Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպաթ, օլիգոկլազ, քվարց, բիոտիտ, ամֆիբոլ և ուղեկցող՝ ցիրկոն, սֆեն, ֆլյուորիտ, թորիտ միներալներից: Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ բաց վարդագույն: Հանդիպում է խոշորահատիկ ու մանրահատիկ տարբերակներով: Տարածված է ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐ, գետնաջրեր, քարոլորտում առաջին ջրակայուն շերտի վրա ջրատար հորիզոնի ստորերկրյա ջրերը: Սնվում են մթն. տեղումներից, գետերից, լճերից, ջրամբարներից և այլն: Գ. ջ-ին բնորոշ է ճնշման բացակայությունը: Տեղանքի երկրբ. կառուցվածքին համապատասխան՝ երկրակեղևում Գ.ջ. տեղադրված են հոսքերով կամ ավազաններով: ՀՀ-ում տարածված են Արարատյան, Շիրակի, Լոռու, Մասրիկի և այլ միջլեռն. գոգավորություններում: Գ.ջ-ի բարձր մակարդակը Արարատյան և Մասրիկի դաշտերում առաջացրել է հողերի աղակալում ու ճահճացում, որոնք բարելավվում են քիմ. ու ցամաքուրդման միջոցներով: Խոր ջրատար հորիզոնների Գ.ջ. (Շիրակի արտեզյան ավազան) ջրհան կայանների միջոցով դուրս են բերվում երկրի մակերևույթ և օգտագործվում ջրամատակարարման նպատակով: Հայկ. հրաբխ. բարձրավանդակում Գ.ջ-ով հարուստ են միջլեռն. գոգավորությունները և լավային գոյացումները:

ԴԱՅՔ (անգլ. dike կամ dyke - քարե պատ), զուգահեռ մակերևույթներով սահմանափակված ներծին մարմին, որը ներփակող ապարներում տեղադրվում է հիմնականում մեծ թեքությամբ՝ ուղղաձիգ կամ զուգահեռ կրկնվող տեկտոն. ճեղքերում: Բնորոշվում է խիստ բազմազան կազմությամբ՝ գերհիմնայինից մինչև թթու: Դ-Երը բնորոշվում են մեծ և փոքր երկարությամբ, խորությամբ և համեմատաբար փոքր հզորությամբ: Ըստ տեղադրվածության լինում են՝ ճառագայթաձև, միմյանց նկատմամբ զուգահեռ, օղակաձև, կիսաօղակաձև և հիմնականում գծային: ՀՀ բնատարածքը բարդեցված է տարբեր երկարության, հզորության ու տարբեր ապարագր. կազմության տարահասակ Դ-երով: Փոքր Կովկասի, ՀՀ կառուցվածքամետաղագոյացման գոտիներում, հանքային շրջաններում, հանքային դաշտերում, հանքավայրերում Դ-երը երբեմն հանդիսանում են տարատեսակ օգտակար հանածոների (պղինձ-հրաքարային ոսկեբեր, բազմամետաղային ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային, ոսկի-սուլֆիդային և այլն) որոնող. նախադրյալ:

ԴԱՍՏԱԿԵՐՏԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում Բարգուշատի լեռնաշղթայի հս-արմ. լանջին: Հայտնի է 1945-ից, շահագործվել է 1947-77-ին: Միջին ջերմաստիճանի, ջրաջերմային, չափավոր խորությունների հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են ստորին էոցենի հրաբխածին պորֆիրիտներ, տուֆեր, տուֆափշրաքարեր՝ հատված վերին էոցեն-օլիգոցենի գրանոդիորիտային ապարազանգվածներով: Հանքամարմինները հիմնականում Երակիկացանավոր են: Խիստ բեկորատված պորֆիրիտների մեջ ներդրված են պղնձով և մոլիբդենով հարուստ հանքամարմիններ: Հանքավայրում մոլիբդենի հանքանյութի պաշարները գնահատված են մոտ 20 հզ. տ, պղնձինը՝ 200 հզ. տ: Հանքանյութը հիմնականում արդյունահանված է. հանքավայրը փակված է:

ԴԱՑԻՏ (<լատ. Dacia - Դացիա, Ռումինիայի տարածքի մի մասի հռոմ. անվանումից), հրաբխ. թթվային ապար՝ կազմված պլագիոկլագ, քվարց, փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին միներալներից: Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն: Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը: Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ լավային հոսքեր:Տարածված է ՀՀ Արագած, Իշխանասար, Հատիս, Գութանասար, Իրինդ և այլ հրաբխ. զանգվածներում: Դ-ից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես շինանյութ:

ԴԻԱԲԱԶ, հրաբխ. ապար: Քիմ. և միներալային կազմով նման է բազալտին: Կառուցվածքը մանրահատիկ բյուրեղային է, գույնը՝ մուգ մոխրագույնից կանաչավուն սև: Դ-ի զանգվածներն առաջացնում են մինչև 200 մ հզորության դայքեր և այլ մարմիններ:ՀՀ-ում տարածված է Ալավերդու, Շամլուղի, Քաջարանի պղնձի հանքավայրերում: Օգտագործվում է շին-յան և կաղապարային քարաձուլման մեջ:

ԴԻԱՏՈՄԻՏ (<ուշ լատ. diatomeae - դիատոմային ջրիմուռներ), լեռնային ալյուր, ծակոտկեն, թեթև, նստվածքային ապար՝ կազմված դիատոմիտային ջրիմուռների կայծքարային խեցիներից կամ բեկորներից: Առաջանում է ծովերում ու լճերում կուտակվող դիատոմիտային տիղմից: Բաղկացած է սիլիկահողից (62-92%) և կավային միներալներից: Գույնը սպիտակ է, դեղնամոխրագույն, Երբեմն՝ գորշ մոխրագույն: Դ-ի հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի (Նուռնուս գ.), Սյունիքի (Շամբ, Նորավան գ-եր), Արագածոտնի (Փարպի գ.) մարզերում: Օգտագործվում է որպես կլանող ու զտող նյութ, ջերմաձայնամեկուսիչ, հակաբիոտիկների, թղթի, պլաստիկ նյութերի, ներկերի արտադրության և շին-յան մեջ:

«ԴԻԼԻՋԱՆ», ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Աղստևի վտակ Բլդանի հովտում՝ Դիլիջան ք-ի մոտ: 1932-ին հայտնաբերել է ռուս երկրաբան Ա. Պ. Դեմյոխինը: Առաջանում է պալեոգենի պորֆիրիտներում և տուֆափշրաքարերում: Ելքերը գտնվում են նշված ապարների ու դրանց ծածկող գետաբերուկային նստվածքների հպատեղերում: Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով (0,6 լ/վ): Հանքայնացումը 3,6-4,0 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,5 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 69,12 մ3/օր