յան Հայաստանում նույնպիսի դիրքերում էին Օշինյան, Հեթումյան ու Ռուբինյան տոհմերի իշխաններն ու գահակալները։ Նոր վերելքի կենտրոնը դարձյալ քաղաքներն էին՝ հատկապես Անին, որը թևակոխել է իր քաղաքաշին․ և ճարտ․ զարգացման բարձրակերտն ու վերջին փուլը։ Նորոգվել և ամրացվել է նրա պաշտպան․ համակարգը, կառուցվել եկեղեց․ և աշխարհիկ նոր ու հոյակապ շենքեր, ընդարձակվել քաղաքի տակ տեղավորված ժայռափոր արվարձանը։ Անիի XII_XIII դդ․ ճարտ-յանը բնորոշ է շեշտված դեկորատիվությունը՝ իրականացված պատերի հարուստ դրվագման, բազմագույն քարերով երեսպատելու, ներքնապատերը որմնանկարներով զարդարելու ու գեղ․ այլ միջոցներով։ Դրանց լավագույն օրինակներն են Տիգրան Հոնենցի եկեղեցին, Պարոնի և Սարգսի պալատները, հյուրատան շենքը։ Հին (Տաթևի, Սևանի, Սանահինի, Հաղպատի) և նոր (Սաղմոսավանքի, Գոշավանքի, Գլաձորի) վանքերը դարձել են հոգևոր մշակույթի կարևոր կենտրոններ, նրանցից մի քանիսում գործել են համալսարաններ։ Ստեղծագործական որոնումների շնորհիվ հորինվել են նոր տիպի եկեղեցիներ, ինչպիսիք են կրկնահարկ եկեղեցի-դամբարանը (Եղվարդի և Ամաղուի Նորավանքի Ս․ Աստվածածին, Կապուտանի Ս․ Մինաս), առանց աղոթասրահի եկեղեցին (Եղեգիսի Զորաց եկեղեցի)։ Նույն ջանքերի արդյունք են վանքային համալիրների գավիթ-ժամատները, սեղանատները (Հաղարծնի, Հաղպատի, Թեղենյաց և Կիրանց), գրատները (Գոշավանքի, Սաղմոսավանքի, Հաղպատի), աղբյուրները (Սանահինի, Հաղպատի)։
Վանք․ եկեղեց․ և աշխարհիկ ճարտ․ մեջ է՛լ ավելի լայն կիրառություն են ստացել դեկորատիվությունը, բազմերագ քարերով շարվածքները, շքամուտքերի հարուստ մշակումը։ Վանք․ համալիրների գավիթ-ժամատները, սեղանատները, գրատներն ու զանգակատներն են հանդիսացել դարաշրջանի ճարտ-շին․ նորույթների (օր․, տարբեր տեսակի թաղերի, փոխադարձ խաչվող կամարների, հակաերկրաշարժային գոտիների ու շարվածքների) կրողները։ Զարգացած միջնադարի այս վերջին փուլին բնորոշ է քարանյութին տիրապետելն ու իմաստավոր օգտագործելը, գեղ․ մշակման վարպետության առավել բարձր մակարդակը։ Դա իր անդրադարձն է ունեցել նաև խաչքարերի բնագավառում, որը հասել է իր զարգացման գագաթին։ Լավագույն օրինակներն են Գոշավանքի, Սանահինի և Հաղպատի, Ամաղուի Նորավանքի և Դադիվանքի (Արցախում) խաչքարերը։ Ինչպես նախորդ փուլերում, այս փուլը ևս նշանավորվել է քարգործ վարպետների ու ճարտարապետների շնորհաշատ նոր սերնդի առաջացմամբ։ Նշելի են քարգործ վարպետ Պողոսի, ճարտ-ներ Մինասի, Գալձակի, Սիրանեսի և Մոմիկի անունները։
Աշխարհիկ շենքերի ու կառուցվածքների մի այլ խումբ են կազմում կարավանատներն ու կամուրջները, որոնց շինարարությունը՝ կապված կարավանային առևտրի զարգացման հետ, առանձնապես ծավալվել է XII_XIV դդ․։ Սրանցում ևս դրսևորվել են ճարտարագիտ․ մտքի թռիչքները, կառուցող․ մեծ վարպետությունը։ Այդ մասին են վկայում Ախուրյան և Դեբեդ գետերի կամուրջները, Սելիմի, Զորի, Ներքին Թալինի, քարվանսարայի (այժմ՝ Հրազդանում) և այլ իջևանատները։
Հայկ․ քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման մի այլ տարածք է Կիլիկյան Հայաստանը։ Հնագույն (հունա-հռոմ․) և բյուզ․ ավանդույթներով հարուստ այս տարածքում առաջացած հայկ․ իշխանությունների (1080 թվից) և թագավորությունների (մինչև 1375 թ․) ժամանակ, ավատատիր․ տնտ-յան և ծով․ ու ցամաք․ տարանցիկ առևտրի զարգացման պայմաններում ծավալվել է նավահանգստային (Այաս, Կոռիկոս, Անամուռ, Մամեստիա կամ Մսիս), ցամաքային (Սիս, Ադանա ևն) քաղաքների, հարյուրից ավելի անառիկ բերդերի (Անարզաբա, Լամբրոն, Վահկա, Պապեռոն, Գուգլակ, Կապան, Բերդուս, Բարձրբերդ, Տումլուբերդ, Կանչիբերդ, Օձաբերդ, Մուդ ևն), եկեղեց․ ու աշխարհիկ շենքերի շին․։ Երկրի վարչ․ կենտրոնն էր Սիսը՝ հայտնի իր եռատակ պարիսպներով, միջնաբերդով, պալատ․ շքեղ շենքով, Ս․ Սոֆիայի հոյակապ տաճարով և 1241-ին հիմնադրված հիվանդանոցով, Ներսես Լամբրոնացու համալսարանով, դպրոցով, ստորերկրյա ընդարձակ տարածություններով։ Տեղական որոշակի առանձնահատկություններով հանդերձ Կիլիկյան Հայաստանի քաղաքաշինությունը, ամրաշինությունը և շինարվեստն ի հայտ են բերում զարգացած միջնադարի Կենտր․ Հայաստանի նույն բնագավառների հատկանիշներ, որոնք նրանց անբաժանելի մասն են կազմում։
XIV_XVI դդ․ մոնղոլների և այլ ասպատակողների երկարատև տիրապետության պայմաններում Հայաստանն ապրեց տնտ․ և ստեղծագործ․ անկման երկարատև մի ժամանակաշրջան։ Թեև հայտնի են առանձին ճարտարապետների և խաչքարեր կերտող զգալի թվով վարպետների անուններ, սակայն նրանց ստեղծած գործերի մակարդակը չհասավ զարգացած միջնադարի մակարդակին։ Հայաստանում ավատատիրական տնտեսության, առևտրի և արհեստագործության մասնակի վերականգնումն առաջացրել է նաև շին․ գործի որոշ աշխուժացում։ Սկսվել է հայ ճարտ-յան զարգացման ուշ միջնադարյան փուլը՝ առավել շոշափելի Արլ․ Հայաստանում։
Հայ եկեղեցու կենտրոնը Սսից 1441-ից վերստին Էջմիածին վերադարձնելուց հետո Մայր աթոռը շին․ գործունեություն է ծավալել սկզբում Արարատյան