Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղովուրդների ազգ-ազատագր․ շարժումները։ «Թանզիմաթ» (արաբ․ վերակառուցում, բարեփոխում) անվամբ հայտնի այդ փորձերը ձեռնարկվել են 1839-ին և շարունակվել մինչև 1870-ական թթ․ սկիզբը։ 1839-ին հրապարակվել է «Գյուլհանեի Հաթթը շերիֆը», որով հռչակվել է կրոն․ և ազգ․ պատկանելությունից անկախ բոլոր հպատակների անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զին․ ծառայության ժամկետի կրճատում, ֆինանս․, վարչ․, դատ․ համակարգերի բարելավում ևն։ «Հաթթը շերիֆը» առանձին հարցերում հակասելով շարիաթին՝ հանդիպել է մահմեդականների կատաղի դիմադրության և շատ դեպքերում վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ 1842_43-ին Արմ․ Հայաստանի քուրդ բեկերը ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդ․ կիսանկախ վարչ․ միավորները վերացվել են, ապստամբ բեկերը աքսորվել։ Սակայն նորերի գալով դրությունը մնացել է նույնը՝ ավելի վատթարացնելով հայ-քրդ․ հարաբերությունները։


«Հաթթը շերիֆի» այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։ Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան Թուրքիայից պահանջել են իրականացնել 1839-ին հռչակած բարեփոխումները։ 1856-ին հրապարակվել է «Հաթթը հումայունը», որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչ․ ասպարեզում նախատեսվել է նահանգական մեջլիսների (խորհուրդներ) բարեփոխում, նրանցում մահմեդ․ և ոչ մահմեդ․ համայնքների ներկայացուցիչների ազատ ընտրություն։ Խոստացվել է վերջ տալ հարկերի ու տուրքերի գանձման ժամանակ թույլ տրվող չարաշահումներին, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետ․ ծառայության, ընդունվել ցանկացած զինվոր․ կամ քաղաքաց․ վարժարան ևն։ Թանզիմաթի շրջանակներում 1858-ին ընդունվել է հողային օրենքը, 1867-ին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869-ին՝ քաղաքաց․ օրենսգիրքը։

1858-ի հողային օրենքը սահմանել է հողերի հինգ կատեգորիա՝ մասնավոր, պետ․, մզկիթապատկան (եկեղեցապատկան), համայնական և անօգտագործելի։ 1830_40-ական թթ․, երբ վերացվել են դերեբեյությունները, Արմ․ Հայաստանում նշանակալիորեն աճել է ազատ գյուղացիների թիվը։ Սակայն թե՛ մահմեդ․ և թե՛ հայ հողատերերը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից և կառավարության հովանավորությունից, կրկին ձեռք են բերել տիրույթներ և ամրապնդել իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ։ Հարուստ հողատերեր են եղել նաև հայկ․ վանքերից շատերը։ Հայ գյուղացին, կորցնելով իր հողերը, կիսաճորտ․ կախման մեջ է ընկել հողատերից։ Տարոնում, Վասպուրականում քուրդ բեկերը, իրենց հայտարարելով գյուղացու «պաշտպան», հարկադրել են նրանց ի վճար կատարել ծանր աշխատանք։

Տնտեսության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։ Գյուղացիներից գանձվող ամենածանր հարկը աշարն (տասանորդ) էր։

XIX դ․ 30_50-ական թթ․ Օսմ․ կայսրությունում եղել են 40-ից ավելի հայկ․ և հայաբնակ քաղաքներ, որտեղ ապրել է շուրջ 350 հզ․ հայ։ Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը։ Սակայն որոշ քաղաքներ, կտրված լինելով առևտր․ մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանուպոլսի 1829-ի պայմանագրին հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել (Բայազետ, Բալու, Մուշ, Գյումուշխանե ևն)։ Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Կարինը, Վանը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը ևն։ Վանը և Բաղեշը ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ։ XIX դ․ կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել։

XIX դ․ 1-ին կեսին Օսմ․ կայսրության առևտուրը հիմնականում հայերի և հույների ձեռքին էր, որոնք նաև թուրք-եվրոպ․ առևտրի միջնորդներն էին։ Հայերը տնօրինել են Արմ․ Հայաստանի և Կիլիկիայի գրեթե ամբողջ առևտուրը։ Կարինը, Վանը, Բաղեշը, Ադանան ևն դարձել են տեղական և արտասահմ․ ապրանքների գնման, վաճառահանման և քարավանային առևտրի կարևոր կենտրոններ։ Հետագայում Սուեզի ջրանցքի բացումով փոխվել են առևտր․ ուղիները, և հիշյալ քաղաքները կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը։ Օսմ․ կայսրությունում առևտրի զարգացմանը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ճնշումը, բարձր մաքսերը, ազգ․ խտրականությունը, եվրոպ․ կապիտալի մրցակցությունը։ Արհեստավորներն ու առևտրականները նախկինի պես միավորված էին էսնաֆություններում։ Թանզիմաթից հետո ուժեղացել է էսնաֆությունների պայքարն ազգ․ գործերի տնօրինմանը մասնակցելու իրավունքի, պատրիարքների ու ամիրաների առանձնաշնորհումներին վերջ տալու համար։

Արևմտահայերի հաս-քաղ․ կյանքում խիստ կարևոր դեր է խաղացել հայաշատ Կոստանդնուպոլիսը․ այստեղ է գտնվել հայոց պատրիարքարանը, և կենտրոնացել մեծ հարստության տեր, սուլթան․ արքունիքում որոշակի կշիռ ունեցող հայ ամիրայական