Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է թթենու տերևներով: Թրթուրային փուլը տևում է 22-30 օր: Հասուն թրթուրները չեն սնվում, արտադրում են մետաքսահյութ, 3 օրվա ընթացքում իրենց շուրջը գլխի ճոճանակաձև շարժումներով հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000-15000 մ երկար․ չընդհատվող մետաքսաթելից: Արտադրած հյութը բաղկացած է իսկական մետաքսից (ֆիբրոին) և սոսնձից (սերիցին): Բոժոժահյուսքի ավարտից հետո՝ 4-րդ օրը, թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս՝ 10-րդ օրը՝ թիթեռի: Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում: Բեղմնավորված էգերը 2-3 օրվա ընթացքում ձվադրում են և 10-12 օր հետո սատկում:

ՇԵՐՏԱԳԼՈՒԽ ԵԳԵԳՆԱԹՌՉՆԱԿ (Acrocephalus schoenobaenus), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 11-15 գ: Փետրածածկը խայտավոր է, պոչը՝ կարճ: Հասունի հոնքը աղոտ սպիտակ է, գագաթի կողմնային շերտերը և ակնաշերտը՝ սև: Վերևից մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն: Երիտասարդի կրծքի վրա կա մանր պտերից կազմված լայնակի շերտ: Երգում է՝ թփի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում: Բնակվում է ճահճուտներում, բոշխային մարգագետիններում: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակից: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի վերջ-հունիսին, որին զուգահեռ հայտնվում են ձվադրմանը պատրաստ կամ 1-3 ձվերի առկայությամբ բներ: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 8 սմ)՝ խոտաբույսերից՝ հյուսված թփուտներին կամ բարձր խոտաբույսերին: Դնում է 18 մմ տրամագծով, ձիթապտղագույն-դարչնագույն՝ մուգ կանաչ պտերով 5-6 ձու: Բնում կերակրվող ձագերը գրանցված են հունիսի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսին, թռիչքին ոչ հմուտ տիրապետողները (ծնողների հետ)՝ մինչև հուլիսի վերջը: Երիտասարդ թռչունների թիվը կտրուկ աճում է օգոստոս-սեպտեմբերին: Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 1-ին կեսերը: Կենսակերպի այլ առանձնահատկություններին վերաբերող տվյալները բացակայում են:

ՇԻԿԱԿԱՐՄԻՐ ԻՐԻԿՆԱՉՂՋԻԿ (Nyctalus noctula),շեկ իրիկնաչղջիկ, չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հաստաբուն, լայնատերև ծառերով առատ վայրերում: Ամռանը թաքնվում է, իսկ ձմռանը քուն է մտնում փչակներում: Խոշոր չղջիկ է: Մարմնի երկար. 64-81 մմ է, պոչինը՝ 46-54 մմ, նախաբազկինը՝ 51-57 մմ: Կարճ ու հարթ մազերը մեջքի մասում մուգ շիկակարմիր են, դեպի փորը աստիճանաբար դառնում են բաց գույնի: Սնվում է տարբեր միջատներով (թրթուրներ, բզեզներ, ուղղաթևներ, երկթևանիներ և այլն): Որսի է դուրս գալիս մթնշաղին: Ծնում է 1 ձագ: Հղիության և ձագերին կերակրելու ընթացքում էգերն առանձնանում են արուներից, կազմում ինքնուրույն խմբեր (երբեք չեն առաջացնում մեծ կուտակումներ):

ՇԻԿԱԿԱՐՄԻՐ ՏԱՌԵՂ (Ardea purpurea), տառեղների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 78-90 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ: Գլուխը, վիզը, մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն են, գլուխը, վիզը՝ շերտավոր նախշերով: Մուգ գագաթից տարածվում են մուգ գույնի փետրածփքեր, որոնք գլխի վրա բացակայում են, իսկ վզի ստորին մասինը ծածկում են կուրծքը: Երիտասարդի մեջքի փետուրները բաց գույնի երիզով են, վզի կողքերը և հետին մասը բաց դարչնագույն են: Առավել գործուն է արշալույսին և մթնշաղին: Թռիչքի ընթացքում (նեղլիկ գլուխը դեպի մեջքը Ս-աձև ծալած պարանոցով) օձի է նմանվում: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճափերին, ծանծաղ ճահճուտներում: Սնվում է ձկներով, մանր ողնաշարավորներով, ջրային միջատներով: Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից: Բույնը գաղութային է՝ հարթակ՝ եղեգից: Բնադրում է խիտ եղեգնուտում. զբաղեցնում է բնադրագաղութի խորքային մասերը, վտանգի դեպքում խույս է տալիս առաջինը: Բնադրագաղութը կարող է կազմել թռչունների այլ տեսակների հետ կամ սեփական տեսակի 6-12 զույգից: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի