Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թրթուրներից հողում ձևավորվում են բոժոժներ: Սեպտեմբերի սկզբներին հասուն էգերն ու արուները նորից դուրս են գալիս հողի մակերես, և սկսվում է հաջորդ սերնդի զարգացումը: Արուի կյանքի կարճ տևողության ընթացքում էգերի բեղմնավորման բարձր արդյունավետությանը նպաստում է (օնտոգենեզի ընթացքում ամորձիների հետաճմանը զուգահեռ) նոր, ավելի պարզունակ, հասուն սերմերի փնջերով լցված սերմնապարկի ձևավորումը:

Ներկանյութ ստանալու նպատակով Ո.կ. հավաքում են հողի մակերես դուրս գալիս՝ սեպտեմբերին-հոկտեմբերի սկզբներին՝ ժամը 3-10-ի ընթացքում: 1 հա մակերեսից կարելի է հավաքել 25-30 կգ միջատ: Աղուտային հողերի ինտենսիվ իրացման հետևանքով Ո.կ-ի տարածման շրջանակները կրճատվել են: Պահպանության համար ՀՀ Արմավիրի մարզում ստեղծվել են արգելավայրեր:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ո. կ-ից ստացփսմ է կարմիր ներկ, որի հիմն․ բաղադրիչը կարմինն է: Ըստ հուն․ և հռոմ. աղբյուրների՝ Հայաստանից արտահանվող Ո. կ.՝ «արքայական ծիրանին», մեծ համարում է ունեցել, նրանով ներկել են արքայական և իշխան․ հանդերձները: Օգտագործվել է նաև մանրանկարչության մեջ և որպես արքայական ու կաթողիկոս. կնիքի ներկ: Ո.կ-ից ստացված պատրաստուկները կիրառվել են բժշկության մեջ: XIII դ-ից հայկ. Ո.կ-ի արդյունահանումը զգալիորեն նվազել է, իսկ ստացման եղանակներն աստիճանաբար մոռացվել են: XIX դ. սկզբին Արարատյան Ո.կ-ից ներկանյութ ստանալու խնդրով զբաղվել է Սահակ Ծաղկարարը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստ-ում մշակվել են Ո.կ-ի հավաքման և արհեստ․ պայմաններում բազմացման եղանակներ, որոնց շնորհիվ միջատի ելքի կենսազանգվածը բնական պայմանների համեմատ կարելի է մեծացնել 5-6 անգամ: ԵՊՀ քիմ. ֆակ-ում մշակվել է (1980) Ո.կ-ից ներկանյութի կորզման նոր մեթոդ, որն ապահովում է քիմիապես մաքուր ներկանյութի ստացումը:

ՈՐԴԱՆՄԱՆ ԿՈՒՅՐ ՕՁ (Typhlopidae vermicularis), կույր օձերի ընտանիքի օձ: ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում: Վարում է բացառապես փորող կենսակերպ, հանդիպում է քարերի տակ և հողի փխրուն շերտերում, հիմնականում գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է:

Արտաքինից նման է անձրևաորդի: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (5-41 սմ): Մարմինը բարակ է, բարեկազմ, գլուխը կլորավուն է, տափակած, գրեթե չի տարանջատվում մարմնից: Պոչը կարճ է՝ սուր, պինդ ծայրով: Նեղ բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ եզրային (միջքթային) վահանիկից հետ: Աչքերի մնացորդները գտնվում են վահանիկների տակ և ունեն սև կետերի տեսք: Գլխի առջևի մասը ծածկված է խոշոր վահանիկներով, որոնք հարմարված են հողը փորելուն: Մի քանի ատամներ կան միայն վերին ծնոտի հետևի մասում, թունամուղ ատամներ չունի: Մեջքային և որովայնային թեփուկները, ի տարբերություն այլ օձերի, միանման են, հարթ ու փայլուն, ձևավորում են գրեթե միատարր ծածկույթ: Մեջքը վարդագույնից շագանակագույն է՝ երկայնակի մուգ զոլերով, որովայնային մակերեսն ավելի բաց գույնի է: Մարմինը կիսաթափանցիկ է:

Սնվում է հիմնականում մրջյուններով, նրանց ձվերով, թրթուրներով ու հարսնյակներով: Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում: Զուգավորումը տեղի է ունենում գարնան 2-րդ կեսին: Ամռան 2-րդ կեսին դնում է 2-10 երկարավուն ձվեր (24-26 x 6-7 մմ):

Հազվադեպ խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով:

ՈՐԴԱՆՆԵՐ, կոկցիդների ենթակարգի հավասարաթև կնճիթավոր միջատների ընդհանուր անվանումը: Ընդգրկում է օրտեզիաների, հսկա, ալրավոր, զույգգեղձանի Ո-ի և թաղիքավորների ընտանիքները:

ՀՀ-ում հայտնի է 150 տեսակ: Մեծամասնությունը պտղատու, գեղազարդիչ ծառերի, թփերի, տեխ. բույսերի վնասատուներ են: Առավել տարածված են Կոմստոկի, խոզանավոր, խաղողի ալրավոր և այլ տեսակներ: Կան նաև օգտակարներ, որոնցից ստացվում են արժեքավոր նյութեր՝ շելլակ, կարմիր ներկ (տես Որդան կարմիր):

Արուների մարմնի երկար. 0,Տ-7 մմ է, բաժանված է գլխի, կրծքի և փորիկի: Էգերի մարմինը (երկար.՝ 0,5-12 մմ) օվալաձև է, գլուխը՝ կրծքի հետ ձուլված, թևեր չունեն, ոտքերը մարմնից կարճ են կամ բացակայում են: Հիմնականում բազմանում են ձվադրմամբ, որոշ տեսակներ՝ կենդանածնությամբ, արուներ չլինելու դեպքում՝ կուսածնությամբ: Թրթուրը 2-3 անգամ կերպարանափոխվում է:

ՈՐԴԵՐ (Vermes), որոշ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումը: Ընդգրկում է մոտ 46 հզ. տեսակ:

Մարմինը երկարավուն է՝ պատված մաշկային ծածկույթով ու մկաններով (մաշկամկանային պարկ): Վերջավորություններից զուրկ են, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Անողնաշարավորների էվոլյուցիոն շարքում զբաղեցնում են ձևաբան․ լայն ընդգրկույթ: Տարբերում են ստորին և բարձրակարգ Ո.: Ստորին Ո. ունեն շատ պարզ կառուցվածք և նման են աղեխորշավորներին: Բարձրակարգ Ո. ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ), արյունատար համակարգ: Բոլոր Ո. միավորվում են Scolecida ենթատիպի մեջ, որն ընդգրկում է մի քանի ինքնուրույն տիպեր: Ամենաշատ տարածում ունեն տափակ որդերը, նեմերտինները, կլոր որդերը, փշագլուխները և օղակավար որդերը: Հանդիպում են մակաբույծ, ազատ