անջատ բանակցություններով, որոնց նպատակն էր ի հաշիվ ազգ․ փոքրամասնությունների (հայեր, հույներ, արաբներ ևն) շահերի արտոնություններ կորզել իրենց համար այդ երկրում։ Այդպիսով, «Հ․ա․օ․» անորոշ հասկացությունը գալիս էր փոխարինելու Սևրի պայմանագրով նախատեսված հայկ․ «ազատ և անկախ» պետություն հասկացությանը, որը նշանակում էր Հայկական հարցի վերջնական ձախողում, ինչն իր տրամաբան․ վախճանն ունեցավ Լոզանի պայմանագրում (տես Լոզանի կոնֆերանս 1922_23), որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի և նրանց պահանջատիրության մասին։ Այդ կոնֆերանսում լորդ Քերզոնի այն խնդրանքին, թե պատերազմի ժամանակ «մեծ կորուստներ կրած և անչափ դաժան տառապանքների ենթարկված» արևմտահայերն արժե, որ մի «ազգային օջախ» ունենան Թուրքիայի հս-արլ․ նահանգներում կամ Կիլիկիայի և Սիրիայի հվ-արլ․ սահմանագծի վրա, թուրք․ պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինենյուն պատասխանել է, որ այդպիսի «օջախի» ստեղծումը հավասարազոր է Թուրքիայի անդամահատմանը, որին միշտ հետամուտ են եղել եվրոպ․ տերությունները, և այդ պատճառով էլ նա մի «պատառ իսկ» հող չի կարող գտնել իր տարածքում այդպիսի մի ծրագիր իրագործելու համար։
Հետագայում նույնպես (ընդհուպ մինչև 1929-ը), «Հ․ա․օ․» տերմինը տեղ է գտել Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց այս անգամ արդեն «աշխարհի հզորները» այդ «ազգային օջախը» տեսնում էին ոչ թե Արմ․ Հայաստանում կամ Կիլիկիայում, այլ բուն Արլ․ Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետությունում, որն արդեն նրանց ցանկությունից անկախ, այդպիսի ազգ․ տուն էր դարձել աշխարհով մեկ սփռված հայության համար։
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂ (salarmenicum), այլալեզու և հայերեն ալքիմիական ձեռագրերում հանդիպող արտահայտություն։ Որոշ ալքիմիկոսներ (Ջաբիր, Վ․Վալենտինիուս, Ի․Հոլանդ․), Հ․ա․ համարել են «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է պատրաստել անմահության էլիքսիրը։ Տարբեր հեղինակներ Հ․ա․ են անվանել սովորական կերակրի աղը, անուշադրը, պաղլեղը, մալաքիտը, լազուրիտը և այլ նյութեր, որոնք հավանաբար արտահանվում էին Հայաստանից։ Հայկ․ ձեռագրերում հանդիպում է նաև հայատառ սալարմենիկում ձևը։ Չի բացառվում նաև, որ վերջինս սալամոնիակում բառի աղավաղված ձևն է (սալամոնիակում-սալարմոնիակում-սալարմենիակում)։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ», գրական, մանկավարժական և կրոնական ամսագիր։ Լույս է տեսել 1864_71, 1874_79-ին, Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում։ Խմբագիր-հրատ․ Խորեն Ստեփանե (Ստեփան Ստեփանյան)։ Ծանոթացրել է գրակ․ կյանքի իրադարձություններին, տպագրել նյութեր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի ու գրակ-յան վերաբերյալ։ Աջակցել և ուղղություն է տվել հայ մանկավարժների գործունեությանը, անդրադարձել կանանց կրթության ու դաստիարակության հարցերին։ Ներկայացրել է Վ․Բելինսկու, Ն․Դոբրոլյուբովի, Դ․Պիսարևի և այլոց մանկավարժ․ հայացքները։ Հանդեսում տեղ են գտել Գ․Արծրունու հոդվածներն ու հաղորդումները, Մ․ Պեշիկթաշլյանի, Պ․ Մադաթյանի (Սեյադ) բանաստեղծությունները, ռուս և եվրոպ․ հեղինակների գործեր։ Լայն տեղ է հատկացրել հայ եկեղեցուն, նրա պատմությանը, հայ աստվածաբանության հարցերին, շեշտել կրթված հոգևորականներ ունենալու անհրաժեշտությունը։ Աշխատակցել են Զ․ Գրիգորյանը, Ռ․ Հասան-Ջալալյանը, Հ․ Քուչուբեկյանը, Հ․ Առաքելյանը և ուր․։ 1864_65-ին կոչվել է «Հայկական աշխարհի կռունկ»։ «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի շարունակությունն է։
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, գիտական-հասարակական կազմակերպություն։ Զբաղվում է գիտ․, լուսավորչ․, բնապահ․, քարտեզագր․ գործունեությամբ։ Հիմնվել է 1935-ին, Երեվանում։ 1947_95-ին գործել է ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր (1995-ից՝ ինքնակառավարվող)։ Միավորում է աշխարհագրության, բնապահպանության ու բնօգտագործման և հարակից բնագավառների մասնագետների, գիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտների գործիչների և կազմակերպությունների։ Հիմն․ խնդիրներն են նպաստել աշխարհագր․ գիտությունների զարգացմանը, ուս․ հաստատություններում աշխարհագրության դասավանդմանը, բնակչության բնապահպան․ դաստիարակությանը, կոորդինացնել աշխարհագր․ ԳՀ աշխատանքները, մասսայականացնել ու պրոպագանդել աշխարհագր․ գիտությունների նվաճումները ևն։ Ունի մարզային ու քաղաքային բաժանմունքներ, մոտ 300 իսկ․, 14 կոլ․ անդամ (1999)։ Բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ (7-րդը՝ 1995-ին)։ Հ․ա․ը-յան պատվավոր անդամներ են եղել Ա․Իսահակյանը, Դ․Դեմիրճյանը,