Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրք-քրդ․ ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած հերոս․ դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր։

Ինքնապաշտպան․ մարտերում ծնվել են ժող․ հերոսներ Գևորգ Չավուշը, Փարամազը, Հրայրը (Ուրվական), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուր․, որոնք իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։

1895-96-ի կոտորածները համաշխ․ պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100000 բռնի մահմեդականացվել, 100000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արմ․ Հայաստանի և Օսմ․ կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգ․ և տնտ․ ճնշումը։

Եվրոպ․ տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկ․ հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկ․ կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուր․ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Գրկ․ Կիրակոսյան Ջ․Ս․, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք 1, Ե․, 1982։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու․ Մ․Գ․Ներսիսյանի խմբագրությամբ, Ե․, 1991։ Саркисян Е.К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв․, Е․, 1972․


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍ, Հայոց ազգային կորպուս, զինվորական միավորում։ Ստեղծվել է 1917-ի դեկտ․, ձևավորվել 1917-ի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։ Ազգայնացված բանակի խնդիրն էր արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը և պետության ներքին կյանքում կարգուկանոնի հաստատումը։

1917-ի ապրիլի 9-ին գեն․ Թ․Նազարբեկովն ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917-ի հոկտ․ Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխ․ հրամանատարին՝ հայկ․ ազգ․ գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917-ի դեկտ․ 13-ին ստեղծվել է Հ․կ․, հրամանատար է նշանակվել գեն․ Թ․Նազարբեկովը, շտաբի պետ՝ Վեշինսկին, հատուկ կոմիսար՝ Դ․Կանայանը (Դրո)։ Հ․կ-ին աջակցել է նաև Հայկ․ զինվ․ միությունը՝ Ա․Շահմազյանի գլխավորությամբ։ Հ․կ-ի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ Անդրանիկի հրամանատարությամբ։ Հ․կ․ ուներ 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ (յուրաքանչյուրում՝ 4-ական գունդ), հեծելազորային բրիգադ (2 գունդ, յուրաքանչյուրում՝ 400-ական մարդ), Արևմտահայկ․ դիվիզիա, Ա բրիգադ (Էրզրումի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Երզնկայի գունդ (2 գումարտակ), Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ), Վանի գունդ (2 գումարտակ), Զեյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր՝ Լոռու, Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը (2-ական գումարտակ), Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ 1918-ի մարտի 31-ի տվյալներով Հ․կ․ ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։ 1918-ի հուլիսի 26-ին գեն․ Նազարբեկովի հրամանով Հ․կ․ վերակազմավորվել է Ազգ․ դիվիզիայի, որի հիման վրա էլ 1920-ին ստեղծվել է ՀԽՍՀ կարմիր բանակը։

Հ․կ․ մասնակցել է հայ ժողովրդի՝ թուրքական զավթիչների դեմ 1918-20-ին մղած հերոսամարտերին։

Գրկ․ Վրացյան Ա․, Հայաստանի Հանրապետություն, Բեյրութ, 1958։ Армянский корпус против турецких войск (ноябрь 1917 г․ – июль 1918 г․)․ Воспоминания генерала Ф.И. Назарбекова, ԲՀԱ, № 3, 1992․


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԿԵՍԻ ԿՈԼԵԿՏԻՎ, կազմակերպվել է 1956-ին՝ Վ․ Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկ․ կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտ․ պահանջմունքները բավարարող, ազգ․ դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը՝ կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգ․ բնորոշ գույներով, տարազներով ու արտահայտչամիջոցներով, ժանր․ բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։

Առանձնապես նշանակալից էին