Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բացահայտորեն իրագործել է մարզում ադրբեջանամետ քաղաքականություն։

Նման պայմաններում ՀԽՍՀ ԳԽ և օգոտոսին ստեղծված ԼՂԻՄ Ազգ․ խորհուրդը 1989-ի դեկտ․ 1-ին ընդունել են համատեղ որոշում Լեռնային Ղարաբաղի և ՀԽՍՀ վերամիավորման մասին, որը 1990-ի սկզբին չեղյալ է հայտարարել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը։ 1990-ի հունվ․ Ադրբեջանի Ժող․ ճակատը իշխանությունների օժանդակությամբ Բաքվում կազմակերպել է հայ բնակչության նոր կոտորած, որին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, իսկ հազարավորներն էլ ստիպված լքել են իրենց բնակարաններն ու գույքը և հեռացել Ադրբեջանից։ Եվ միայն այն պահին, երբ պարզ դարձավ, որ Ժող․ ճակատի գործողությունները սպառնում են խորհրդ․ իշխանության գոյատևմանը, Բաքու մտցվեցին խորհրդ․ զորքեր, որոնք ցրեցին Ժող․ ճակատի զինված խմբերը։

Ադրբեջանի կողմից ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի շրջափակումը, Բաքվի դեպքերը ևն ծայր աստիճան սրեցին իրավիճակը։ Ղարաբաղում սկսեցին կազմավորվել ջոկատներ՝ մարզի սահմանները պաշտպանելու համար։

1990-ի մայիսին կայացած հանրապետության ԳԽ հերթական ընտրություններում հաղթանակեց ՀՀՇ։ ԳԽ նախագահ ընտրվեց ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այդ ընտրություններից հետո Հայաստանի կոմկուսի ճգնաժամը դարձավ անդառնալի։

1990-ի օգոստ․ 23-ին հանրապետության նորընտիր ԳԽ ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ ՀԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, սահմանվեց, որ ՀՀ ամբողջ տարածքում գործում են միայն նրա օրենքները։ Իրագործվեցին մի շարք միջոցառումներ․ վերականգնվեց տնտեսության բազմակացութաձևությունը, սկսվեց հողի սեփականաշնորհումը, ստեղծվեց բազմակուս․ համակարգ ևն։ ՀՀ հրաժարվեց մասնակցել Խորհրդ․ Միության պահպանման համար անցկացված հանրաքվեին և նոր միութենական պայմանագրի մշակմանը։


Հայաստանի երրորդ հանրապետությունը։ 1991-ի օգոստ․ 18_21-ին քաղ․ հետադիմ․ ուժերը Մոսկվայում պետ․ հեղաշրջման փորձ կատարեցին։ Խռովությունը ճնշվեց, սակայն այն արագացրեց ԽՍՀՄ-ի փլուզումը։ Խռովության օրերին Լատվիան, Լիտվան և Էստոնիան դուրս եկան ԽՍՀՄ-ի կազմից, օգոստ․ 30-ին իր անկախությունը հռչակեց Ադրբեջանը։ Խորհրդ․ Միության փլուզումը դարձավ անդառնալի։

1991-ի սեպտ․ 21-ին Հայաստանում կայացած հանրաքվեի մասնակիցների 94,4 %-ը արտահայտվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Երկու օր անց հանրապետության ԳԽ ՀՀ հռչակեց անկախ պետություն։ Հայաստանը մուտք գործեց ազգ․ պետականության ստեղծման, տնտեսության և հաս․ հարաբերությունների արմատական վերափոխման բարդ և երկարատև շրջան։

Մոսկվայում 1991-ի օգոստոսյան խռովությունից հետո նոր միութենական պայմանագրի շուրջը տարվող բանակցությունների աննպատակահարմարության պայմաններում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը 1991-ի դեկտ․ 8-ին համաձայնագիր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծման վերաբերյալ՝ ընդունելով ստորագրված համաձայնագրի նպատակները և սկզբունքները ճանաչող պետությունների համար համագործակցությունը բաց լինելու մասին հայտարարություն։ Դեկտ․ 14_15-ին համագործակցության մեջ մտնելու համաձայնություն հայտնեցին Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։

1991-ի դեկտ․ 21-ին Ալմա Աթայում 11 նախկին խորհրդ․ հանրապետությունների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ղեկավարները ընդունեցին հռչակագիր Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին։ ԽՍՀՄ դադարեց գոյություն ունենալուց։ Վրաստանը ԱՊՀ կազմի մեջ մտավ ավելի ուշ։

1991-ի սեպտ․ 21-ի անկախության հանրաքվեից հետո ՀՀ-ում շարունակվեց պետականության ամրապնդման և հետագա զարգացման գործընթացը։ Ելնելով օրենսդ․, գործադիր և դատ․ իշխանությունների սահմանազատման սկզբունքից և պետության արագ ու գործուն կազմավորման շահերից՝ հանրապետության ԳԽ դեռևս 1991-ի հունիսին որոշել էր ՀՀ-ում կառավարման նախագահական համակարգ սահմանելու մասին։ Ընդունվել էր օրենք «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին», որի համաձայն ԳԽ իր իրավասությունների մի մասը զիջում էր նախագահին։ Նախագահի վրա դրվում էր գործադիր իշխանության ղեկավարությունը, իսկ ԳԽ պիտի իրագործեր օրենսդր․ գործունեություն։ 1991-ի հոկտ․ 16-ին այլընտրանքային հիմունքներով կայացած հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակ տարավ ԳԽ նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը, որը դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Փոխնախագահ ընտըրվեց Գ․ Հարությունյանը, որը մինչ այդ ԳԽ նախագահի տեղակալն էր։ ԳԽ նախագահ ընտրվեց Բ․ Արարքցյանը։


Հանրապետությունում իրագործվեց պետ․ հիմնարկների, ուս․ հաստատությունների, զինվորական ստորաբաժանումների ապագաղափարականացումը, հաստատվեց բազմակուսակցականություն, վերացվեց գրաքննությունը, պայ