յում, այնուհետև՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ինստ-ում՝ Ի․Վ․ Եղիազարովի գլխավորությամբ։ Կատարվել են Սևան-Հրազդան կասկադի հէկերի հիդրոտեխ․ կառույցների, ինչպես նաև Կույբիշևի հիդրոհանգույցի շլյուզային համակարգի մոդելավորման, հիդրավլիկ․ հարվածների հաշվարկման մեթոդների մշակման և մի շարք այլ ուսումնասիրություններ։ 1950-ական թթ․ ուսումնասիրվել են ոլորաններում, անցումային մասերում, նեղացող և լայնացող խողովակներում հեղուկների շարժման օրինաչափությունները։ Ուսումնասիրվել են Սևանա լճի մակարդակի պահպանման, լիճ թափվող գետերի ջրերի շարժման և հունակազմության հարցերը։ 1960-ական թթ․ կատարվել են երկֆազ հեղուկների տես․ և փորձարար․ հետազոտություններ, ՀՀ կարևորագույն հիդրոհանգույցների մոդելավորման և սելավային հոսքերի ուսումնասիրություններ։ Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի կիրառությամբ որոշվել է «մարգարտածաղիկ» տեսակի ջրթափի եզրագծի օպտիմալ ձևը։ Այս տեսակի ջըրթափներ են կառուցվել Տաթևի և Կեչուտի ջրամբարների գլխ․ հանգույցներում։ Լուծվել է ոչ վակուումային ջրթափային եզրագծի ստացման խնդիրը, ուսումնասիրվել ջրաբերուկների նստեցման և հեռացման հետ կապված հարցեր։ Մշակվել է հոսանքների փոխադրունակության տեսություն հեղուկի ոչ ստացիոնար և անհավասարաչափ շարժումների համար։ Մշակվել է մեծ թեքություն ունեցող ջրանցքներում բուռն հոսանքների շարժումների կանոնավորման մեթոդ՝ ջրանցքների որոշակի ձևերի ընտրությամբ։ Ուսումնասիրվել են ստորգետնյա ջրերի արտամղման հետևանքով երկրի մակերևույթի նստվածքների կանխատեսման, ոչ հաստատված ռեժիմով ջրանցքների և ջրամբարների շահագործման ժամանակ ստորերկրյա ջրերի դիմհարային հորիզոնի, ծծանցման պատճառով առաջացած ջրի կորուստների և շրջակա հողատարածությունների հողաբարելավման, հիդրոերկրբ․ և բուսաշերտային բնութագրերի վրա դրանց ազդեցության հարցերը։
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ (հէկ), ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների և սարքավորումների համալիր։
10 կՎտ հզորության առաջին պարզունակ հէկը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903)՝ Աղստև գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի հէկերը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու հէկը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-11-ին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված հէկեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխ․ պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 հէկ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։
1923-26-ին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի հէկ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի հէկ-2 (2,4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված հէկը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել Երևանին, Արարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5,28 ՄՎտ) շին-ը։ 1928-32-ին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ 1936-ին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938-ին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի հէկերը՝ սկիզբ դնելով Հայկ․ էներգահամակարգին։ 1948-ին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34,2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա հէկն էր։ 1946-53-ին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։ Տես նաև Էներգետիկա։
ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՀԻ ՀՀ (մինչև 1991-ը՝ Սևանի ջրակենսաբանական կայան), հիմնադրվել է 1935-ին, լճակայանի (1923) հիմքի վրա, պրոֆեսոր Ա․Դերժավինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Ինստ-ում գործում են հիդրոկենսբ․, ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի (8 լաբորատորիաներով) բաժիններ։ Հետազոտվել են ձկնային տնտեսության զարգացման և դրա հետ անմիջականորեն կապված հարցերը։ Ինստ-ը զբաղվում է Սևանա լճի ֆիզքիմ․, մանրէաբան․ հետազոտություններով, ջրային բույսերի, նախակենդանիների, անողնաշարավորների, ձկների զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությամբ։ Առաջնահերթ խնդիր է դարձել Սևանա լճի ավազանի էկոլոգ․ ընդհանրության և նրա մեջ մտնող բազմաթիվ համակարգերի մաթ․ մոդելավորումը։ Մշակված և հիմնավորված են Սևանա լճի էվտրոֆացումը (ջրում կենսածին տարրերի ավելացումը և «ծաղկումը») դանդաղեցնող միջոցառումներ։ Զբաղվում են լճի բնական պաշարների պահպանման և օգտագործման հարցերով։ Գիտականորեն հիմնավորված է Հայաստանի ջրամբարներում (Ակնա, Արփի լճերում, Ապարանի, Կեչուտի, Մանթաշի ջրամբարներում) ձկնարդ-յան ստեղծման հարցը։
Ստեղծված է Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի հիդրոլոգ․, հիդրոֆիզ․, հիդրոքիմ․, հիդրոկենսբ․ տվյալների բանկ, որն ընդգրկում է 1900-90-ի ժամանակահատվածը։ Աշխատանքներ են տարվում Հայաստանի բոլոր ջրային պաշարների համանման բանկերի ստեղծման ուղղությամբ։