Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիա, Նոր Հաճն, Կիլիկիա, Զեյթուն ևն)։ Հ․ միանշանակ չի ընդունվել սփյուռքի հաս․ շրջանակների կողմից։ Հանդես են եկել ինչպես Հ-ի կողմնակիցներ, այնպես էլ՝ հակառակորդներ (հատկապես 1-ին և 2-րդ փուլերում)։ 1920-30-ական թթ․, ինչպես նաև երկրորդ համաշխ․ պատերազմից հետո, Հայաստանում եղած բազմաթիվ դժվարություններն իրենց կնիքը դրեցին հայրենադարձների ընդունման գործի կազմակերպման վրա։ Կոմունիստական վարչակարգի հալածանքներից (1949-53) զերծ չմնացին նաև հայրենադարձները։

Հետագա տարիներին (սկսած 1970-ական թթ․ կեսից, երբ ԽՍՀՄ տնտեսությունը թևակոխեց լճացման շրջանը) Հ․ նվազեց։ Ավելին, երկրում սոց-տնտ․ կյանքի լուրջ փոփոխությունների հետևանքով սկսվել է արտագաղթ Հայաստանից, որն առանձնապես մեծ չափեր է ընդունել 1980-ական թթ․ վերջից։

Գրկ․ Մելիքսեթյան Հ․Ու․, Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980), Ե․, 1985։


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ 1941-1945, ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմը ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) կարևորագույն և վճռական մասը։ Սկսվել է 1941-ի հունիսի 22-ին, ավարտվել 1945-ի մայիսի 8-ին։ Հարձակվելով ԽՍՀՄ-ի վրա՝ Գերմանիան մտադրվել էր, կիրառելով պատերազմավարության «Բարբարոսա» ծրագիրը, արագաշարժ խմբավորումներով խորանալ երկրի ներսը և 9-17 շաբաթվա ընթացքում ոչնչացնել խորհրդ․ բանակի հիմն․ մասը։ Պատերազմն ունեցել է երեք հիմն․ փուլ։ Առաջին (1941-ի հունիսի 22 - 1942-ի նոյեմբ․ 18)․ ամբողջությամբ վերցրած այս փուլը շատ ծանր էր խորհրդ․ ժողովուրդների և նրա զինված ուժերի համար։ Գերմանիան գրավեց երկրի տարածքի այն մասը, որտեղ մինչև պատերազմը բնակվում էր բնակչության 42 %-ը։ Սակայն ֆաշիստ․ Գերմանիան չհասավ իր նպատակին։ Ռազմաճակատում հերոսական գործողությունների և թիկունքում աշխ․ սխրանքների շնորհիվ 1942-ի վերջին հնարավորություն ստեղծվեց պատերազմի ընթացքը փոխել հօգուտ ԽՍՀՄ-ի։ Պատերազմի երկրորդ փուլում (1942-ի նոյեմբ․ 19 - 1943-ի վերջ) արմատական բեկում կատարվեց պատերազմի ընթացքի մեջ։ Խորհրդ․ զորքերը մարտերով անցան 500-1300 կմ և ազատագրեցին թշնամու գրաված տարածքի գրեթե կեսը։ Ջախջախվեցին թշնամու 266 դիվիզիաներից 218-ը։ Դա արմատապես փոխեց դրությունը միջազգ․ ասպարեզում և վճռական ազդեցություն ունեցավ երկրորդ համաշխ․ պատերազմի ելքի վրա։ Ուժեղացավ հակաֆաշիստ․ շարժումը գրավված երկրներում, աշխուժացավ Դիմադրության շարժումը։ Խորացավ ճգնաժամը ֆաշիստ․ խմբավորման ներսում, և ամրապնդվեց հակաֆաշիստ․ կոալիցիան։ Որոշվեց 1944-ին բացել երկրորդ ճակատը։ Պատերազմում արմատական բեկման վճռական դերը պատկանում էր ԽՍՀՄ-ին։ Պատերազմի երրորդ փուլում (1944-ի հունվ․ - 1945-ի մայիսի 9) ԽՍՀՄ հաղթանակներն ունեցան քաղ․ և ռազմ․ մեծ նշանակություն։ Գրեթե ամբողջությամբ ազատագրվեց ԽՍՀՄ տարածքը, վերականգնվեց պետ․ սահմանը Բարենցի ծովից մինչև Սև ծով։ Ֆաշիստ․ Գերմանիան գրեթե զրկվեց բոլոր դաշնակիցներից և քաղաքականապես լրիվ մեկուսացավ։ Խորհրդ․ բանակի մարտական գործողությունները տեղափոխվեցին ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Խորհրդ․ զինված ուժերի վճռական հաղթանակները նպաստեցին Ղրիմի կոնֆերանսի (1945) հաջողությանը։ 1945-ի փետր․ կայացավ Յալթայի կոնֆերանսը, որտեղ համաձայնեցրին դաշնակիցների ռազմ․ ծրագրերը՝ ֆաշիստ․ Գերմանիայի վերջնական ջախջախման գործում։ Մայիսի 8-ին ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ 1945-ի օգոստ․ 8-ին ԽՍՀՄ պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Օգոստ․ 20-ին ջախջախվեց Կվանտունյան բանակը։ 1945-ի սեպտ․ 2-ին Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Ավարտվեց երկրորդ համաշխ․ պատերազմը։

Խորհրդ․ ժողովուրդների հետ թշնամու դեմ բոլոր ճակատներում (Մոսկվայի, Կովկասի, Ստալինգրադի, Լենինգրադի ճակատամարտերում, Բեռլինի օպերացիայում) հերոսաբար մարտնչեցին նաև հայ ժողովրդի զավակները (թվով ավելի քան 500 հզ․)։ Նրանցից շուրջ 200 հզ․ զոհվեց մարտերում։ Պատերազմին մասնակցեցին հայկ․ ազգ․ հինգ դիվիզիաներ [տես Հայկական դիվիզիաներ ԽՍՀՄ հայրենական պատերազմում (1941-1945)]։ Հայ ժողովըրդի զավակներից 103-ը արժանացան Խորհրդ․ Միության հերոսի կոչման,

23 հայ զինվոր՝ Փառքի երեք աստիճանի շքանշանների, ավելի քան 70 հզ․ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ և ծովակալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքերում էին բանակի գեն․ Հ․Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդ․ Միության մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ․Իսակովը, ավիացիայի մարշալ Ս․Խուդյակովը (Ա․ Խանփերյանց), Հ․ Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխ․ մարշալ), գեներալներ Մ․ Պարսեղովը, Ս․ Գալաջևը, Ս․ Մարտիրոսյանը, Ի․ Վեքիլյանը, Հ․ Մարտիրոսյանը, Ն․ Սաֆարյանը, Ա․ Կարապետյանը, Հ․ Թումանյանը, Բ․ Առուշանյանը և ուր․։ Հայ ժողովրդի զավակները մասնակցեցին նաև թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական շարժմանը (տես Միկոյանի