Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րության մեջ Fe2O3-ի քանակով։ Արդյունահանվել է Հայաստանում (Անիի և ներկայիս Իջևան քաղաքի շրջակայքում) և Պարսկաստանում։ Հայաստանից արտահանվել է Արմ-ի և հատկապես Արլ-ի երկրներ և մեծ համբավ է ունեցել։ Ավելի ուշ արդյունահանվել է նաև Իտալիայում և Ֆրանսիայում։ Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են Հ․կ․ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։

Հ․կ․ առաջինը հիշատակել է բժշկապետ Դիոսկորիդեսը (I դ․)։ Սխալմամբ արլ-ում Հ․կ․ է կոչվել Լեմնոս կղզուց արտահանվող՝ Լեմնոսի կավը, որը, ինչպես և Հ․կ․, օգտագործվել է կնիք դնելիս և կոչվել կնքակավ։

Հայ միջնադարյան մատենագրության մեջ Հ․կ․ հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հ․կ-ի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՍԱԿՈՊՏԱԲՈՒՐԴ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, մսաբրդակաթնատու կիսակոպտաբուրդ, ճարպապոչավոր ոչխարներ։ Ստացվել է (1931-84-ին) կոպտաբուրդ բալբաս և նրբագեղմ ու կիսանրբագեղմ ցեղերի տրամախաչումից (Ա․ Ռուխկյանի ղեկավարությամբ)։ Ցեղի ներսում տարբերում են արագածյան և մարտունու ներցեղային տիպերը։ Ցեղը բուծվել է Արագածի (Արագածոտնի մարզ) և Ծակքարի (Գեղարքունիքի մարզ) տոհմային գործարաններում, Զոլաքարի, Ձորաղբյուրի, Վարդենիկի (Գեղարքունիքի մարզ) և Գնդեվազի (Վայոց ձորի մարզ) տոհմային, ինչպես նաև Վայոց ձորի ու Արարատի մարզերի մի շարք տնտեսություններում։ Խոշոր են, ունեն ամուր մարմնակազմ։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 80-90, մաքիներինը՝ 50-55 կգ (առավելագույնը, համապատասխանաբար՝ 137 և 73)։ Բրդածածկը սպիտակ է, ծամիկային և ծամիկահյուսիկային, գլխին և ոտքերին՝ մուգ նշաններով։ Խոյերի բրդատվությունը՝ 4,6-5,5, մաքիներինը՝ 2,3-3,2 կգ (առավելագույնը, համապատասխանաբար՝ մինչև 8 և 5), բրդի ելքը՝ 60-75 %։ Կաթնատվությունը 110-120 կգ է, պտղատվությունը՝ 110-115 %։ Հարմարված են լեռնային պայմաններին։ Պահպանում են ելակետային ցեղերի կենսբ․ ու տնտ․ դրական հատկանիշները։ ՀՀ-ում բուծվել է շուրջ 110 հզ․ (1999) ոչխար։

Գրկ․ Рухкян А.А. и др., Армянская полугрубошерстная порода овец, Е., 1989․


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ 1894-96, հայերի զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագր․ շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը (տես Սասունի ապստամբություններ 1894, 1904) առաջացրել է համաշխ․ առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկ․ բարենորոգումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտ․ 18-ին հնչակյանները Կ․Պոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրք․ կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրք․ ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա․ այդ օրը Կ․Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ․Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների․ 1895-ի սեպտ․ 26-ին՝ Տրապիզոնում, սեպտ․ 30-ին՝ Բաբերդում, հոկտ․ 7-ին՝ Դերջանում, հոկտ․ 9-ին՝ Երզնկայում, հոկտ․ 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտ․ 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտ․ 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտ․ 18-ին՝ Կարինում, հոկտ․ 23-ին՝ Մալաթիայում, հոկտ․ 26-ին Խարբերդում, հոկտ․ 27-ին՝ Ակնում, նոյեմբ․ 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբ․ 3-ին՝ Մարզվանում, նոյեմբ․ 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբ․ 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստ․ 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ․Պոլսում հայկ․ նոր կոտորածների։ Օգոստ․ 14-16-ին Կ․Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ․ հայ։

Հայկ․ կոտորածները իրականացրել են թուրք․ կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մահմեդ․ խուժանը՝ վայրագ եղանակներով։

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտ․ ապստամբել է Զեյթունը (տես Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրք․ կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մահմեդ․ խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլ․ հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրք․ կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հզ․