Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարզ․ և այլ կարգի լուրեր։

«ՀԵՆԱՐԱՆ», քաղաքական, ազգային շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1959-62-ին, Նիկոզիայում (Կիպրոս)։ Խմբագիր՝ Ս․Կեպենլյան։ Որոշիչ դեր է խաղացել կիպրահայության հայրենասիր․ տրամադրությունների ձևավորման և քաղ․ կողմնորոշման գործում։ Լուսաբանել է գաղթավայրի իրադարձությունները։ Աջակցել է հայրենադարձության կազմակերպմանը, պաշտպանել հայ եկեղեցու միասնությունը։


ՀԵՆԻՈԽՆԵՐ, հենիոքներ (հուն․ բառացի՝ կառավարներ), հնագույն ցեղեր։ Ապրել են Սև ծովի հս-արլ․ ափին։ Առաջին անգամ հիշատակվում են ուրարտ․ արձանագրություններում (մ․թ․ա․ VIII դ․), հետագայում՝ հունահռոմ․ սկզբնաղբյուրներում (Տակիտոս, Դիոն Կասսիոս)։ Մ․թ․ա․ I դ-ից Հ-ի թագավորությունը Հռոմից կախյալ երկիր էր, մ․թ․ 63-ին կցվել է Բիթինիա (Բութանիա) և Պոնտոս պրովինցիաներին։

Մ․թ․ I դ-ից Հ․, Հռոմի դրդմամբ, պարբերաբար արշավել են Հայաստան և նրա հարևան երկրներ։ 164-ի արշավանքի ժամանակ Հ-ի թագավորին սպանել է հայ նախարար Տրդատը։


ՀԵՋՈՒԲ (արաբ․ հաջիբ - արգելող, վերակացու), արքունի սենեկապետ Արաբական խալիֆայությունում և դրա քայքայումից հետո առաջացած արաբական պետություններում։ Հ-ի պաշտոնը գործադրվել է նաև Հայաստանում։ Հ-ներ եղել են Զաքարյանների, Խաղբակյանների, Ջալալյանների և այլ իշխան․ տոհմերի պալատներում։ Այդ պաշտոնյան իշխանի սենեկապետն էր, պալատի վերակացուն, երբեմն՝ իշխանի ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում։


ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊ, էլեկտրական ազդանշաններով տառաթվային հաղորդագրությունների հաղորդումը հեռավորության վրա և դրանց գրանցումն ընդունման կետում։

Հայաստանում Հ․կ․ առաջին անգամ կիրառվել է 1864-ին, երբ սկսեցին գործել Թիֆլիս-Դիլիջան-Երևան-Նախիջեվան, ապա՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ՝ հեռագր․ գծերը։ 1913-ին գործող 26 փոստահեռագր․ ձեռնարկություններից միայն 15-ն ուներ Հ․կ․։ 1925-ին գործեց Երևան-Մոսկվա առաջին, հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 շրջկենտրոնի միջև Հ․կ․։ 1935-ին հանրապետության Հ․կ․ անջատվելով փոստահեռագրությունից՝ դարձավ կապի ինքնուրույն բնագավառ։ 1956-ին սկսվեց տոնային հեռագրության կատարելագործված ապարատների ներդրումը։ 1960-ից լայն տարածում ստացավ բաժանորդ․ հեռագրության (հեռատիպ) ցանցը և ամբողջ Հ․կ․ փոխադրվեց ուղիղ միացումների համակարգի (որը բացառում է միջանկյալ հանգույցներում հեռագրերի մշակումը)։ ՀՀ-ում մայրուղային կապ է կազմակերպված Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Սամարայի, Տաշքենդի, Դոնի Ռոստովի հետ։ 1967-ից գործում է հայատառ հեռագրերի հաղորդման և ընդունման հեռագր․ ցանցը։ 1980-ին շահագործման է հանձնվել Երևանի հեռագրատան հարավսլավ․ ավտոմատ նոր կայանը, որը հնարավորություն է տվել հանրապետության բաժանորդներին ուղիղ կապերի ցանցով միանալ ԱՊՀ տարածքում գործող համակցման կայաններին։ 1997-ին համակարգիչների հիմքի վրա Երևանում շարք մտավ համակցման Ին․ ՏԴՍ-128 բաժանորդային-տելեքսային կայանը, որը հնարավորություն տվեց լիովին ավտոմատացնել Հ․կ․, նշանակալիորեն արագացնել հեռագրերի հաղորդումն ու ընդունումը և դրանց միաժամանակյա գրանցումը մագնիսական սկավառակների վրա։ Բաժանորդ․ հեռագրության կայաններ են տեղադրված հանրապետության 18 քաղաքներում, որոնք հնարավորություն են տալիս հանրապետության բոլոր հիմնարկ ձեռնարկություններին օգտվել բաժանորդ․ (հեռատիպ) և միջազգ․ (տելեքս) հեռագր․ ցանցից։ Տես նաև Կապ։


ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊ, մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ էլեկտրամագնիսական համակարգով խոսքային ինֆորմացիայի հաղորդում հեռավորության վրա։ Հ․կ․ բանավոր խոսակց․ կապ է ապահովում իրարից գործնականորեն ցանկացած հեռավորության վրա գտնվող աբոնենտների միջև։

Հայաստանում Հ․կ․ առաջին անգամ իրականացվեց 1913-ին, երբ Երևանում շարք մտավ 200 համար ունակությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ։ 1914-ին ստեղծվեցին Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-