ռության ծավալը նույն ժամանակահատվածում, փաստացի գներով, կազմել է 52399,0 մլն դրամ։ Գյուղատնտ․ արտադրանքի շուկաների միջոցով 1999-ի առաջին կիսամյակում բնակչությանը վաճառվել է 136,2 մլն դրամի հացահատիկային մշակաբույսեր, 302,5 մլն դրամի կարտոֆիլ, 1016,9 մլն դրամի բանջարեղեն, 989,8 մլն դրամի միրգ, 680,1 մլն դրամի միս ևն։ Բնակչության մատուցած ծառայությունների ծավալը 1999-ի հունվ-հունիսին կազմել է 71600,3 մլն դրամ։ 1999-ի սկզբին ՀՀ-ում գործել է գյուղմթերքների վաճառքի 44 շուկա և 39 տոնավաճառ։ 1999-ի հունվ․ 1-ի դրությամբ ՀՀ-ում սեփականաշնորհվել է առևտրի և հանրային սննդի օբյեկտների շուրջ 90 %-ը։ Տես նաև Առևտուր հոդվածը։
Գյուղատնտեսություն։ Հայաստանը գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնագույն բնօրրաններից է։ Մինչև 1991-ի գյուղատնտեսության զարգացման պատմության մասին տես Գյուղատնտեսություն հոդվածում։
1991-ից հանրապետությունում հողհատկացման և հողօգտագործման բնագավառներում իրականացվեցին արմատական բարեփոխումներ՝ ուղղված գյուղատնտ․ արտադրության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմանը։ Դրանց անհրաժեշտությունը թելադրվում էր հանրապետության սոցիալ-տնտ․ և քաղաք․ զարգացման պահանջով։ Գյուղում մեղմացավ բնակչության զբաղվածության խնդիրը, գյուղացին ներգրավվեց շուկայական հարաբերությունների ոլորտը, հնարավոր եղավ խուսափել արտադրության կտրուկ անկումից, պատերազմական գոտու սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտահոսքից, արդյունավետ օգտագործել հող․, աշխ․, նյութ․ և ֆինանս․ պաշարները։
«Սեփականության մասին» (1990), «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» (1991) ՀՀ օրենքների և «ՀՀ հողային օրենսգրքի» (1991) հիման վրա, կոլեկտիվ և խորհրդ․ մոտ 900 տնտեսության լուծարման ճանապարհով, որպես ինքնուրույն կազմակերպական միավոր, ստեղծվեցին գյուղատնտ․ մթերքների ապրանք․ արտադրությունն ապահովող գյուղաց․ և գյուղաց․ կոլեկտիվ տնտեսություններ։ Հող․ բարեփոխումներն իրականացնելու նպատակով հողհանդակներն ամրակցվեցին բնակավայրերին և միջին հաշվով 20 %-ը թողնվեց որպես պահուստային ֆոնդ։ Սեփականաշնորհվեց գյուղատնտ․ օգտագործելի հողերի 61 (մոտ 450 հզ․ հա), վարելահողերի 63, տնկարկների 85 և խոտհարքերի 54,5 %-ը, 358 հզ․ խոշոր և 670 հզ․ մանր եղջերավոր կենդանիներ, 41 հզ․ խոզ, 14,643 տրակտոր, 1280 կոմբայն և 11538 ավտոմեքենա։ Հողհատկացումը և արտադրամիջոցների սեփականաշնորհումը, արտադրության կազմակերպման և ագրարային հարաբերությունների վերակառուցումը, գյուղում սեփականատիրական և հողի վրա տնտեսավարելու իրավունքների միավորումը դրական ազդեցություն ունեցան գյուղացիների աշխատանքային ակտիվության, նյութ․ շահագրգռվածության ու անձն․ պատասխանատվության բարձրացման վրա։ Հող․ բարեփոխումների շնորհիվ գյուղատնտեսությունում դրվեց արմատապես նոր տնտ․ հարաբերությունների և համակարգի հիմքը։ Հաղթահարվեց գյուղատնտ․ մթերքների արտադրության բնագավառում կոլտնտեսությունների և խորհրդ․ տնտեսությունների արտադր․ մենաշնորհը (գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3-ը)։ Բարեփոխումների սկզբ․ փուլում նպաստավոր ու հավասար պայմաններ ստեղծվեցին սեփականու