Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկայումս Սևան ազգ. պարկում (տես Ազգային պարկ հոդվածում) իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման, բնական պաշարների վերականգման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագիր, որն ընդգրկում է նորմատիվ հենքի ու կառավարման համակարգի, ինչպես և լճի ջրհավաք ավազանի բնօգտագործման կատարելագործման միջոցառումներ, որոնց իրականացումը կապահովի լճի մակարդակի բարձրացումը (մինչև 6 մ-ով), լճի մաքրությունը, կենսաբազմազանությունը, բնապահպան. գործունեությունը, ռեկրեացիոն ներուժի արդյունավետ օգտագործումը: Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետ. մակարդակով: Սևանի պահպանությունը և բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համագգ. հիմնախնդիր է: Տես նաև Համաձայնագրեր:

ՍԹՐԵՍ, գերհույզ (անգլ.՝ stress - լարվածություն), 1. օրգանիզմի լարված վիճակ, տարբեր անբարենպաստ կամ ընդհակառակը՝ արտակարգ բարենպաստ գործոնների ազդեցությանն ի պատասխան մարդու, կենդանու (հնարավոր է նաև բույսի), օրգանիզմում առաջացող ֆիզիոլոգ. ռեակցիաների ամբողջություն: Սթրեսային գործոնները կարող են լինել քաղցը, ցուրտը, վտանգավոր իրադրությունները, հիվանդությունները և այլն: Ցանկացած սթրեսային գործոն օրգանիզմում առաջացնում է քիմ. նույնատիպ փոփոխություններ, որոնք նպաստում են այդ գործոնների ազդեցության հաղթահարմանը՝ օրգանիզմի հարմարվողականությանը: «Ս.» հասկացությունը 1936-ին ներմուծել է կանադացի ֆիզիոլոգ Հ. Սելուլյեն: 2. Բնական կամ մարդածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը կրող օրգանիզմների, էկոհամակարգերի, բնական հատուկ համակեցությունների լարված վիճակ, որն արտահայտվում է կենսաքիմ. շրջանառության ընդհատումով ու համակեցության կառուցվածքի վերափոխություններով: Երկարատև սթրեսային վիճակը կարող է քայքայել օրգանիզմների համակեցությունը:

ՍՄՈԳ, ծխածածկույթ (անգլ.՝ smoke - ծուխ), փոշու մասնիկներից և խիտ մառախուղի կաթիլներից կազմված մթնոլորտի վտանգավոր աղտոտում: Ս. արդ. շրջանների և խոշոր քաղաքների վրա կախված ծխից և գազային թափոններից կազմված ծխածածկույթ է: Տարբերում են Ս-ի 2 տեսակ: Ծխամշուշ կամ լոնդոնյան Ս.՝ մառախուղի, գազերի (հատկապես ծծմբային) արտանետումների և ծխի խառնուրդը դիտվում է միայն աշուն-ձմեռ ժամանակաշրջանում (հոկտեմբերից փետրվար), երբ կտրուկ վատանում է մարդկանց ինքնազգացողությունը, աճում է մրսելուց առաջացած հիվանդությունների թիվը: Լուսաքիմիական կամ լոսանջելեսյան Ս.՝ արևոտ օրերին ավտոմոբիլային ինտենսիվ երթևեկությամբ քաղաքներում գոյացող մուգ գորշագույն մշուշաքողը: Առաջանում է արևի լույսի ազդեցությամբ ազոտի երկօքսիդի և ավտոմեքենաներից արտանետված ածխաջրածինների ու օզոնի միջև լուսաքիմ. ռեակցիայի հետևանքով: Հիմնականում առաջանում է անհողմ եղանակին կամ գետնամերձ շերտում օդային զանգվածների թույլ շարժումների ժամանակ: Առաջին անգամ դիտվել է 1980-ական թթ. Լոս Անջելեսում և ներկայումս հաճախակի կրկնվող երևույթ է խոշոր քաղաքներում:

Ս. ավելի հաճախ առաջանում է գոգահովիտներում և թույլ քամհարվող դաշտավայրերում գտնվող քաղաքներում: Սովորաբար Ս-ում աղտոտիչների պարունակությունը հասնում է վտանգավոր քանակների, որն առաջացնում է շնչառ. ու արյան շրջանառության խանգարումներ, լորձաթաղանթների գրգռում և այլն: 1952-ին Լոնդոնում 2 շաբաթ շարունակվող աղետաբեր Ս-ից զոհվել է ավելի քան 4000 մարդ: Ս. հատկապես վտանգավոր է մանկ. տարիքի երեխաների, ծերերի և հիվանդների համար: Ս-ից վնասվում են հատկապես շենքերի ծածկերը և քանդակները: Ս-ի դեմ պայքարի միակ միջոցը մթնոլորտ արտանետվող թափոնների սահմանափակումն է:

ՎԵՐԸՆԹԱՑ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, բարձունքային գոտիականություն, լեռներում բնական երևույթների և շարժընթացների օրինաչափ փոփոխություն՝ պայմանավորված ըստ բարձրության օդի խտության, ճնշման, ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման: Ըստ բարձրության՝ խտանում են մթնոլորտում եղած ջրային գոլորշիները (հիմն. մասը՝ երկրամերձ՝ մինչև 1-2 կմ բարձր. շերտում), ավելանում է ամպամածությունը, և որոշակի բարձրության վրա ձևավորվում է առավելագույն տեղումների գոտի: Արեգակի ճառագայթման լարվածությունը, ըստ բարձրության, մեծանում է, և երկրի մակերևույթից երկարալիք ճառագայթման ու մթնոլորտի հանդիպակաց ճառագայթման հոսքը նվազում