դաշտում։ Հետզհետե այն տարածվել է Սյունիքում, Արցախում, Գողթնում, Վասպուրականում, Պարսկահայքում և Հայաստանի այլ մասերում։ Գոյություն ունեցող ու կիսավեր դարձած վանքերում կատարվել են վերականգնման աշխատանքներ, եկեղեցիներին կցվել զանգակատներ (Էջմիածնի Մայր և Հռիփսիմեի տաճարներին) ու կամարակապ նախասրահներ (Գայանեի տաճարին)։ Կառուցվել են եկեղեց․ ու վանքապատկան նոր շենքեր։ Միևնույն ժամանակ կառուցվել են վանքային նոր համալիրներ՝ հիմնականում կիրառելով անգմբեթ, եռանավ տիպը։ Կառուցվել են նաև գմբեթավոր բազիլիկ, ավելի սակավ՝ գմբեթավոր դահլիճ տիպերի պատկանող եկեղեցիներ։ Վանք․ նոր համալիրների կառուցապատումը բնութագրվում է իրենց կազմի մեջ մտնող եկեղեց․ և քաղաքաց․ շենքերի ոճական, ծավալատարած․ ու գունային միասնականությամբ։ Այդպիսիք են Արարատյան դաշտում՝ Մուղնու Ս․ Գևորգ, Խոր վիրապի, Երևանի Զորավոր, Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատի, Շատինի, Բեխի (Տանձափարախի), Շինուհայրի, Արցախում՝ Ամարասի, Տողի, Երից մանկանց, Նախիջևանում՝ Աստապատի Ս․ Ստեփանոս, Ագուլիսի Ս․ Թովմայի, Վասպուրականում՝ Կտուց և Լիմ կղզիների, Մոկսի Ս․ Խաչ և Ս․ Ամենափրկիչ, Ապարանքի Ս․ Խաչ, Պարսկահայքում՝ Ս․ Թադեի և Ս․ Ստեփանոս Նախավկա վանքային համալիրները։ Նորակառույց վանքային համալիրների մյուս առանձնահատկությունը կոմունալ, տնտ․ շենքերի և խցերի տեղադրությունն է վանքատարածության ներսում, պարիսպների պարագծով, բոլոր կողմերից (Խոր վիրապի, Տաթևի Մեծ անապատի, Ամարասի, Ս․ Թադեի և Ս․ Ստեփանոս Նախավկայի) կամ առանձին հատվածներում (Շնհերի Կուսանաց անապատ, Շատինի, Աստապատի Ս․ Ստեփանոս, Ագուլիսի Ս․ Թովմայի և այլ վանքերում)։
Քարի գեղ․ մշակման գլխ․ բնագավառը գերեզմանաքարերն ու խաչքարերն են։ Շարունակելով միջնադարյան ավանդույթները՝ այս բնագավառը, սակայն, չի հասել նոր մակարդակի։ Ուշ միջնադարյան խաչքարերի մեծ կուտակումներ կան Նորատուսում, Գավառում, Առինջի և Ջուղայի գերեզմանատներում, կենցաղ․ բովանդակությամբ բարձրաքանդակված գերեզմանաքարեր՝ Գնդեվանքում, Հացառատում, Արենիում և այլուր։
Տնտ․ կյանքի վերականգնման ու զարգացման հետ է կապված վանք․ համալիրներում և գյուղ․ վայրերում արտադր․ բնույթի շենքերի (հնձաններ, ձիթհաններ ու ջրաղացներ) շին․։ Ժող․ բնակելի տան ճարտ․ մեջ գլխատունը շարունակում է մնալ հիմն․ տիպ։ Ծայր առած ազգ-ազատագր․ շարժումները թելադրել են ամրացնել միջնադարյան բերդերը, կառուցել պաշտպան․ նոր հենակետեր (Հալիձորում, Մեղրիում), նույնիսկ առանձին եկեղեցիներ օժտել պաշտպան․ հնարավորություններով (Արուճ, Աշտարակի Ծիրանավոր, Բյուրականի Ս․ Հովհաննես) կամ վանքային տարածությունները շրջապատել պարիսպներով (Էջմիածնի Մայրավանք, Հռիփսիմեի և Գայանեի տաճարներ, Հովհաննավանք, Գնդեվանք ևն)։
1828-ից, երբ Արլ․ Հայաստանը միավորվել է Ռուսաստանին, հայկ․ մշակույթը կրել է ռուս-ի որոշ ազդեցությունը։ Արլ․ Հայաստանի մի շարք քաղաքներ՝ Երևանը, Ալեքսանդրապոլը, Կարսը, Նոր Բայազետը, Գորիսը, մասամբ՝ Վաղարշապատը, կառուցապատվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով կազմված գլխ․ հատակագծերով։ XIX դ․ և XX դ․ սկզբին որոշ չափով բարձրացել է նշված քաղաքների բարեկարգման մակարդակը, կառուցվել են հաս․, վարչ․ և ուս․ շենքեր, քաղաքատիպ բնակելի տներ՝ ռուս․ կլասիցիզմի ոճի ազդեցությամբ։
Ուշ միջնադարյան ու XX դարը նշանավորել են նաև հայկ․ քաղաքաշինության և ճարտ-յան զարգացումն արտերկրի հայկ․ գաղթավայրերում։ Նախագծվել ու կառուցապատվել են Պարսկաստանում՝ Նոր Ջուղա, Մոլդովայում՝ Գրիգորիուպոլիս, Ռուսաստանում՝ Նոր Նախիջևան և Արմավիր քաղաքները, հայկ․ թաղեր՝ Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Աստրախանում, Մոսկվայում, կառուցվել եկեղեց․, առևտր․, ուս․ շենքեր։ Դրանց մեծ մասի ճարտ-յանը բնորոշ է այլաոճությունը։
Հայ ճարտ-յան զարգացման նորագույն փուլը սկզբնավորվել է, երբ Հայաստանում հաստատվել է խորհրդ․ իշխանությունը (1920)։ Կառավարության գլխ․ մտահոգությունը մայրաքաղաք Երևանի հիմն․ վերակառուցումն էր համաձայն ճարտ․ Ա․ Թամանյանի՝ 1924-ին հաստատված գլխ․ հատակագծի, որի իրականացումն սկսվեց 1920-ական թթ․ կեսից ծավալված շին-յան ընթացքում։ Վերակառուցվող փողոցների ուղղությամբ և անկյուններում սկսեցին տեղադրվել ճարտ-ներ Ա․ Թամանյանի, Ն․ Բունիաթյանի, Կ․ Հալաբյանի, Հ․ Մարգարյանի, Ա․ Ահարոնյանի նախագծած շենքերը։ Զուգահեռաբար ստեղծագործ․ որոնումների միջոցով մշակվեցին Երևանի կլիմայական պայմաններին համապատասխանող մեկ և սակավահարկ բնակելի տներ՝ ճարտ-ներ Ա․ Թամանյանի, Ն․ Բունիաթյանի, Բ․ Արազյանի, Ֆ․ Աղալյանի, Ա․ Ահարոնյանի նախագծերով՝ տեղ գրավելով Երևանի կենտրոնում։ Ճարտ-ներ Ա․ Թամանյանի, Հ․ Քաջազնունու ջանքերով կատարվեցին բնակելի համալիրների կառուցապատման առաջին փորձերը՝ տիպային նախագծերով։ 1920-ական թթ․ են նախագծվել ու սկսել կառուցվել Երևանի կարևորագույն հաս․ շենքերը՝ ժողտան թատրոնը (օպերայի և բալետի թատրոն) և Կառավարական տան առաջին հերթը