Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարգացմանը մեծապես խոչընդոտել են արտաքին և ներքին անբարենպաստ պայմանները (պետականության կորուստը, արտադրողական ուժերի անկումը, զանգվածային արտագաղթը)։ XVII դ․ աստիճանաբար սկսել են վերականգնըվել ընդհատված ավանդույթները։ Գիտության զարգացմանը նպաստել է հատկապես տպագրության տարածումը և եվրոպ․ առաջադիմական գաղափարների ներթափանցումը։ Թարգմանվել և հրատարակվել են եվրոպ․ մտածողների երկերը, ստեղծվել են նոր գործեր։ XVIII դ․ լուսավորական և գիտ․ լայն գործունեություն է ծավալել Մխիթարյան միաբանությունը, որը մեծապես նպաստել է գիտ․ գիտելիքների զարգացմանն ու տարածմանը, հիմք դրել հայագիտ․ հետազոտություններին։ Հայ գիտության համար արգասավոր է եղել Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Հնարավորություններ են ստեղծվել առնչվելու ռուս․ առաջադիմական գիտ․ գաղափարներին, ուսանելու Պետերբուրգի, Մոսկվայի, Կազանի և այլ առաջատար ուս․ հաստատություններում։ Արևելագիտ․ և հայագիտ․ հետազոտությունների խոշոր կենտրոն է դարձել Մոսկվայի Լազարյան ճեմարանը։


Հայ ժողովրդի պատմ․ զարգացման առանձնահատկությունները (արլ․ և արմ․ հատվածների գոյացումը, գաղթավայրերի ստեղծումը ևն) իրենց կնիքն են դրել նաև գիտ․ հետազոտությունների հետագա ընթացքի վրա։ Արմ․ Հայաստանը կողմնորոշվել է դեպի արևմտաեվրոպ․, իսկ Արլ․ Հայաստանը՝ դեպի ռուս․ առաջադիմական քաղաքակրթությունը։ Մի շարք գաղթավայրերում (Կ․ Պոլիս, Հնդկաստան, Նոր Ջուղա, Թիֆլիս, Մոսկվա, Նոր Նախիջևան ևն) բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ հոգևոր կյանքի զարգացման համար, հիմնվել են տպարաններ, դպրոցներ, հրատարակվել են թերթեր, հանդեսներ։

XIX դ․ վերջին տասնամյակներում սկսել են զարգանալ հասարակական գիտությունները։

XX դ․ սկզբին հատկապես խաթարվել է գիտության զարգացման բնական ընթացքը Արմ․ Հայաստանում, ուր թուրք․ բռնապետության հայաջինջ քաղաքականության զոհն է դարձել առաջին հերթին հայ առաջատար մտավորականությունը։ Գիտության որպես բնության, հասարակության և մտածողության զարգացման օրինաչափությունների մասին գիտելիքների համակարգի զարգացման համար իրական պայմաններ են ստեղծվել պետականության ձեռքբերումով։ ՀԽՍՀ կազմավորումից անմիջապես հետո մեծ ուշադրություն է դարձվել գիտության զարգացմանը։ 1919-ին հիմնադրված Երևանի պետ․ համալսարանը դարձել է գիտ․ կադրերի պատրաստման և գիտ․ հետազոտությունների հիմնական կենտրոնը։ Աստիճանաբար այդ հիմքի վրա ստեղծվել են գիտ․ նոր կենտրոններ՝ բացվել են ուս․ նոր հաստատություններ, գիտահետազոտ․ ինստ-ներ ու լաբորատորիաներ։ 1935-ին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղը (Արմֆան), որի հիման վրա 1943-ին հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ, արմատական բեկում է մտցվել գիտությունների զարգացման գործում։ Մեծ թափ են ստացել տեսական հիմնարար, ինչպես և կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքները ներդրվել են ժող․ տնտեսության մեջ։ Ծավալվել են հասարակագիտ․ հետազոտությունները, զարգացել է հայագիտությունը։ Բարձր հիմքերի վրա է դրվել գիտ․ կադրերի պատրաստումը։ ՀԽՍՀ գիտատեխ․ ներուժը ձևավորվել և զարգացել է որպես սոցիալ-տնտ․ վերակառուցումների օրգ․ մաս։ Մշակութային հեղափոխությունը, պետության կողմից գիտության և տեխնիկայի զարգացման համար հատկացվող ֆինանս․ և նյութական միջոցները հնարավորություն են ստեղծել հետազոտություններ կատարել գիտության և տեխնիկայի բազմաթիվ ուղղություններով։ Գիտ․ կենտրոններ են ստեղծվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև արդ․ և գյուղատնտ․ շրջաններում, ստեղծվել է գիտ․ հիմնարկների ճյուղավորված և փոխկապակցված համակարգ, որը համապատասխանել է հանրապետության զարգացման պահանջմունքներին։

Ընդլայնվել են միջազգ․ գիտ․ կապերը։ Հայ գիտնականները մասնակցում են միջազգ․ տարբեր համաժողովների, հանրապետությունում կազմակերպում նման գիտաժողովներ, որոնք մեծապես նպաստում են գիտության առաջընթացին։ Տես նաև Փիլիսոփայություն, Տնտեսագիտություն, Պատմական գիտություն, Արևելագիտություն, Հնագիտություն, Ազգագրություն, Դրամագիտություն, Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Ֆիզիկական աշխարհագրություն, Մանկավարժություն, Իրավագիտություն, Լեզվաբանություն, Գրականագիտություն, Բանագիտություն, Արվեստագիտություն, Հայագիտություն, Հայերենագիտություն, Աստղագիտություն, Ֆիզիկա, Մաթեմատիկա, Մեխանիկա, Բժշկագիտություն, Կենսաբանություն, Երկրաբանություն, Քիմիա, Մետալուրգիա, Հանքային գործ, Ագրոնոմիա։

14․ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


Հայ պարբերական մամուլի պատմությունն ընդգրկում է հայ ժողովրդի ավելի քան 200-ամյա մտավոր և հաս․ կյանքի զարգացման գրեթե բոլոր փուլերը։ Հայ անդրանիկ պարբ-ը՝ «Ազդարար» հանդեսը, հրատարակվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում (1794_96)։ Այնուհետև ասպարեզ են եկել Վենետիկի Մխիթարյանների պարբ․ հրատ-ները՝ «Տարեգրություն» (1799_1802), «Եղանակ Բյուզանդյան» (1803_20), «Բազմավեպ» (1843-ից առ այսօր) ևն։