Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնասիրությունները, լճի բնական պաշարների պահպանումը և օգտագործումը, լճի վրա ջրհավաք ավազանի ազդեցության գնահատումը և լճային համակարգի մեջ բաղադրիչների մաթ. մոդելավորումը:

Ունի ջրակենսաբանության, ձկնաբանության և ջրաէկոլոգիայի բաժիններ:

Ինստ-ում մշակվել և հիմնավորվել են Սևանա լճի էվտրոֆացումը (ջրային ավազանում օրգ. նյութի ավելացումը և ջրի «ծաղկումը») կանխող միջոցառումներ: ՀՀ բարձրադիր ջրամբարներում (Արփի լճի, Ապարանի, Մանթաշի) գիտականորեն հիմնավորվել է ձկների կլիմայավարժեցման հարցը:

Ստեղծվել է Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի 1900-2005-ի ժամանակահատվածի ջրաբան., ջրաֆիզ., ջրաքիմ., ջրակենսբ. տվյալների բանկ: Աշխատանքներ են կատարվում ՀՀ խոշոր ջրային էկոհամակարգերի համանման բանկերի ստեղծման ուղղությամբ:

ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Գ.Ս. Դավթյանի անվան, ՀՀ ԳԱԱ (մինչև 1995-ը՝ Ագրոքիմ. հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստ.): Կազմակերպվել է 1966-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիայի (1947) հիման վրա։

Ունի արդ. հիդրոպոնիկայի բաժին, բույսերի սննդառության և արդյունավետության, ֆիտոտրոնային հիդրոպոնիկայի, հյուսվածքային կուլտուրայի, ճառագայթային ագրոքիմիայի լաբորատորիաներ: Ներառում է Երևանի հիդրոպոնիկ, փորձարար, և Դիլիջանի անտառային հիդրոպոնիկ, կայանները, Վաղարշապատի ԳԱ հիդրոպոնիկ, հենակետը:

Հ.հ.ի-ում հետազոտվում են անհող մշակման պայմաններում թանկարժեք, անհետացող և հազվագյուտ բույսերի արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգ., կենսաքիմ. և ագրոքիմ. հիմունքները: Մշակվել են շուրջ 50 բարձրարժեք դեղատու, եթերայուղատու, ներկատու և համեմունքային բույսերի արդ. եղանակով արտադրության կենսատեխնոլոգիաները, աշխարհում առաջին անգամ բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում (աղուտների, քարքարոտ հողերի, ավազուտների վրա) վարդաբույր խորդենու անհող արտադրության նոր տեխնոլոգիա և ավանդ, երկրագործության համար ոչ պիտանի տարածքների արդյունավետ յուրացման նոր համակարգ՝ «ջրաշիթային հիդրոպոնիկա»՝ 4 (համատարած, գլանային, ակոսային և բազմամյա տնկարկային) տարատեսակներով:

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, Հայպետհիդրոմետ, կազմակերպվել է 2002-ին՝ ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության (1992) և Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառ. կենտրոնի (1992) միավորմամբ: ՀՀ-ում ջրաօդերևութաբան. աշխատանքներն իրականացվում են 1930-ից: Հիմն. խնդիրներն են վտանգավոր հիդրոօդերևութաբան. երևույթներից բնակչության ու տնտեսության պաշտպանությունը, մթնոլորտում և ջրոլորտում կատարվող երևույթներին ու շարժընթացներին հասարակությանը, կառավարման մարմիններին, իրավաբան. և ֆիզ. անձանց տեղեկատվության ապահովումը, Համաշխարհային օդերևութաբան. կազմակերպության համաձայնագրից (ՀՀ անդամակցում է 1992-ից) բխող պարտավորությունների կատարումը (տես Համաձայնագրեր): Ծառայությունն իրականացնում է մթնոլորտի, ջրային օբյեկտների, գյուղատնտ. մշակաբույսերի կանոնավոր դիտարկումներ, համապատասխան կազմակերպությունների հետ՝ ջրերի քանակ, ցուցանիշների պետ. հաշվարկ, կազմում է ջրաբան, տվյալների ամփոփագիր, հրատարակում կլիմ., ագրոօդերևութաբան., ջրաբան., գիտակիրառ. տեղեկագրքեր ու տարեգրքեր, կազմակերպում բնական միջավայրի ուսումնասիրման, գնահատման և կանխատեսման աշխատանքներ:

Ծառայության համակարգում գործում են ջրաօդերևութաբան. ռեժիմի ուսումնասիրման, օպերատիվ ջրաօդերևութաբանության, ջրաօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառ. կենտրոններ, 42 օդերևութաբան. կայաններ, այդ թվում՝ Սևանի ջրաօդերևութաբան. դիտարանը, 7 ջրաբան. (92 ջրաչափ. դիտակետերով) ու 3 մասնագիտացված՝ օդաբան., ագրոօդերևութաբան. և Ապարանի ջրամբարի ջրաօդերևութաբան. կայանները:

ՀՈՂՄԱՀԱՐՈՒՄ, ապարների քայքայման ու փոփոխման շարժընթաց՝ մեխ., քիմ. և օրգ. գործոնների ազդեցությամբ: Ըստ ներգործության բնույթի՝ տարբերում են ֆիզիկական Հ. (ջերմաստիճանի փոփոխության հետևանքով ջրի ներգործությունը հանգեցնում է կարծր, ամուր ապարների մեխ. տրոհման), քիմիական Հ. (փոխվում է ապարի քիմ. կազմը, քայքայման շարժընթացի ակտիվությունը կախված է ջրում լուծված ածխաթթու գազի քանակից), օրգանական (կենս.) Հ. ապարների մեխ. ջարդումը կամ քիմ. փոփոխությունն է օրգանիզմների կենսագործունեության հետևանքով: Հ-ման յուրահատուկ տիպ է հողառաջացումը, որի դեպքում մեծ դեր են խաղում կենսբ. գործոնները: Ապարները հողմնահարվում են ջրի (մթնոլորտային տեղումներ, գրունտային ջրեր), ածխաթթվի և թթվածնի, ջրային գոլորշիների, մթնոլորտային օդի, ջերմաստիճանների սեզոնային և օրական տատանումների, մակրո և միկրոօրգանիզմների ազդեցության, դրանց քայքայման արգասիքների կենսագործունեության հետևանքով: Հ-ման արագությունը և աստիճանը կախված են նաև տեղանքի ռելիեֆից, երկրբ. կառուցվածքից, մայր ապարների կազմից: Հ-ման արգասիքները երբեմն տարվում են ջրի կամ քամու օգնությամբ և առաջացնում ռելիեֆի ինքնատիպ ձևեր: Հ-ման հետևանքով առաջանում են տարբեր նստվածքային ապարների և բազմաթիվ օգտակար հանածոների (հրակայուն կավ, ավազ, երկաթ, մանգան, նիկել, կոբալտ, ցրոնային ոսկի) հանքավայրեր:

ՃԱՀԻՃ, ցամաքային էկոհամակարգի տիպ, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուս. մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ: Տորֆաշերտի 30 սմ֊ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է Ճ., պակասի դեպքում՝ ճահճացած հողեր: Ճ-ներն առաջանում են ջրավազանների բուսակալման