Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոյացություններից, որոնց մուտքը լիճ կատարվում է գետերի միջոցով, օդից և ջրում ապրող օրգանիզմների մնացորդներից: Լ.ն. բազմատեսակ են. հաճախ այդ նստվածքներում հանդիպում են արժեքավոր հանքեր՝ աղ, երկաթ (երկաթի հիդրօքսիդը, կուտակվելով, առաջացնում է «լճային երկաթ») և այլն: Տարբերում են քաղցրահամ և աղի լճերի նստվածքներ: Քաղցրահամ լճերում նստվածքները կուտակվում են ցայտուն արտահայտված շերտայնությամբ՝ մանրահատիկ և խոշորահատիկ, որից ելնելով՝ կարելի է հաշվել Լ.ն.-ի նստեցման հասակը, տարիքը և արագությունը: Հզոր բուսածածկույթի դեպքում լճերը հաճախ վերածվում են տորֆաճահիճների: Սևանա լճի ֆիզքիմ. և. կենսբ. շարժընթացները, «ջրհավաք ավազան-լիճ» փոխկապակցված բացասական փոփոխությունները, միջին և հատակային ջրաշերտերում առաջացած անօդակյաց պայմանները նպաստել են լճի «ծերացմանը»: Լիճն սկսել է «ծաղկել» կապտականաչ ջրիմուռներով՝ առաջացնելով օրգ. նստվածքներ:

«ԼՈՌԻ», ածխաթթվական, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարք գ-ի մոտ: Առաջանում է լայնակի գոգածալքային տեկտոն. իջվածքում՝ բազալտային անդեզիտների ստվարաշերտում: Հանքայնացումը 3,6-4,8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,6 գ/լ, շահագործման պաշարները՝ ավելի քան 2 հզ. մ3/օր:

Պարունակում է նաև Fe, Mn, B, F, Br և այլ միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է Պյատիգորսկի (ՌԴ) «Տաք Նարզան» հանքային ջրին: Օգտագործվում է լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսաղիքային և այլ հիվանդությունների դեպքերում: Շշալցվում է Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում:

«Լ.»-ի հիմքի վրա գործում է «Վանաձորասար» առողջարանը:

ԼՈՌՈՒ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ ընդգրկում է Լոռու միջլեռն. գոգավորությունը՝ եզրավորված Ջավախքի, Բազումի ու Վիրահայոց լեռնաշղթաներով, արլ-ում՝ Դեբեդի կիրճով: Գոգավորության հատակը լցված է պլիոցեն-անթրոպոգենի բազմաշերտ լավաներով ու 400-500 մ հաստության գետային, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներով՝ հագեցած ստորերկրյա ջրերով: Լ.ա.ա. սնվում է մթն. տեղումներից ու շրջակա լեռնաշղթաների ընդերքի ստորերկրյա ջրհոսքերից:

Ավազանում առանձնացվում են վերին՝ գրունտային ու ճնշումագրունտային, և ստորին՝ ճնշումային ջրերի հորիզոնները: Վերին հորիզոնի հաստությունը 4-49 մ է, ջրերի մակարդակի խոր.՝ 0,2-7,2 մ: Դրանք երկրի մակերևույթ են դուրս գալիս աղբյուրների խմբերով: Առավել ջրառատ աղբյուրախմբերի (Նովոսելցովոյի, Գետավանի) գումարային ջրաքանակը 1546 լ/վ է, որի մեծ մասն օգտագործվում է Լոռու մարզի ջրամատակարարման համար: Ստորին հորիզոնը 3-4 ջրակալած միջակայքերով տեղադրված է լավային ստվարաշերտերում: Հորիզոնի արդյունավետ հաստությունը 11-173 մ է, ջրապարունակ հորիզոնի առաստաղը՝ 2,2-158 մ խոր-ներում, ջրերի մակարդակը՝ բացասական: Առանձին տեղերում հորատանցքերը շատրվանում են 2-3 մ բարձրությամբ՝ մինչև 50 լ/վ: Ճնշումային հորիզոնի ջրերը թույլ հանքայնացած են (0,14-0,75 գ/լ), փափուկ, սառն ու բարձրորակ:

ԼՈՒՍԱՁՈՐԻ ԴՈԼՈՄԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Տավուշի մարզում՝ Լուսաձոր և Ակնաղբյուր գ-Երի միջև: Նստվածքային հանքավայր է: Ուսումնասիրվել է 1960-61-ին: Հանքավայրի դոլոմիտային ապարները տեղադրված են վերին յուրայի 350 մ հաստության կարբոնատային ստվարաշերտում: Հանդիպում են զուտ դոլոմիտների և թույլ կրային դոլոմիտների 20-150 մ հաստության հանքաշերտեր: Հանքանյութում բարձր է MgO-ի (16-22%), CaO-ի (27-33%) և ցածր՝ խառնուրդների (SiO2, MnO և այլն) պարունակությունը: Շերտաձև, տիպիկ քիմիածին դոլոմիտների հետ հանդիպում են միներալատեղակալված դոլոմիտներ, որոնք առաջացել են նստվածքագոյացման փուլում: Դոլոմիտներից կարելի է ստանալ խեժադոլոմիտային և կոնվերտերային հրակայուն նյութեր, կաուստիկ դոլոմիտ, դոլոմիտային մետաղաձուլ. փոշի, մետաղ, մագնեզիում և վակուումային ապակի:

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՄԱՐՄԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Արարատի մարզում՝ Արարատ գ-ից հս-արմ.: Հայտնի է 1932-ից, մանրամասն հետախուզվել է 1953-ին, շահագործվել 1954-ից՝ բաց եղանակով: Փոխակերպային հանքավայր է: Հարում է պալեոզոյան ապարներին, որոնք, Արարատյան դաշտում մերկանալով, առաջացնում են մինչև 900 մ բարձրության ժայռաբլուրներ: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են վերին դևոնի ապարներ և ստորին կարբոնի սև, մարմարացած կրաքարեր: Օձասար ժայռաբլուրի կամարածալքում մերկանում են քվարցիտներ ու մարմարացած կրաքարեր, վերջինիս շերտերի հաստությունը 25 սմ-ից 60-65 մ է: Դրանք հորատանցքերով հետամտվում են