լեռնաշխարհում, գիտ․ գիտելիքի սաղմերը ձևավորվել են մարդկային հասարակության արշալույսին։ Մշակվել և սերնդե-սերունդ փոխանցվել են տեխ․ հմտություններ, դիտարկումների ու փորձի հիման վրա սաղմնավորվել են բնագիտ․ գիտելիքներ։ Այդպիսի գիտելիքների առաջին վկայություններն են ժայռապատկերները (Արագած, Գեղամա լեռներ ևն), որոնք արտացոլում են մ․թ․ա․ VII_II հազարամյակների նախնադարյան հասարակության մարդկանց պարզունակ պատկերացումները բուս․ ու կենդ․ աշխարհի, երկնային մարմինների ևնի վերաբերյալ։ Հնագիտ․ պեղումները վկայում են Հայկ․ լեռնաշխարհում երկրագործության ու անասնապահության, արհեստների, շին․ տեխնիկայի (կիկլոպյան կառույցներ, ամրոցաշինություն ևն) զարգացման մասին։ Պաշտամունքային նշանակություն ունեցող շինությունները ցույց են տալիս նաև աստղագիտ․ գիտելիքների մակարդակը։ Հայկ․ լեռնաշխարհը մետաղի մշակման հնագույն կենտրոններից է։ Ուրարտ․ շրջանի հնավայրերում (Կարմիր բլուր, Արին բերդ, Արմավիր) հայտնաբերվել են մետաղյա գործիքներ, զենքեր, կենցաղային իրեր ևն։ Զարգացած մետաղագործության հիման վրա ծավալվել են արհեստները, կատարելագործվել ռազմ․ ու շին․ տեխնիկան, երկրագործությունը։ Գիտելիքների հետագա հարստացումը պայմանավորված էր կենտրոնացված պետության ամրապնդումով, քաղաքների զարգացմամբ, առևտրի աշխուժացմամբ և միջազգ․ կապերի ընդարձակմամբ։
Գիտության աննախընթաց վերելք է սկսվել հայկ․ գրերի ստեղծումով (Մեսրոպ Մաշտոց), որը, լինելով գիտ․ խոշորագույն հայտնագործություն, մեծապես ազդել է հոգևոր կյանքի վրա և վճռական դեր կատարել հայ ժողովրդի ճակատագրում, ստեղծվել է ինքնուրույն և թարգմանական հարուստ գրականություն, սկզբնավորվել է պատմագրությունը (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով ստեղծվել են բազմաթիվ դպրոցներ, որոնց շրջանավարտները կրթությունը շարունակել են Ալեքսանդրիայում, Աթենքում ևն։ Սկզբնավորված Թարգմանչաց շարժումը (V դ․) դարձել է այլ ժողովուրդների հետ հոգևոր շփման, գիտության հետագա զարգացման կենարար աղբյուր։ Առավել զարգացել է քրիստ․ աստվածաբանությունը (ջատագովությունը, հայրաբանությունը), որի հետ միաժամանակ ձևավորվել է աշխարհիկ փիլ-յունը որպես գիտելիքների ամբողջական համակարգ, որի շրջանակներում էլ զարգացել և հարստացել են հասարակության և բնության մասին պատկերացումները։ Հետևելով անտիկ աշխարհում ընդունված գիտելիքների դասակարգմանը, Դավիթ Անհաղթը (V_ VI դդ․) գիտությունների նախապատրաստական աստիճանում դրել է քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը, վերջինս արդեն փիլ-յան բաղկացուցիչ մասն է և գործիքը։ Փիլ-յան տեսական մասն էին բնագիտությունը, մաթեմատիկան և աստվածաբանությունը, իսկ գործնական մասը՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը։ Գիտությունների այս դասակարգումը միջնադարյան Հայաստանում դարձել է գիտությունների ուսուցման ու զարգացման հիմքը։ Եզնիկ Կողբացին վերականգնել է հուն․ բնափիլ-յան ավանդույթները։ Հայ միջնադարյան փիլ-յան բնագիտ․ ուղղության հիմնադիր Անանիա Շիրակացին (VII դ․) շարունակել է անտիկ գիտության ավանդույթները։ Նա գիտականորեն բացատրել է Արեգակի և Լուսնի խավարումները, մակընթացությունն ու տեղատվությունը, պաշտպանել Երկրի գնդաձևության մասին տեսակետը, գրել թվաբանության առաջին դասագիրքը։ Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների մասին արժեքավոր տեղեկություններ է պարունակում «Աշխարհացոյց□-ը։
Գիտության բուռն վերելք է նկատվում IX_XIII դդ․, այսպես կոչված, հայկ․ Վերածննդի դարաշրջանում, որը պայմանավորված էր երկրի քաղ․ անկախության վերականգնումով, տնտ․ կյանքի ծաղկմամբ (քաղաքների զարգացում, առևտրի ընդլայնում), գաղափարախոս․ աշխարհականացմամբ։ Այդ դարաշրջանում մշակույթի բոլոր բնագավառների զարգացման հետ մեկտեղ զարգացել է բնագիտ․ միտքը, որը նպաստել է պանթեիստական և ազատախոհական պատկերացումների ընդլայնմանը, անտիկ բնափիլ․ ուսմունքների վերհանմանը, Անանիա Շիրակացու բնագիտ․ ավանդույթների շարունակմանը և բնությունն ինքն իրենով բացատրելու միտումների հաստատմանը։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (XI դ․) թարգմանել է Էվկլիդեսի «Սկզբունքները», Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր, XI_XII դդ․) ստեղծել է մաթեմատիկային ու աստղագիտությանը նվիրված մի շարք աշխատություններ, նշել փորձնական հետազոտության անհրաժեշտությունը։ Զարգացման բարձր մակարդակի է հասել բժշկագիտությունն ու կենսաբ․ միտքը (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի), ինչպես նաև ալքիմիան, որը հիմնված էր ժամանակի բնագիտ․ գիտելիքների վրա։ Մխիթար Գոշն ու Սմբատ Սպարապետը (Գունդստաբլ) իրենց դատաստանագրքերում առաջադրել են մի շարք առաջադիմական սկզբունքներ։ Գիտության զարգացման կենտրոններ են դարձել Գլաձորի, Տաթևի, Անիի, Սանահինի, Հաղպատի համալսարանները, որտեղ, աստվածաբանությունից բացի, զարգանում էին ժամանակի բոլոր գիտելիքները։
Հայաստանում գիտության հետագա