Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայմաններ ունեցող վայրերում գործող, բուժման կարիք չունեցող, գործնականում առողջ մարդկանց հանգստի հիմնարկներ: Հ.տ. լինում են կիրակնօրյա (1 և 2-օրյա), ընտանեկան, երիտասարդ., ուսանող․ և այլն, ըստ ժամկետի՝ ամբողջ տարին գործող կամ սեզոնային: Հ.տ-ում գործում են բուժկետեր, իսկ խոշորներում՝ նաև մերսման, ֆիզիոթերապիայի, ատամնաբուժ. և այլ առանձնասենյակներ: Հ.տ-ի ռեժիմը հանգստացողների համար ապահովում է օրվա որոշակի ռիթմ, նախատեսում է նրանց առավել երկար մնալը մաքուր օդում (զբոսանքներ, մարմնամարզություն, սպորտ, մակույկով զբոսանք և այլն, ձմռանը՝ դահուկներով ու չմուշկներով սահք և այլն): Սնունդը նախատեսված է հատուկ սննդակարգի կարիք չունեցող, առողջ մարդկանց համար: ՀՀ-ում Հ.տ. են գործում Արզականում («Ոսկե գետակ», «Հանգստի աշխարհ»), Դիլիջանում («Հաղարծին», «Կոմպոզիտորների տուն», «Լեռնային Հայաստան», «Մուշ», «Կինոգործիչների տուն», «Լոռի»), Սևանի ավազանում («Հարսնաքար», «Նաիրի», «Ծովարծիվ», «Արևշատ», «Նկարիչների տուն», «Գրողների տուն» «Դրախտ», «Սևան-2» և «Մարտունի»):

ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ադապտացիա (< լատ. adapto - հարմարվել), շրջակա միջավայրի պայմաններին օրգանիզմների (պոպուլացիաների ու տեսակների) և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու շարժընթաց: Հ. շրջակա միջավայրի պայմաններին կենդ․ և բուս․ օրգանիզմների համար կենսբ. էվոլյուցիայի հիմքն է:

Կենսաբանության մեջ Հ. առաջանում և զարգանում է ժառանգականության, փոփոխականության և ընտրության (բնական կամ արհեստ.) ազդեցությամբ:

Գոյություն ունեն Հ-յան բազմաթիվ ձևեր՝ վիրուսների բազմացումն արգելակող ինտերֆերոնի սինթեզը բջիջներում, տարբեր միկրոօրգանիզմների բազմացման մեծ արագությունը, քուն մտնելու, լողալու, սողալու, թռչելու, վազելու կամ արմատներով ամրանալու ունակությունը, մարմնի ջերմաստիճանի հաստատունության պահպանումը կամ փոփոխությունը:

Հ. է համարվում նաև օրգանիզմի ոչ ժառանգ․ հարմարվող․ հակազդեցությունը գոյության պայմանների փոփոխության հանդեպ: Առավել ցայտուն է արտահայտված կենդանիների ու բույսերի ձևաբան․ ու ֆիզիոլոգ. կառուցվածքի և հարմարվող․ հակազդեցությունների դինամիկ համապատասխանությունը տվյալ միջավայրի պայմաններին: Օրինակ՝ առանձին կենդանիների բերանային ապարատը հարմարված է սննդի որոշակի տեսակին, որոշ միջատներինը՝ ծաղկահյութը և արյունը ծծելուն և այլն: Ֆիզիոլոգ. Հ-յան շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ ցրտի, ջերմության, թթվածնի անբավարարության, ճնշման և այլ գործոնների հանդեպ:

ՀԵՐԲԱՐԻՈՒՄ (լատ.՝ herbarium, <herba-խոտաբույս), 1. գիտ. նպատակով հատուկ հավաքած ու չորացրած բույսերի հավաքածու: Հ. հնարավորություն է տալիս ծանոթանալ բուսաշխարհին, նրա տեսակային կազմին և փոփոխություններին, հիմք է ծառայում կարգաբան․ ու ձևաբան․ դասակարգման ուսումնասիրությունների համար: Բուսաբան․ ընդհանուր հավաքածուներից բացի, կազմվում են նաև դեղաբույսերի, հացաբույսերի, տեխ., ուտելի և այլ օգտակար բույսերի կամ առանձին տեղանքների՝ դաշտային, անտառային և այլ բույսերի Հ-ներ:

Հ. կազմելիս խոտաբույսերից վերցնում են բույսը՝ արմատային համակարգի հետ, իսկ ծառատեսակներից՝ ճյուղը, կեղևը և բնափայտի կտրվածքը: Հավաքված բույսերը տեղավորում են թղթապանակներում, առանձին թղթերի միջև, կապում և չորացնում (ցանկալի է բացօթյա): Յուրաքանչյուր բույսի համար պատրաստվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական համարը, անվանումը, գտնված վայրը, հավաքման ամսաթիվը, հավաքողի անունը, ազգանունը: Չորացրած բույսերն ամրացվում են հաստ թղթերի վրա, համարակալվում և պիտակի հետ պահվում:

Հայաստանի բուսաշխարհի առաջին Հ. կազմել է (1700-ին) ֆրանսիացի բուսաբան Տուրնըֆորը, սակայն այդ հավաքածուն երկրից տարվել է: Արժեքավոր է Բուսաբանության ինստիտուտի Ա. Շելկովնիկովի կազմած Հ. (շուրջ 200 հզ. թերթ, 130 հզ. բույս): Հ-ներ են ստեղծվել նաև ԵՊՀ-ում, ՀՊԱՀ-ում և այլուր:

2. Հիմնարկություն, որտեղ պահվում են գիտ. նպատակով հավաքած ու չորացրած բույսերը: Հ-ում թերթերը այբբենականությամբ դասավորվում են՝ ըստ բույսերի տեսակի, ցեղի, ընտանիքի և այլն:

ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՀ ԳԱԱ, կազմակերպվել է 1991-ին՝ Սևանի ջրակենսբ. կայանի (1936) հիման վրա (1923-36-ին՝ Սևանի ձկնաբուծ. կայան): Հիմն․ խնդիրներն են Սևանա լճի ջրաէկոլոգ. հետազոտությունները՝ ջրաֆիզ., ջրաքիմ., ջրակենսբ.՝ ներառյալ միկրոօրգանիզմների, ջրային բույսերի, նախակենդանիների, անողնաշարավորների, ձկների զարգացման օրինաչափությունների