Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակակից կյանքն արտացոլող և այլ գեղ․ հեռուստաֆիլմեր։ 1958-ին նկարահանվել է «Առաջին նամակը» (ռեժ․ Ժ․ Ավետիսյան) հեռուստավավերաֆիլմը։ Ստեղծվում են ֆիլմ-դիմանկարներ՝ «Հովսեփ Օրբելի» (1973, ռեժ․ Մ․ Ջանիկյան), «Վախթանգովցիներ» (1983, ռեժ․ Պ․ Մալայան), «Վահրամ Փափազյան» (1984, ռեժ․ Կ․ Մեսյան), գիտահանրամատչելի՝ «Գուշակված գաղտնիքը» (1976, ռեժ․ Ժ․ Ավետիսյան), «Մատենադարան» (1983-1994, 1-18 մասերը, ռեժ․ Հ․ Հախվերդյան), պրոբլեմային՝ «Անտարբերություն» (ռեժ․ Ա․ Մոկացյան), «Էքսպերիմենտ» (ռեժ․ Ա․ Մկրտչյան, երկուսն էլ՝ 1978), «Ուրիշի ցավ չի լինում» (1990, ռեժ․ Ս․ Շահսուվարյան), կինոնկար-համերգներ՝ «Գորանի» (1974, ռեժ․ Հ․ Հախվերդյան), «Ջազ-եռյակ» (1982, ռեժ․ Ա․ Քաջվորյան) ևն ֆիլմեր։ Ռեժ․ Ա․ Փելեշյանի «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982) կինոնկարները վավերահեռուստակինոյի լավագույն էջերից են։ 1972-ից գեղ․ հեռուստաֆիլմեր են ստեղծվում նաև Հայֆիլմում՝ «Մրցույթի են եկել խոհարարները» (1977, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), «Արևիկ» (1978, ռեժ․ Ա․ Հայրապետյան), «Սգավոր ձյունը» (ըստ Թրուայայի, 1978, ռեժ․ Յու․ Երզնկյան), «Ատամնաբույժն արևելյան» (1981, ռեժ․ Է․ Մարտիրոսյան), «Անուշ մայրիկը» (1983, ռեժ․ Ա․ Վահունի) ևն։ Հայկ․ բազմաթիվ հեռուստաֆիլմեր արժանացել են ՀՀ պետ․, միջազգ․ և միութենական կինոփառատոների մրց-ների ու դիպլոմների։ Հայկ․ հեռուստակինոյի զարգացմանը նպաստել են նաև ռեժ-ներ Ժ․ Մաթևոսյանը, Ռ․ Սարգսյանը, Ֆ․ Ամիրխանյանը, Մ․ Իորդանիդին, Դ․ Կեսայանցը, օպերատորներ Է․ Հակոբյանը, Լ․ Պողոսյանը, Ա․ Միրաքյանը, Ս․ Փոշոտյանը, Ա․ Մովսիսյանը և ուր․։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԲԱԼԵՏԻ ԽՈՒՄԲ, ստեղծվել է 1979-ին, Երևանում։ Հիմնադիր և գեղ․ ղեկավար՝ ՀՀ վաստ․ արտիստ Ռ․ Խառատյան։ Խաղացանկում՝ դասական («Օթելլո», ըստ Հ․Պյորսելի երաժշտության, բեմ․ Խոսե Լիմոնի, Ռիժենկոյի խմբագրությամբ, 1985), հայկ․ ժող․ («Անուշ», ժող․ երաժշտությամբ, բեմ․ Ռ․Խառատյան, 1986), հայկ․ պատմ․ թեմաներով («Արտավազդ և Կլեոպատրա», ըստ Ա․ Տերտերյանի երաժշտության, 1983, «Վահագնի ծնունդը», ըստ Ե․ Երկանյանի երաժշտության, 1987, բեմ․ Ռ․ Խառատյան) և այլ խորեոգրաֆիկ բեմականացումներ։ Հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ քաղաքներում և մարզերում, ինչպես և արտասահմանում։ Խումբը դադարել է գործել 1990-ից։


ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Հայաստանի Հանրապետություն հոդվածի հեռուստատեսություն բաժինը։


ՀԵՍՈՒ ԳԾՈՂ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XII դարի հայ քանդակազարդարող վարպետ, խաչքարեր կազմող։ Կերտել է Մուշի Առաքելոց վանքի արլ․ կողմում, պարսպից դուրս կանգնեցված ինը խաչքարերից երկուսը։ Խաչքարերի այդ խումբը հայտնի է «Խաչաթոռ» կամ «Թարգմանչաց» անունով։ 1123-ի խաչքարի վրա պահպանվել է Հ․Գ-ի լրիվ, 1141-ինի վրա՝ թերի, բայց վերականգնելի ստորագրությունը։ Ենթադրվում է, որ 1125-ին Հ․Գ․ մասնակցել է Առաքելոց վանքի նորոգմանը։


ՀԵՐ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Կապուտան (Ուրմիա) լճից հյուսիս-արևմուտք։ Հս-արմ-ից սահմանակից էր Պարսկահայքի Զարավանդ, հվ-ից՝ Զարեհավան, արմ-ից՝ Վասպուրականի Անձախի ձոր և Աղանդ ռոտ, արլ-ից՝ Մարանդ, հվ-արլ-ից՝ Գաբիթյան գավառներին։ Կենտրոնը՝ Հեր։ Համապատասխանել է հետագայի Խոյ գավառին։

Ենթադրվում է, որ Հ․ շնորհվել է Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին, Արշակունիների ժամանակաշրջանում հարևան Զարավանդ գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ Մարզպան․ Հայաստանում Պարսից արքունի կալվածք Հ-ի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հ․ և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թթ․ Հ․ մտել է Վասպուրականի իշխանության, 885-ից հետո՝ Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ։ Այնուհետև Հ․ ընկել է օտար նվաճողների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ հայ բնակչությունը։ 1403-ին Հ-ով (Խոյով) անցած իսպ․ ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։ Սեֆյան Իրանի կազմում Հ-ի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827-ին ռուս․ զորքն առժամանակ գրավել է Խոյի գավառի մեծ մասը։ 1828-29-ին գավառի հիմն․ բնակիչների՝ հայերի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է 1918-ի թուրք․ հարձակման ժամանակ։ Առաջին համաշխ․ պատերազմից հետո Խոյում մնացած մոտ 500 տուն հայերը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս, Մահլա արվարձանում։

Գրկ․ Աբգարյան Գ․, Հ․Մարկվարտի «Պարսկահայք նահանգը» անտիպ ուսումնասիրությունը, ՊԲՀ, 1961, № 1-2։


ՀԵՐԱԿԼ II (1720-1798), Կախեթի (1744-ից), ապա՝ Քարթլի-Կախեթի (1762-ից) թագավոր։ Վրաց Բագրատունիների դինաստիայից։ Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստ․ ուժեղ պետություն։ Հայ ազատագր․ շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շ․ Շահամիրյանը, Հ․ Արղությանը, Հ․ Լազարյանը և ուր․ կապեր են հաստատել Հ․ II-ի հետ և առաջադրել հայ-վրաց․ պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ֆեոդ․ ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղ․ վիճակի պատճառով։ 1783-ին Հ․ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հս․ Կովկասում) պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել