որսագողության ու տնային պայմաններում բազմացնելու նպատակով ձվերը հավաքելու հետևանքով Արարատյան դաշտում բնադրումը խիստ կասկածելի է: Կարիք ունի անհատ, պաշտպանության: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄՈԾԱԿՆԵՐ, երկարաբեղիկ երկթեվանիներ (Nematocera), միջատների ենթակարգ: Հայտնի է 20 հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում: Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են: Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը: Էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուս, հյութերով: Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում: Մ-ի ակտիվությունը