Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ ճանապարհով բնությանը պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար մշակվում են բնապահպան. ծրագրեր՝ մարդկային միջամտությունը թույլատրելով միայն այդ ծրագրերի շրջանակներում (տես նաև Բնապահպանության օրենսդրություն, Համաձայնագրեր։

ՄԱՐԴՈԼՈՐՏ, աշխարհագրական թաղանթի բաղադրիչ, որն ընդգրկում է մարդու գործունեությամբ պայմանավորված և դրա համար պիտանի ոլորտը: Մ-ի կազմը, կառուցվածքը և ներքին շարժընթացները պայմանավորված են մարդու աշխատանքային գործունեությամբ: Մարդը ծագել է կենսոլորտում, նա հաս. ու պատմ. գործընթացների արդյունք է. զբաղվելով արտադրող․ գործունեությամբ՝ վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել Մ.: Մ. զարգանում է շրջակա միջավայրի հետ մշտական կապերի և փոխներգործության մեջ: Մարդը տարբերվում է խոսքի, բանականության, գիտակցության, ստեղծագործ. ակտիվության և բարոյական ինքնագիտակցության հատկանիշներով: Նա գոյատևում և ապահովում է հաս. առաջընթացը՝ օգտվելով բնությունից և օգտագործելով նրա պաշարները. հասարակության և բնության միջև առկա է մշտական նյութափոխանակություն՝ մարդը մշտապես բնությունից ինչ-որ բան վերցնում է և ինչ-որ բան տալիս: Նախկինում, երբ բնակչության քանակը մեծ չէր, արտադրությունը և տեխնիկան զարգացած չէին, բնական միջավայրին էական վնաս չէր հասցվում: Այժմ վիճակը բոլորովին այլ է. մարդու ներգործության հետևանքով խախտվել են բնության ինքնազարգացման ընթացքը, էկոլոգիական հավասարակշռությունը, առաջացել են տարածաշրջանային և համամոլորակային նշանակության հիմնախնդիրներ: Դեռևս 1920-ական թթ. ակադ. Վեռնադսկին գրել է, որ մարդու ազդեցությունը հասել է երկրբ. գործոնի մակարդակի:

Ամեն տարի երկրի ընդերքից հանվում է մոտ 120 մլրդ տ հանքանյութ, 15 մլրդ տ վառելանյութ, օգտագործվում է շուրջ 8 հզ. կմ3 ջրային զանգված ևն: ՀՀ-ում բնական քարանձավների ընդհանուր երկարությունը 10 կմ չի հասնում, իսկ 1960-70 թթ. փորված թունելների երկարությունը 100 կմ է: Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրում քանդել, տեղափոխել, կուտակել են 300 մ բարձրությամբ 3 կմ շրջագծով դատարկ ապար: Շատ երկրներում, Հայաստանում նույնպես, անտառային զանգվածները զգալիորեն կրճատվել են: Տեխնիկայի զարգացման շնորհիվ մարդու ներգործությունը բնության վրա օրըստօրե դառնում է անկառավարելի:

Մարդը վերափոխում է բնությունը (հաճախ գիտակցված կամ չգիտակցված)՝ առաջացնելով մարդ-բնություն հակասությունը:

Ներկայումս ամենավտանգավոր և բնության խախտման ամենացայտուն երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտն է, որի ներգործությամբ ակներև է դառնում լանդշաֆտային թաղանթի դեգրադացիայի երևույթը: Մարդը հասարակության գլխ. արտադրաուժն է, ցանկացած սոցիալ-տնտ. գործընթացի նախաձեռնողը, իրականացնողը և կարգավորողը, ինչպես նաև հաս. արդյունքների սպառողը: Բոլոր երևույթներն ուսումնասիրվում են մարդու և նրա շահերի դիրքերից՝ անմիջապես մարդուն ծառայեցնելու նպատակով: Տնտ. կտրուկ աճի, հասարակության ու շրջակա միջավայրի փոխհարաբերությունների բարդացմանը զուգընթաց, XX դ. կեսից սկսած, ուժեղացել է Մ-ի հետազոտությունների սոցիոլոգ․ և էկոլոգ. ուղղվածությունը. ընթանում է մարդ-բնություն հարաբերությունների բարելավման գործընթացը: Ըստ էության՝ 10 հզ. տարի առաջ մարդը սկսել է ստեղծել իր սեփական էկոհամակարգը, և այդ գործընթացը շարունակվում է:

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մթն. օդի աղտոտումը (տես Աղտոտում մթնոլորտի) և այլ վնասակար ներգործությունները կանխելու նպատակով իրականցվող տնտ., տեխ. և կազմակերպ, միջոցառումների համալիր: Մ.օ.պ-յան մասին ՀՀ օրենսդրության [«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994)] խնդիրներն են մթն. օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ֆիզ., քիմ., կենսբ. և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը, այդ բնագավառում հաս. հարաբերությունների կարգավորումը և օրինականության ամրապնդումը:

Մթն. օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթն. օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների, սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզ. վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ:

Արդ. ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթն. օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու համար, ապահովել բնապահպան. կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթն. օդ արտանետվող նյութերի քանակի ու բաղադրության մշտական հաշվառում և չափումներ: Մ.օ.պ-յան միջոցառումները չպետք է հանգեցնեն բնության մյուս ոլորտների աղտոտմանը:

Տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են այդ արտանետումների չափումներ, դրանց կրճատման և կանխման միջոցառումներ:

Կառուցվող և վերակառուցվող ձեռնարկությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգ. շարժընթացների ու սարքավորումների կատարելագործման և նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթն. օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվներ