Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վար և դիրիժոր՝ Ս․Մելիքյան, 1921-ին՝ Կ․Զաքարյան։ Հայ երաժշտ․ աշխատավորների միության կազմակերպումով (1921) ընկերությունը դադարել է գործել։


ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ, Հայաստանի կառավարիչների կոչումն ու պաշտոնը V-IX դարերում։ Հայաստանի բյուզ․ մասի կառավարիչները V-VI դդ․ կոչվում էին Հ․ի․, Բարձր Հայքի կառավարիչը՝ Մեծ Հայքի իշխան։ 591-ից հետո, երբ Հայաստանի մեծ մասն անցել է Բյուզանդիային, կառավարիչները կոչվում էին Պատրիկ Հայոց։ VII դ․ Հ․ի․ էր կոչվում միավորված Հայաստանի անկախ կառավարիչը, որին ընտրում էր նախարար-իշխանների ժողովը։ Արաբ․ տիրապետության շրջանում Հ․ի․ (արաբ․ բաթրիկ) էր Հայաստանի կառավարիչը, որը ենթակա էր Արմինիայի ոստիկանին։ Հսկում էր հարկերն ու անձամբ բանակցում խալիֆայի հետ։

IX դ․ 1-ին կեսին Հ․ի․ կոչվում էր Իշխանաց իշխան (արաբ․ բաթրիկ ալ բաթարիկա), որին ենթակա էր ամբողջ Արմինիան (Հայաստան, Վիրք, Աղվանք)։

Ցանկ Հայոց իշխանների (VII-IX դդ․)․ Թեոդորոս Ռշտունի (639-654), Համազասպ Մամիկոնյան (654-661), Գրիգոր Մամիկոնյան (661-685), Աշոտ Բագրատունի (685-689), Ներսեհ Կամսարական (689-693), Սմբատ Բագրատունի (693-701), Սմբատ Բագրատունի (701-726), Աշոտ Բագրատունի (732-748), Մուշեղ Մամիկոնյան (748-753), Սահակ Բագրատունի (753-770), Սմբատ Բագրատունի (770-775), Աշոտ Բագրատունի (775-781), Տաճատ Անձևացի (781-785), Աշոտ Մսակեր Բագրատունի (790-826), Բագրատ Բագրատունի Իշխանաց իշխան (826-851), Սմբատ Բագրատունի (851-855), Աշոտ Բագրատունի (855-862), ապա (862-884)՝ Իշխանաց իշխան, հետո (885-890)՝ թագավոր Հայոց։


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, տես Հայերեն։


ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ (ՀՀՇ), քաղաքական կուսակցություն։ Ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում, դրույթները մշակել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն։

ՀՀՇ I ծրագիրն ու կանոնադրությունն ընդունվել են 1989-ի նոյեմբերի հիմնադիր համագումարում։ ՀՀՇ խնդիրն էր համազգ․ շարժման մեջ միավորել կոմունիստական վարչակարգի դեմ պայքարող բոլոր կազմակերպություններին և անհատներին։ ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ ընտրությունների (1990-ի մայիս) արդյունքում ՀՀՇ եկավ իշխանության․ ԳԽ նախագահ ընտըրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ՝ Վազգեն Մանուկյանը։ Շարժման կարգավիճակի և իշխանությունների հետ հարաբերությունների հարցերում առաջացած ներքին հակասությունների հետևանքով 1991-ին Վ․Մանուկյանը համախոհների հետ դուրս եկավ ՀՀՇ-ից և հիմնեց Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), 1993-ին ՀՀՇ-ից հեռացածների մի այլ խումբ հիմնեց ազգային առաջադիմություն կուսակցությունը (ԱԱԿ)։

Հայաստանի անկախացման (1991-ի սեպտ․), ծրագրային շատ դրույթների իրականացման և կազմակերպությունում տեղի ունեցած փոփոխությունների թելադրանքով 1992-ին ՀՀՇ IV համագումարն ընդունեց նոր ծրագիր և կանոնադրություն։

1995-ի հուլիսին ՀՀ սահմանադրության ընդունումից և Ազգ․ ժողովի ընտրություններից հետո, ՀՀՇ ծրագրում և կանոնադրության մեջ կատարվել են նոր փոփոխություններ։

ՀՀՇ նպատակն է ժողովրդի բարեկեցության բարձրացումը և ազգի զարգացումը, ինչին կարելի է հասնել անկախ, ժողովրդավարական, իրավական պետության և քաղաքաց․ հասարակության ստեղծմամբ։ ՀՀՇ գաղափարախոսության հիմքում ազգ․ բարդույթ դարձած աշխարհի ուժեղների հանդեպ ավանդական պահանջի հաղթահարումն է, քաղ․ վնասակար դոգմաներից հրաժարումը, սեփական ուժերի վրա հենվելու գաղափարը ժողովրդի մեջ ներարկելը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ գտնվում է բարդ աշխարհաքաղ․ տարածաշրջանում, որ Մերձ․ և Միջին Արլ-ի երկրների շահերն արտաքին քաղաքականության բնագավառում հակասական են, և ելնելով ստեղծված իրավիճակից ու հարգելով խաղաղ գոյակցության միջազգ․ նորմերը՝ ՀՀՇ իր քաղաքականությունը կառուցում է բարիդրացիության, բարեկամ․ հարաբերությունների և միջազգ․ համագործակցության սկզբունքներից ելնելով, կողմնակից է տարածաշրջանային համագործակցության և կոլեկտիվ անվտանգության։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ՀՀՇ ելնում է ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքների միջազգ․ նորմերից, հարցի լուծումը տեսնում միայն խաղաղ ճանապարհով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ուղղակի բանակցությունների միջոցով։ Տնտ․ ոլորտում ՀՀՇ կողմնակից է շուկայական տնտեսությանն աստիճանական անցմանը՝ առաջնահերթ համարելով ինչպես հողի, այնպես էլ արդ․ և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների սեփականաշնորհումը։

ՀՀՇ բարձրագույն մարմինը համագումարն է, որ հրավիրվում է երկու տարին մեկ անգամ (մինչև VII համագումարը ներառյալ՝ տարին մեկ անգամ)։ Գործադիր մարմինը համագումարի կողմից ընտրված վարչությունն է [վարչության նախագահներ են եղել Վ․Մանուկյանը (1989-ի նոյեմբ․ - 1990-ի ապրիլ), Լևոն Տեր-Պետրոսյանը (1990-ի ապրիլ-սեպտ․), Դավիթ Վարդանյանը (1990-ի սեպտ․-նոյեմբ․), Վանո Սիրադեղյանը (1990-ի նոյեմբ․ - 1992-ի մարտ, վերստին՝ 1997-ի հուլիսից), Տեր-Հուսիկ Լազարյանը (1992-ի մարտ - 1997-ի հուլիս)]։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում կուս-յան աշխատանքները ղեկավարում է Հանրապետական խորհուրդը։

ՀՀՇ 1989-99-ին հրավիրել է 11 համագումար՝ բոլորը Երևանում։

1995-ի ԱԺ ընտրություններում ՀՀՇ (մասնակցել է «Հանրապետություն» դաշինքի կազմում) ստացել է 65 տեղ, կազմել ԱԺ «Հանրապետություն» խմբակցությունը, 1999-ի ընտրություններում պարտվել է, չի ստացել և ոչ մի տեղ։

1989-ից հրատարակվում է ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթը։


ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն։ Ստեղծել են «Արմենիա» լրագրի շուրջ համախմբված գործիչները, 1888-ին, Մարսելում (Ֆրանսիա)՝ Մ․ Փորթուգալյանի գլխավորությամբ։ Եղել է Արմենական կազմակերպության միջուկը։


ՀԱՅՈՑ ՁՈՐ, Հավու ձոր, գավառ Մեծ