Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին եկամուտները և տուրքերը, բ․ ոչ հարկային եկամուտները, գ․ եկամուտները կապիտալի գործառնություններից,

դ․ մուտքերը պաշտոնական տրանսֆերտներից։ Ծախսերը կատարվում են հետևյալ հիմն․ ուղղություններով․ 1․ ընդհանուր բնույթի ծառայություններ, 2․ պաշտպանություն, 3․ հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն, 4․ կրթություն և գիտություն, 5․ առողջապահություն, 6․ սոց․ ապահովագրություն և սոց․ ապահովություն, 7․ բնակարանային-կոմունալ տնտեսություն, 8․ մշակույթ, սպորտ և կրոն, 9․ վառելիքաէներգետիկ համալիր, 10․ գյուղատնտ․, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն, 11․ հանքարդյունահանող արդ․ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդ․, շինարարություն և բնապահպանություն, 12․ տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն, 13․ պետ․ բյուջեի ծախսերի հիմն․ ուղղություններին չդասվող այլ ծախսեր։

Պետ․ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է դեֆիցիտը, որը ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության 1998-ի պետ․ բյուջեի մասին» ՀՀ օրենքով պետ․ բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները կազմել են 165,1, ծախսերը՝ 183,4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 18,3 մլրդ դրամ։


ՀՀ-ում հարկը պետ․ և հաս․ կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզ․ և իրավաբ․ անձանցից, իրավաբ․ անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում։ ՀՀ-ում սահմանված են հարկերի հետևյալ տեսակները՝ շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, գույքահարկ, հողի հարկ։ Դրանք վճարվում են ՀՀ պետ․ և (կամ) համայնքների բյուջեներ։

Արտաբյուջետային հիմնադրամները ՀՀ ֆինանսավարկ․ համակարգի նոր օղակն են։ Դրանց միջոցները գոյանում են իրավաբ․ անձանց, իրավաբ․ անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարող սուբյեկտների և ֆիզ․ անձանց պարտադիր վճարների և կամավոր մուծումների հաշվին։ Նշված հիմնադրամներից է ՀՀ կենսաթոշակ․ հիմնադրամը։

Ապահովագրությունը դրամ․ մուծումների հաշվին նպատակային ապահովագր․ հիմնադրամի ձևավորման առիթով դրա մասնակիցների միջև առաջացած յուրահատուկ վերաբաշխող․ հարաբերությունների ամբողջությունն է։ Այն նախատեսված է տնտեսավարող սուբյեկտներին հասցված հնարավոր վնասի փոխհատուցման կամ կատարված ապահովագր․ դեպքերի հետևանքների կապակցությամբ ընտանեկան եկամուտների համահարթեցման համար։


ՀՀ բանկային համակարգն ընդգրկում է ՀՀ կենտր․ բանկը, ՀՀ տարածքում գործող բանկերը (այդ թվում՝ դուստր), դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները։ 1999-ի հունվ․ 1-ի դրությամբ գրանցված առևտր․ բանկերի և մասնաճյուղերի քանակը համապատասխանաբար կազմել է 31 և 175 միավոր, իսկ հայտարարված կանոնադր․ կապիտալի ծավալը՝ 19704 մլն դրամ։

11․ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանում առողջապահության կազմակերպման խնդիրները ձևավորվել են դեռևս վաղ անցյալում։ Մինչև 1991-ի առողջապահության կազմակերպման վիճակի մասին տես Առողջապահություն հոդվածում։


Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո առողջապահության բնագավառում որոշ բարեփոխումներ են կատարվել։ Դրանք ներառում են առողջապահության առաջնային պահպանման (ԱԱՊ) ուղղությամբ համակարգի վերակողմնորոշման (առաջնային բժշկ․ օգնության՝ ԱԲՕ փոխարեն), բժշկ․ կրթության համակարգի բարելավման և արդիականացման, մասնագիտ․ գործունեության լիցենզավորման ներմուծման և համակարգի կառուցվածքային վերափոխման, այդ թվում նաև կառավարման և ֆինանսավորման ապակենտրոնացման, առանձին բուժհիմնարկների սեփականաշնորհման ու ապակենտրոնացման, տեղեկատվական-վերլուծ․ համակարգի էական բարելավման, ֆինանսավորման բազմաձևության և այլ խնդիրներ։

Առողջապահության համակարգը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա․ առողջության պահպանման իրավունքի ապահովում, բժշկ․ օգնություն իրականացնողների սեփականության բազմաձևություն, ֆինանս․ աղբյուրների բազմաձևություն, առողջապահ․ խնդիրների լուծմանը համայնքի մասնակցություն, ծառայությունների որակի ապահովում, բժշկ․ օգնության մատչելիություն։


Համակարգի կառավարման կենտրոնացման նպատակն է ապահովել առողջապահության ոլորտի գործունեության ինքնուրույնությունն ու ճկունությունը, տեղային խնդիրների արդյունավետ լուծումը, համայնքի մասնակցությունը, մրցակցության դրսևորումը և բուժօգնության որակի բարձրացումը։ Համակարգի գործունեությունն ապահովող բոլոր օղակները (առողջապահության նախարարություն, մարզպետարան, համայնքի ավագանի) պետք է օրենսդրության շրջանակներում ազատ լինեն ընթացիկ գործունեության մեջ։