Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատուռը»։ Առաջինը VI-VII դդ․ բնորոշ մաստարայատիպ կառույց է, կենտրոնագմբեթ, խաչաձև եկեղեցի, որը հվ-արլ-ից ունի ուղղանկյուն հատակագծով ավանդատուն։ Հետագայում (հավանաբար XII դ․) եկեղեցուն հվ-արմ-ից կցված ավանդատան վրա XIII դ․ Սարգիս Ճոնը բարձրացրել է երկրորդ հարկի մատուռը։ «Ճգնավորի մատուռը» գտնվում է համալիրի հվ-արմ․ մասում, ժայռաբեկորի վրա։ Ունի ուղղանկյուն հատակագիծ, միակ մուտքը հս-ից է։ Պատմ․ աղբյուրներից հայտնի է, որ վանքն ավերվել է XI դ․ սելջուկյան արշավանքների ժամանակ և նորոգվել XII դ․ Գրիգոր առաջնորդի կողմից։ Նույն դարի վերջին Զաքարե ամիրսպասալարը գնելով Հ․ ու շրջակա հողերը՝ սկսել է Ս․ Աստվածածին եկեղեցու շինարարությունը․ ըստ շին․ արձանագրության ավարտվել է 1201-ին, կառուցվել նաև պարիսպը, որից մի փոքր հատված կամարակապ մուտքով պահպանվել է վանքի արլ․ մասում։ Վանքի գլխ․ Ս․ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է։ Արմ․ կողմի երկրորդ հարկի ավանդատները փոխարինված են հայկ․ ճարտ․ մեջ եզակի հանդիպող սյունազարդ օթյակներով։ Կառույցն ուշագրավ է կառուցող․ բարձր արվեստով, հատկապես՝ արլ․ ճակատի հորինվածքում Զաքարե և Իվանե եղբայրների կտիտորական հարթաքանդակով։ Ս․ Աստվածածին եկեղեցու գավիթը (կառուցվել է մինչև 1224 թ․, Վահրամ Հեճուպ իշխանի կողմից) պատկանում է քառասյուն գավիթների տիպին, կից է Ս․ Աստվածածին եկեղեցուն արմ-ից և իր մեջ է առնում Ս․ Գրիգոր եկեղեցու հս․ աբսիդը։ Ս․ Գրիգոր եկեղեցուց հվ-արլ․ պահպանվել է վանքի դպրատան՝ քառասյուն գավիթների տիպի կառույցի հս-արմ․ փոքր հատվածը։ Համալիրից հս-արլ․ գտնվող հին գերեզմանատանը Ս․ Հարություն գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (ըստ արձանագրության կառուցվել է մինչև 1216 թ․) ավերակներն են։ Այս շրջանից պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ (մինչև 1334 թ․)։

1850-ին Գյումրիում ստեղծված Հառիճի ընկերությունը լայնածավալ շին․ աշխատանքներ է ձեռնարկել Հառիճավանքում։ 1850-81-ին հուշարձանախմբից հս․, ավերված պարսպի տեղում կառուցվել է ուսումնարան, մառան-խոհանոց, ննջարան, սեղանատուն և տնտ․ շինություն։ Հետագայում ուսումնարանի վրա ավելացվել է երկրորդ հարկ՝ որպես վեհարան, իսկ տնտ․ շինության վրա՝ ժառանգավորաց դպրոցը։ 1883-84-ին կառուցվել է երկրորդ կամարակապ դարպասը՝ կից կրկնահարկ շինությամբ։ 1892-ին Ս․ Գրիգոր եկեղեցուն արլ-ից կցվել է զանգակատուն։ 1893-ին կառուցվել է ձորամիջի կամուրջը, որով և ավարտվել է ընկերության շին․ գործունեությունը։

Գրկ․ Ջալալյան Ա․, Հառիճի հուշարձանախումբը, ԼՀԳ, 1986, № 2։ Халпахчьян О.Х., Архитектурные ансамбли Армении 8 в. до н.э. – 19 в․ н․ э․, М․, 1980․

ՀԱՌԻՃԻ ԴՊՐՈՑ, գործել է Հառիճ գյուղի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում) համանուն վանքում։ Հ․դ-ի գործունեության մասին մինչև 1850-ական թթ․ հավաստի տվյալներ չկան։ 1856-57-ին Հառիճավանքում բացվել է կիսագիշերօթիկ դպրոց։ 1872-ին ունեցել է 63 աշակերտ։ 1888-ին եղել է երկդասյան դպրոց՝ 5 բաժանմունքով։ 1896-ին ցար․ կառավարությունը փակել է, 1907-ին վերաբացվել է Հառիճ գյուղում՝ որպես երկսեռ ծխական դպրոց, 1913-14 ուս․ տարում դարձել է 6-ամյա, ապա՝ միջնակարգ։ 1887-89-ին Հ․դ-ում սովորել է Ա․Իսահակյանը։


ՀԱՌԻՃԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Հառիճավանքի ընկերություն, Հառիճի վանական ընկերություն, մշակութային կրթական կազմակերպություն։ Ստեղծվել է 1850-ին, Գյումրիում՝ տեղի հայրենասեր երիտասարդների նախաձեռնությամբ։ Նպատակն էր նորոգել և պահպանել Շիրակի ճարտ․ գոհարներից մեկը՝ Հառիճի Ս․Աստվածածին տաճարը։ Հ․ը․ գործել է մինչև 1910-ական թթ․։

Գրկ․ Հառիճայի վանական ընկերության հիշատակարանն ու հաշիվը 1850-1882 թթ․, Ալեքսանդրապոլ, 1909։


ՀԱՍ, հարկ հին և միջնադարյան Հայաստանում։ Սկզբնապես Հ․ կոչվել են դրամական և բնամթերային ուղղակի հարկերը։ Սկզբնաղբյուրներում հիշվում է իբրև միանվագ անձն․ դրամական տուրք, հողային եկամտահարկ կամ տուրք պատերազմ․ ավարից։ Եկեղեց․ հարկային համակարգում Հ․ հոգևորականությանը տրվող տուրք էր, տասանորդ։ Ըստ ուսումնասիրողների՝ Հ․ Արշակունիների ժամանակ գլխահարկ (ծխահարկ) էր, իսկ արաբ․ տիրապետության, Բագրատունիների թագավորության և հետագա ժամանակաշրջանում՝ հողահարկ (Հ․Մանանդյան), վաղ միջնադարում Հ․ հողահարկ էր (Ն․ Ադոնց, Թ․ Ավդալբեգյան), որը կազմել է բերքի 1/3, 1/4, 1/5 կամ 1/6 մասը։

Գրկ․ Ավդալբեգյան Թ․, Հայագիտական հետազոտություններ, Ե․, 1969։ Մանանդյան Հ․, Հայաստանի արքունի հարկերը մարզպանության շրջանում, Երկ․, հ․4, Ե․, 1981։ Ադոնց Ն․, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե․, 1987։


ՀԱՍԱՆ ԿՐՈՆԱՎՈՐՅԱԼ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XII դարի իշխան, զորավար։ Արցախի Առանշահիկների տոհմից, Սակառյան Վախթանգի որդին, Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախադացի տերը։ 1140-ական թվականներից Արցախ-Խաչենում եղել է գահերեց։ Մարտերում բազմիցս հաղթել է սելջուկյան թուրքերին։ 1182-ին իշխանությունը հանձնել է ավագ որդուն՝ Վախթանգին, մտել Դադիվանք՝ տեղի առաջնորդ ու իր եղբայր Գրիգորիսի մոտ կրոնավորելու։ Կառուցել է Դադիվանքի փոքր եկեղեցին և վանական համալիրի օժանդակ շինությունները։


ՀԱՍԱՆԿԱԼԱ, Դեվե-Բոյնու, քաղաք