Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատվածները միաձուլվելով առաջացնում են տձև բաց բծեր: 4-րդ շարքի խալերը էգերի մոտ բաց երկնագույն են, արուների մոտ՝ դեղնականաչավուն: Վերևի եզրային շարքի խալերը մանր են և սպիտակավուն, երբեմն ձուլվելով միմյանց՝ առաջացնում են կտրտված երկայնակի զոլեր: Արուների փորիկը դեղնավուն է, էգերինը՝ սպիտակ: Ազդրերի վերին մակերեսին կան բաց գույնի ակնաձև բծեր: Պոչի ստորին մակերեսը դեղին կամ սպիտակաշագանակագույն է: Երիտասարդ առանձնյակների գունավորումն ավելի վառ է, հաճախ, բացի դեղնավուն խալերից, բնորոշվում է նաև ողնաշարի ուղղությամբ ձգվող զույգ դեղնավուն զոլերով, պոչի վերին մակերեսը կապտամոխրագույն է: Սնվում է մանր հոդվածոտանիներով: Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը: Թաքնվում է փորող կենդանիների կամ սեփական բներում, քարերի տակ: Զուգավորումը՝ ապրիլ-հունիսին: Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը: Դնում է 13-15x9 մմ տրամագծով 3-7 ձու: Ձագերը ծնվում են հուլիսի կեսից օգոստոսի կեսը: Սեռահասուն են դառնում 1 տարեկանում:

Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը:

Պահպանության նպատակով, նաև որպես գեղազարդիչ կենդանի՝ խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով:

ՈԶՆԻՆԵՐ (Erinaceidae), կաթնասունների դասի միջատակերների ընտանիք: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ լայնականջ ոզնի և սպիտակափոր ոզնի:

Մարմնի վերին մասը պատված է փշերով: Վերջավորությունները հնգամատ են: Մկանների կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդի:

ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ, գանգավորներ (Vertebrata կամ Craniata), քորդավորների ենթատիպ: Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբ: Տեսակների քանակով զիջում են անողնաշարավորներին, բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին: Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին հարմարվելու շնորհիվ Ո. տարածված են ամենուրեք: Ո. ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից: Էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, աստիճանաբար փոխարինվել է շարժ․ ողներից միակցված աճառային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը): Կատարելագործվել են շնչառության, մարսողության, արյան շրջանառության, արտաթորության և այլ շարժընթացները: Ո-ի մարսող. համակարգի տարբեր բաժիններում ֆերմենտների ներգործությամբ մշակվում է սնունդը: Հզոր, մկանուտ սիրտը կազմված է մի քանի բաժիններից: Արյան շրջանառությունը փակ է: Ջրային Ո-ի շնչառ. օրգանները խռիկներն են, ցամաքայիններինը՝ թոքերը: Արտաթորության օրգանները երիկամներն են: Նյարդային համակարգը բաղկացած է գլխուղեղից և ողնուղեղից:

Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները: Բաժանասեռ են (որոշ ձկներ հերմաֆրոդիտ են) և կենդանածին (բացի բոլորաբերաններից և թռչուններից): Ցածրակարգ Ո. բազմանում են ձվադրությամբ: ՀՀ-ում հանդիպում է Ո-ի մոտ 460 տեսակ, ձկներ՝ 39, երկկենցաղներ 6, սողուններ՝ 48, թռչուններ՝ 303, կաթնասուններ՝ 86: Ո. մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն: Ո. են շատ ընտանի և որսարդյունագործ. կենդանիներ: Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում տնտեսությանը, որոշ Ո. վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են: Կան և թունավոր տեսակներ: Հազվադեպ և անհետացման եզրին գտնվող Ո-ի որոշ տեսակներ (կաթնասուններ՝ 18, թռչուններ՝ 67, սողուններ՝ 11, ձկներ՝ 2, երկկենցաղներ՝1) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՈՋԻԼՆԵՐ (Anoplura կամ Siphuniulata), արյունածուծ միջատների կարգ: ՀՀ-ում հայտնի են մարդու ոջիլի (Pediculus humanus) 2 կայուն ձևեր՝ գլխի (P. capitis) և հագուստի (P. vestimenti), ինչպես նաև ցայլքի (P. pubis) Ո., որոնք սնվում են միայն արյունով, տարածում են վարակիչ հիվանդություններ: Հանդիպում են նաև կաթնասունների՝ տավարի (Haematopinus eurysternus), ձիերի (H. asini), խոզի (H. suis), ոչխարի (Linugnathinus ovillus), ճագարի (H. ventricosus) Ո.:

Մարդու և կաթնասունների կայուն մակաբույծներ են և մի շարք վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ:

Մարմնի երկար. 1,5-4 մմ է։ Թևեր չունեն: Գլուխը սահմանազատված է կրծքից. վերջինիս հատվածները միաձույլ են: Մեծամասնությունն աչքեր չունի: Բերանային օրգանները ծակող-ծծող են: Արուները փոքր են էգերից: Արյուն ծծելիս թուքն անցնում է տիրոջ մարմնի մեջ և քոր առաջացնում: Ձվերը (անիծները) էգի սեռ. հավելյալ գեղձերի արտազատուկով կպչում են տիրոջ մազերին (կամ հագուստին):

Ո. ապրում են 1-2 ամիս՝ օրական արտազատելով 1-2 ձու: 18 օր անց ձվից դուրս է գալիս թրթուրը, որը, 2 շաբաթվա ընթացքում կատարելով 3 մաշկափոխություն, վերածվում է սեռահասուն միջատի:

Ախտահարված կենդանիները նիհարում են, նկատվում են մազաթափություն, բրդաթափություն, քոր, մաշկաբորբ և այլն:

Պայքարի միջոցները, անձնական հիգիենայի պահպանում, հատուկ օճառների, շամպունների օգտագործում: Ախտահարված հատվածներին խորհուրդ է տրվում քսել սնդիկային 10%-անոց քսուք: Վարակված կենդանիների մշակում՝ մակցիդալի, նեոցիդոլի, քլորոֆոսի ջրային լուծույթներով:

ՈՍԿԵԲԶԵԶՆԵՐ (Buprestidae), բզեզների ընտանիք: Հայտնի է 12 հզ., ՀՀ-ում՝ 200 տեսակ: Հանդիպում են Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում: Առավել տարածված են սեվ, դեղձենու, բարդու, փոփոխական ևայլ Ո., որոնք վնասում են ծառերը: Հազվադեպ են Պալլասի, Սողոմոնի, գեղեցիկ Ո.: Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Մարմնի երկար. 3-100 մմ է: Ծածկույթներն ամուր են՝ վառ մետաղ․ փայլով (այստեղից՝ անվանումը): Ունեն կարճ, սղոցաձև բեղիկներ, ամուր հոդավորված առաջնա- և միջնակուրծք։