ՊՏՂԱՃԱՆՃԵՐ, դրոզոֆիլներ (Drosophilidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք: ՀՀ-ում լայնորեն տարածված են սևափոր պտղաճանճը (Drosophila melanogaster) և փտաճանճը (D. funebris): Մանր ճանճեր են՝ տարածված ամենուրեք: Թրթուրները որդանման են, զարգանում են նեխած մրգերում, բանջարեղենում, թթվաջրում, գարեջրի քաղցրահյութում, քացախի և գինու վատ լվացված ամաններում, կաթի շշի պարունակության մնացորդներում (հաճախ հարսնյակները կպչում են անոթների պատերին): Ձմռանը բնակելի շենքերում կամ սննդի ձեռնարկություններում նկատվում է Պ-ի զանգվածային թռիչք: Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ: Թրթուրների զարգացումը տևում է մի քանի օր: Հասուն ճանճի մարմնի երկար. 2-3 մմ է։ Գլխի բեղիկների խոզանը փետրաձև է, ճակատին խոզաններ չկան: Ունեն կարմիր աչքեր: Կուրծքը դեղին է կամ գորշ դեղին, փորիկը՝ գորշ դեղին: Հարսնյակները բնորոշվում են առաջային հատվածի մանր խոզանների փնջերով: Թրթուրները որդանման են՝ թույլ արտահայտված գլխով և փոքրիկ վերին կարթերով: Որոշ տեսակներ (հատկապես սևափոր պտղաճանճը) գենետիկ․ հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են. հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ: Պ-ի վրա հատկանիշների ժառանգման ոաումնասիրությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձարար, հիմքը:
ՋՐԱԼՎԵՐ (Daphnia), դաֆնիաներ, ճյուղաբեղ խեցգետնակերպների սեռ: ՀՀ բոլոր գոտիների քաղցրահամ ջրերում հանդիպում է 10 տեսակ. առավել տարածված են լվաձև կամ սովորական, քառանկյունի, երկարախոզանավոր Ջ.: Մարմինը ձվաձև է (երկար.՝ 1-6 մմ)՝ թափանցիկ խեցիով: Բեղիկները երկճյուղ են՝ փետրաձև շոշափուկներով: Կրծքի 5 զույգ կարճ վերջույթների փետրաձև սանրիկները նպաստում են կերը բռնելուն: Բաժանասեռ են: Ամռանը էգերը կուսածնությամբ տալիս են մի քանի իգական սերունդ, աշնանը հայտնվում են գաճաճ արուները: Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, նախակենդանիներով: Ջ. կեր են ձկների համար: Արհեստականորեն բազմացվում և օգտագործվում են ձկնաբուծ. տնտեսություններում:
ՋՐԱԾԻԾԱՌՆԵՐ (Chlidoniidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 43, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կասպիական ծովածիծառ, գետային ջրածիծառ, որորակտուց ջրածիծառ, սև ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ, սպիտակաթև ջրածիծառ, փոքր ջրածիծառ (վերջինիս կենսակերպն ուսումնասիրված է մասնակի): Որորների ցեղակիցներն են, սակայն չափերով ավելի փոքր են: Մարմինը հորիզոնական ձգված է, կտուցը սուր է, պոչը՝ մկրատաձև կտրվածքով, թևերը՝ նեղ, սրածայր: Կենդանի զանգվածը՝ 50-700 գ։ Հիմնականում բազմանում են գաղութներով: Սնվում են ջրային անողնաշարավորներով, ձկներով:
ՋՐԱՀՈՎՎԻԿ (Rallus aquaticus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Միջին չափի թռչուն է: Մարմնի երկար. 23-28 սմ է, թևերի բացվածքը՝ 38-45 սմ, կենդանի զանգվածը՝ 105- 170 գ։ Կտուցը կարմրավուն է, երկար՝ թեթևակի ցած կեռված: Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մուգ մոխրակապտագույն, կողքերը՝ սև ու սպիտակ զոլերով: Երիտասարդի դիմային մասը դարչնագույն է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ ավելի մուգ դարչնագույն զոլերով, կտուցն ավելի խամրած է: Բնակվում է խիտ եղեգնուտներում, գետափերին, ճահճուտներում: Սնվում է անողնաշարավորներով, բույսերով: Թաքնված է, նկատվում է հազվադեպ: Թռչում է ծուլորեն: Լավ լողում և սուզվում է: Ձայնը նման է խոզի ճղճղոցի և խռխռոցի: Վտանգի դեպքում դիմում է թռիչքի: Ջ-ները բնադրում են առանձին զույգերով՝ ճահիճների անմատչելի հատվածներում: Բույնը նման է հարթակի. պատրաստում է եղեգից: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսին: Դևում է 36 մմ տրամագծով, սպիտակավուն՝ կարմրադարչնագույն պտերով 6-11 ձու: Հունիսին ծնողների հսկողությամբ հանդիպում են բնից դուրս եկած ձագեր: Համարվում է որսի թռչուն:
ՋՐԱՀՈՎՎԻԿՆԵՐ (Rallidae), կռունկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 138, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գաճաճ ճահճահովվիկ, եղեգնահավ, եվրոպական ճահճահովվիկ, մեծ ճահճահովվիկ, մարգահավ, ջրահովվիկ, սև փարփար, սուլթանական հավ։ Մարմինը (երկար.՝ 13-63 սմ) կողքերից սեղմված է: Ոտքերը միջին երկարության են, մատները՝ երկար: Ճահճային, հազվադեպ՝ ջրային թռչուններ են՝ խիտ մացառուտներում ապրելուն հարմարված: Որոշ տեսակներ լողում և սուզվում են, որոշները՝ արագ վազում: Վատ են թռչում: Մեծ մասն ակտիվ է մթնշաղին և գիշերը: Դնում են 2-16 ձու:
ՋՐԱՃՆՃՂՈՒԿՆԵՐ (Cinclidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 4 (5), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ջրաճնճղուկը (Cinciuscinclus). նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-30 սմ, կենդանի զանգվածը՝ 50-70 գ։ Մարմինը գեր է, թևերն ու պոչը՝ կարճ: Մարմինը վերևից սևավուն է, գագաթը, ծոծրակը, փորը՝ դարչնագույն, կոկորդը, կուրծքը՝ սպիտակ: Երիտասարդի մարմինը վերևից մոխրագույն է՝ փետուրների ավելի մուգ երիզներով, ներքևից՝