Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Բասեն գավառի կենտրոնը, Էրզրումից մոտ 42 կմ արևելք։ Հնում եղել է նշանավոր բերդաքաղաք (կոչվել է Դարույնք)։ Ղ․Ալիշանի ենթադրությամբ՝ Հ-ի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ազգական Հասանը։ Բասենի դաշտում, ժայռոտ բլուրների վրա կառուցված բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կըրկնապարիսպ (իր հերթին պարսպապատ Հ․ այդ պատճառով կոչվել է եռապարիսպ քաղաք)։ 1829-ի հուլիսի 24-ին ռուս․ բանակը գրավել է մոտ 500 բն․ (հայ և թուրք) ունեցող Հ․, սակայն Ադրիանուպոլսի պայմանագրով (1829) քաղաքը մնացել է թուրք․ տիրապետության տակ։ Հ-ի հայերի զգալի մասը 1830-ին գաղթել է Արլ․ Հայաստան։ Ռուս․ զորքը Հ․ գրավել է նաև 1878-ին, 1916-ին, սակայն թուրքերը 1918-ին դարձյալ զավթել են այն։ Հ-ի հայերը (1909-ին՝ 45 ընտանիք) բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Գրկ․ Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։

ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ ԴՈԼԱ (ծ․թ․ անհտ․ - 1260, Ղազվին, թաղվել է Գանձասարում), Հայոց Արևելից Կողմանց գահերեց իշխան, Առանշահիկների տոհմից․ Վախթանգ Տանգիկի և Խորիշահի (Սարգիս Զաքարյանի դուստր) որդին։ Հասան-Ջալալյանների տոհմի հիմնադիրը։ 1214-ին ժառանգելով Ներքին Խաչենի իշխանությունը՝ դարձել է Արցախի ու հարակից հայկ․ մյուս շրջանների գահերեցը (կոչվել է նաև «թագավոր», «ինքնակալ»)։ Փորձել է դիմակայել մոնղոլ-թաթար․ հորդաներին, սակայն ուժերի անհավասարությունը հարկադրել է ընդունել նրանց գերիշխանությունը, և Արլ․ Հայաստանը զերծ պահել ավերածություններից։ Երկու անգամ Կարակորումում այցելել է մեծ խանին, Հայաստանի համար արտոնություններ ստացել, միջնորդել, որպեսզի բարեկամ․ հարաբերություններ հաստատվեն Կիլիկյան Հայաստանի և մոնղոլների միջև։ 1260-ին միացել է մոնղոլների դեմ Վրաստանում բռնկած ապստամբությանը, որի ճնշումից հետո Արղուն խանի կարգադրությամբ սպանվել է։

Հ․Ջ․Դ․ կառուցել է Գանձասարի վանքը (1216-38), Վաճառի եկեղեցին (1251), հիմնովին վերակառուցել Կեչառիսի վանքը (1248)։ Նրա պատվերով ստեղծվել է հայկ․ առաջին համահավաք Հայսմավուրքը (1240-ական թթ․)։

Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Ուլուբաբյան Բ․Ա․, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Ե․, 1975։


ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ Ռուբեն (1840, Երեվան - 1902, Երևան), բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Պետերբուրգի համալսարանի արևելագիտ․ ֆակ-ը։ Բանաստեղծություններ է տպագրել «Հյուսիսափայլում» («Արաքս և Կուր գետերի գանգատը», 1861, «Կյանք», 1862, ևն)։ 1880-ական թթ․ Երևանում կազմակերպել է «Հայասեր-ազգասեր» միությունը, որի հիմն․ նպատակը արևմտահայության ազատագրումն էր։ 1884-ին ցար․ կառավարությունը նրան աքսորել է։ Վերադառնալուց հետո Հ-Ջ․ փաստաբան է աշխատել Վաղարշապատում։


ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Արցախ-Խաչենում։ Կոչվել է Հասան-Ջալալ Դոլայի անունով։ Տիրույթները հիմնականում տարածվում էին Թարթառի և Խաչենագետի միջին հոսանքներում։ Իշխանանիստ բերդերն ու ամրոցներն էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշեն ավանը, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարը, Մեծառանից Ս․Հակոբա վանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշ Առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը։ XIV դ․ վերջից Հ-Ջ-ի ժառանգ․ արտոնությունն է դարձել նաև երկրամասի հոգևոր իշխանությունը՝ կաթողիկոս․ գահը, որը XV դ․ հաստատվել է Գանձասար վանքում։ XVI դ․ վերջին Ներքին Խաչենի Հ-Ջ-ի իշխանության ճյուղավորումով ստեղծվել են Ջրաբերդի, Խաչենի ու Գյուլիստանի մելիքությունները, որոնց ներկայացուցիչներն ընդունում էին իրենց տոհմակցությունը։ Աշխարհիկ և հոգևոր իշխանությունը կենտրոնացնելով իրենց ձեռքում՝ Հ-Ջ․ XVII-XVIII դդ․ վճռական դեր են խաղացել Արլ․ Հայաստանի ազգ-ազատագր․ շարժումներում, XVIII դ․ 1-ին երեսնամյակին գլխավորել են երկրամասի բնակչության պայքարն իրան․ և թուրք․ բռնակալության դեմ։ XVIII դ․ վերջին Հ-Ջ․ մեծ ջանքեր են գործադրել համաայսրկովկասյան ճակատ ստեղծելու և Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ու Այսրկովկասն ազատագրելու համար։

Գրկ․ Լեո, Երկ․ ժող․, հ․ 2-3, Ե․, 1967-1973։ Ուլուբաբյան Բ․Ա․, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Ե․, 1975։


«ՀԱՍԿ», կրոնական, գրական և բանասիրական ամսագիր։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոն․ հրատ․։ Լույս է տեսնում 1932-ից, Անթիլիասում (Լիբանան)։ Խմբագիրներ՝ Բ․Կյուլեսերյան, Գ․Հովսեփյան, Գ․Սարգիսյան, Ա․ Թրթռյան, Վ․Բերբերյան։ Սկզբ․ շրջանում՝ տեղեկագիր (հրապարակել է կաթողիկոսարանի որոշումները, զեկույցները, կոնդակները ևն)։ Հրատարակում է նաև հայագիտ․ բնույթի հաղորդումներ։


«ՀԱՍԿ», հայագիտական տարեգիրք։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատ․։ Լույս է տեսնում 1948-ից, Անթիլիասում։ Հրատարակվել է ութ գիրք (վերջինը՝ 1997-ին)։ Խմբագր․ կազմ՝ Գ․Հովսեփյան, Դ․Փոլատյան, Գ․Ճերեճյան, Ս․Սիմոնյան, Բ․Եղիայան, Ա․Տեր-Խաչատրյան, Ի․Չիֆթճյան։ Տպագրում է հայագիտ․ ուսումնասիրություններ պատմության, լեզվի, մատենագիտության,