Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են պետ․ դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756-ին, Թելավում՝ 1782-ին)։

Գրկ․ Иоаннисян А.Р․, Иосиф Эмин, Е․, 1945․

ՀԵՐԱԿԼԻՈՍ (575-641), բյուզանդական կայսր 610-ից։ Հերակլիոսների դինաստիայի հիմնադիրը։ Նրա օրոք սկզբնավորվել է կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգը (տես Բանակաթեմեր)։ Պարսկաստանի հետ 628-ին կնքել է հաշտություն, որով վերականգնվել է Հայաստանի բաժանման 591-ի սահմանագիծը։ 636-ին արաբները Յարմուկ գետի մոտ պարտության են մատնել բյուզ․ զորքերին, նվաճել Ասորիքն ու Պաղեստինը։

Հ․ փորձել է ստեղծել քրիստ․ «Նոր վարդապետություն»՝ միակամություն (մոնոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին (տես Միաբնակություն) և երկաբնակներին (տես Երկաբնակություն)։ Հ․ 633-ին Կարինում գումարել է եկեղեց․ ժողով և հայկ․ եկեղեցուն պարտադրել իր «նոր վարդապետությունը»։ Սակայն հայ ժողովուրդը մերժել է այն և պայքար ծավալել բյուզ․ արքունիքի խարդախ քաղաքականության դեմ։


ՀԵՐԱՊՈԼԻՍ, Յերապաւլիս, ավան Մեծ Հայքի Ծոփաց նահանգի Ծոփք Շահունյաց գավառում։ Եղել է Ծոփաց հնագույն և կենտր․ սրբավայրը։ Համապատասխանում է Չմշկածագին։


ՀԵՐԲԱՐԻՈՒՄ (լատ․ herbarium, < herba - խոտ, բույս), հատուկ հավաքված, չորացված և կարգաբանական մշակման ենթարկված բույսերի հավաքածու։ Սովորաբար Հ-ները կազմվում են ըստ նախապես մշակված ծրագրի, օր․, Երևանի շրջակայքի, Արարատյան դաշտի, Վայքի, Զանգեզուրի ևն։

Հ․ պատրաստելու համար բույսերը տեղավորում են հատուկ պայուսակներում կամ թղթապանակներում, ապա դասավորում թերթերի մեջ, կապում ցանցերում և չորացնում։ Յուրաքանչյուր բույսի կցվում է պիտակ, ուր նշվում է նրա լատ․ անվանումը, հավաքման վայրը, ամսաթիվը ևն։ Չորացրած բույսերը պահվում են հատուկ բուսապահոցներում։

Հայաստանի խիստ հարուստ ու բազմազան ֆլորայի առաջին Հ․ կազմել են ֆրանսիացի Տուրնըֆորը (1700), այնուհետև՝ Վագները, Զեյդլիցը և ուր․, սակայն այդ հավաքածուները տարվել են Բեռլին, Լոնդոն, Ժնև և այլուր։ ՀՀ-ում, բնապատմ․ թանգարանին կից, ստեղծվել է (1925) բուսապահոց, Ա․Շելկովնիկովի ղեկավարությամբ, որին աջակցել են Ա․Գրոսհեյմը, Ա․Թամամշյանը, Ա․Թախտաջյանը, Ն․ Վավիլովը, Մ․Թումանյանը և ուր․։ Արժեքավոր է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ԳՀԻ-ի Հ․, որտեղ կենտրոնացված ավելի քան 200 հզ․ թերթից 130 հզ․ ՀՀ տարածքից հավաքված բույսեր են։ Նրանում կա առաջին անգամ գտնված և նկարագրված մոտ 280 նմուշ։ Հ-ներ են ստեղծվել նաև ԵՊՀ-ում, Հայկ․ գյուղատնտ․ ակադեմիայում։


ՀԵՐԹԵՎՑՅԱՆ Շանթ Կարապետի (22․5․ 1922, Ալեքսանդրապոլ - 4․7․ 1985, Երեվան), նկարիչ։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1983)։ Ավարտել է ԵԳԻ (1950)։ 1950-85-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում (1983-ից՝ պրոֆ․)։ Հեղինակ է կոմպոզիցիոն թեմատիկ կտավների («Մարտից հետո», «Էտապ»), դիմանկարների («Փամբուհ տատը», «Ավետիք Իսահակյան», «Շիրվանզադե», «Պետրոս Ադամյան»), գեղեցիկ ու ինքնատիպ բնապատկերների («Գարուն», «Սարեր», «Արագած», «Խնձորեսկ») և նատյուրմորտների («Ծաղիկներ», «Կակաչներ», «Դեղձեր»)։ 1950-ից մասնակցել է հանրապետ․ և միջազգ․ ցուցահանդեսների։


ՀԵՐՀԵՐ, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Երկար․ 28 կմ է, ավազանը՝ 174 կմ 2։ Սկիզբ է առնում Թեքսարի լ-շղթայի հս-արլ․ լանջից։ Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ։ Սնումը խառն է, հորդանում է մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,89 մ 3/վ է, հոսքը՝ 6,0 մլն մ 3։ Վերին հոսանքում ունի 17 մ բարձր․ ջրվեժ։


ՀԵՐՀԵՐ, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում։ Հ-ից մոտ 1 կմ հս-արլ․ գտնվում է VIII դ-ից հիշատակվող Ս․Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հս․՝ Ս․Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտ-յան համար եզակի հորինվածք․ ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արլ-ից և արմ-ից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Նրան հվ-ից կից Ս․Աստվածածին եկեղեցին (1282-83) նույնպես միանավ է, թաղածածկ, արլ-ում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Ս․Սիոն եկեղեցուն հս-ից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ․ արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Ս․Գևորգ եկեղեցին (XIX դ․) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։

Հ-ից հվ․ պահպանվել են կիսավեր Ս․Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Ս․Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հվ-արլ․, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը։ Հ-ից 3 կմ հս․, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ․ մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ․ պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղ․ թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։

Գրկ․ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։


ՀԵՐՄԱՆ Անտալ (1851-1926), հունգար ազգագրագետ, բանասեր, հայագետ։ Փիլ․ գիտ․ դ-ր, պրոֆ․։ Տիրապետել է հայ-ին։