մերձալպյան մարգագետնային, անտառային, տափաստանային և այլն) և դրանց կենսաբազմազանության վրա:
Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին: Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա: Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը (հերպետոֆաունան): Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում: Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը:
Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը: Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները: Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը:
Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը:
Հայաստանում անտառները պետական սեփականություն են, և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն ու նոր անտառային տարածքների ստեղծումը: Օրենքով անտառհատում թույլատրվում է միայն անտառվերականգնման, սանիտարական և խնամքի նպատակներով:
Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը: Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտա- և ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ: Սկսվում է անտառային հողերի կենսահամակեցությունների մարդահարույց հաջորդափոխություն (սուկցեսիա) և անտառների վերջնական դեգրադացիան՝ բնական անտառ→երկրորդային անտառ→դիֆուզ ցրված գաճաճ ծառատեսակներ→թփուտներ→անապատացում սխեմայով:
Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը:
1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում: Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել: Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները:
1987-ին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները մթնոլորտ են արտանետել առնվազն 245 հզ. տ շուրջ 50 տեսակի վնասակար նյութեր,