հետագա ցեմենտացման (հրաբխանստվածքային Տ. կամ տուֆիտ) հետևանքով: Տարբերում են ապարաբեկորային, բյուրեղաբեկորային, ապարաբյուրեղաբեկորային, ապակեբյուրեղային և այլ Տ-եր: Հայկ. հրաբխային Տ. բնորոշվում է անկանոն բեկորազանգվածով: Ըստ քիմ. կազմի՝ լինում են բազալտային, անդեզիտային, դացիտային և ռիոլիտային, ըստ բեկորների ջերմազոդման աստիճանի՝ թույլ թրծված (մոխրանման), ջերմազոդված (իգնիմբրիտներ) և գերջերմազոդված (հալված) Տ-եր կամ տուֆալավաներ: Հիմնականում տարածված են Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ Արագածի լեռնազանգվածում, Կարսի սարահարթում, Սյունիքի, Բյուրակնի, Ջավախքի բարձրավանդակներում, Կոտայքի, Եղվարդի սարավանդներում, Շիրակի դաշտում, Արարատյան դաշտի նախալեռն. շրջաններում, Ախուրյան, Փամբակ գետերի հովիտներում և այլն: Հայտնի են հայկ. հրաբխ. Տ-երի՝ Արթիկի (վարդագույն), Անիի (դեղին), Երևան-Գյումրու (սև, կարմիր), Գեղաքարի (Գեղարքունիքի մարզ, բաց վարդագույն, մարմնագույն), Մեծավանի (մուգ վարդագույն, կարմրավուն, մարմնագույն, դեղնավուն և այլն) և Ձորագետի (Լոռու մարզ, աղյուսագույն, կարմրավուն) տարատեսակները:
Հրաբխանստվածքային Տ-ի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ: Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ: Շիրակի, Բազումի, Փամբակի լեռնաշղթաներում, Վայոց ձորում, մերձերևանյան շրջանում տարածված են էոցենի վարդագույն, կանաչավուն և խայտաբղետ տեսակները: Պայմանականորեն այս խմբին են պատկանում նաև կրաքարային (տրավերտին) և կայծքարային (գեյզերիտ) Տ-երը, որոնք առաջանում են հրաբխ. գործունեության ավարտական փուլում՝ հանքային տաք աղբյուրներից կարբոնատային ու սիլիցիումային նյութերի անջատման ու նստեցման հետևանքով: Տարածված են ՀՀ Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Օգտագործվում են շին-յան, քանդակագործության, կիրառ. արվեստի և այլ բնագավառներում:
ՑԵՈԼԻԹՆԵՐ (<հուն. zeō - եռալ և lithos - քար), միներալներ, բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ: Ց. ընդգրկում են մոտ 30 միներալ, առավել կարևորներն են անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիտը: Առաջացնում են ցանկացած բյուրեղագիտ. համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ: Կարծր.՝ 3,5-5,5, խտութ.՝ 2000-2300 կգ/մ³: ՀՀ-ում Ց-ի հարուստ պաշարներ կան Տավուշի և Շիրակի մարզերում:
ՑՐՎԱԾ ՏԱՐՐԵՐ, քիմ. տարրեր, որոնց արտադր. նշանակություն ունեցող սեփական միներալներ կամ հանքային հանածոներ հայտնի չեն: Նրանք հանդիպում են գլխավորապես այլ միներալներում և օգտակար հանածոներում՝ խառնուրդների ձևով: Ց.տ. բազմաթիվ միներալներում պարունակվում են որպես հավասարաձև (իզոմորֆային) խառնուրդներ, այլ դեպքերում առաջացնում են խառնուրդային միկրոմիներալներ: Ց. տ-ի շարքին են դասվում ռուբիդիումը, կադմիումը, ցեզիումը, սկանդիումը, գալիումը, ինդիումը, թալիումը, գերմանիումը, հաֆնիումը, վանադիումը, սելենը, թելուրը, ռենիումը, երբեմն՝ նաև լանթանոիդները և այլ տարրեր: Ց.տ. (բացառությամբ՝ կադմիումի) դասվում են հազվագյուտ մետաղների շարքին, թեև մի քանիսի (ռուբիդիում, վանադիում, գալիում, սկանդիում) պարունակությունը երկրակեղևում համեմատաբար մեծ է: Արդ-յան մեջ Ց.տ. ստանում են հանածոյում պարունակվող հիմն. տարրերի կորզմանը զուգընթաց՝ որպես կողմնակի նյութեր:
'ՓԱՄԲԱԿԻ ԳՐԱՆԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզի՝ Փամբակ գ-ի մոտակայքում: Շահագործվում է 1880-ից՝ բաց եղանակով: Հանքավայրը հարում է Բազումի էոցենի գաբրո-դիորիտգրանոդիորիտային զանգվածին: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են մոխրագույն քվարցային դիորիտներ, դիորիտգրանոդիորիտներ, մոնցոդիորիտներ և գաբրոդիորիտներ: Հանքահյութը կազմված է պլագիոկլազ, քվարց, օրթոկլազ, պիրոքսեն, բիոտիտ միներալներից: Հաճախ հանդիպում են գաբրոյի և գաբրոդիորիտների ներփակումներ: Կառուցվածքը բյուրեղային է, մակերեսը՝ ողորկելի, խտությունը՝ բարձր: Պաշարները ավելի քան 6410 հզ. մ³ են (որից 520 հզ. մ³-ը՝ բարձրորակ): Օգտագործվում է շին-յան և քանդակագործության մեջ:
ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Ողջի գետի վերին ավազանում: Հետախուզվել է 1931-ից (1936-45-ին՝ մանրամասն), շահագործվել