Գառնիի պալատ․ շենքերի պեղումների ժամանակ հայտնաբերված Հ․ եղել է ստորին հարկում։ Հ-ներ են գտնվել նաև Զվարթնոցում (VII դ․), Աղթամարում (X դ․), Հաղպատում (XIII դ․), Դադիվանքում (XIII դ․), Մրենում (XIII_XIV դդ․) և այլուր։ Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել տակառաձև, շարժական Հ-ներ։ Հ․ կիրառություն ունի և մեր օրերում։
Գրկ․ Խալփախչյան Հ․Խ․, Հայաստանի արտադրական կառուցվածքները, Ե․, 1961։
«ՀՆՉԱԿ», հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսյա, տասնօրյա թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան։ Լույս է տեսել 1887_1915-ին և 1935_40-ին՝ Ժնևում (1887_92), Աթենքում (1892_94), Լոնդոնում (1894_1904), Փարիզում (1904_15), Փրովիդենսում (ԱՄՆ, 1935_40)։ Խմբագիրներ՝ Ա․Նազարբեկ, Ռ․Խանազատ, Գ․Կաֆյան, Ս․Հովյան, Ս․Սապահ-Գյուլյան և ուր․։
Թերթի հիմն․ նպատակն էր հայ ժողովրդի ազգ-ազատագր․ պայքարի, Արմ․ Հայաստանի ազատագրման, հնչակյան կուս-յան գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտ․ և քաղ․ կացության լուսաբանմանը, անդրադարձել Թուրքիայի հայաջինջ քաղաքականությանը։ «Հ․»-ի շնորհիվ միջազգ․ հասարակայնությունը տեղեկացել է Կարինի ու Կ․Պոլսի հակակառավարական ցույցերի (1890), Սասունի (1894), Զեյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանության և, ընդհանրապես, հայդուկային շարժման մասին։ Գործունեության երկրորդ շրջանում (1935_40) թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջը։
ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն։
«ՀՆՉԱԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ», քաղաքական, հասարակական, գիտական և գրական կիսամսյա թերթ։ Ս-դ․ հնչակյան կուսակցության ֆրանս․ շրջանի հանձնախմբի հրատ․։ Լույս է տեսել 1929_31-ին (ընդհատումներով), Փարիզում։ Խմբագիրներ՝ Վ․Կեոքճյան, Բ․Սյունիք, Ա․Կենճյան։ Անդրադարձել է Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, նպաստել հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդմանը, զգալի տեղ հատկացրել սփյուռքահայ հայրենակց․ կազմակերպությունների, ՀԲԸՄ, ՀՕԿ-ի գործունեությանը։ Գրակ․ բաժնում տպագրել է բանաստեղծություններ, արձակ գործեր, թարգմանություններ։
ՀՆՉԵՇՏ, քաղաք Մոլդովայում, Քիշնևից 36 կմ հեռավորության վրա, Կոգիլնիկ գետի ափին։ Բն․ 19,3 հզ․։
1790-ից Հ-ում եղել է հայկ․ գաղութ (մինչև 1930-ական թթ․)։ 1787_91-ի ռուս-թուրք․ պատերազմի ժամանակ Թուրքիայից, Բուլղարիայից ու Ռումինիայից բազմաթիվ հայեր գաղթել են (1790-ին) Մոլդովա և հաստատվել Հ․, Լահովիշտեա, Ստելնիչ և այլ գյուղ-կալվածքներում, որոնք 1816-ին գնել էր Մանուկ Բեյ Միրզայանը։ Ծրագրելով Հ-ում կառուցել Ալեքսանդրապոլ քաղաքը, Մանուկ Բեյն աջակցել է գաղթականներին, խրախուսել գյուղատնտեսությունը, առևտուրն ու արհեստները, կառուցել զանազան շենքեր, հայերի և մոլդովացիների համար առանձին եկեղեցիներ (1816, փայտաշեն) ևն։ 1817-ին, Մանուկ Բեյի մահից հետո, գործը դանդաղել է, սակայն արդեն XIX դ․ կեսին Հ․ դարձել է քաղաք և Բեսարաբիայի հայկ․ նշանակալի կենտրոն։ Հրավիրվել են հայ գործիչներ, որոնք խթանել են մշակութ․ կյանքը․ բացվել է հայկ․ տարրական դպրոց (Մսեր Մսերյանի տանը), գրվել են գրակ․, պատմ․ երկեր, հավաքվել հայ․ ձեռագրեր ևն։ Հայկ․ համայնքի գործերը վարել է հայկ․ թաղական խորհուրդը։ Աճել է հայ բնակչության թիվը։ Մանուկ Բեյի գործունեությունը շարունակել է որդին՝ Հովհաննես-Մուրադ Մանուկ Բեյ Միրզայանը (1816_93)։ Նրա կառույցներից ուշագրավ են որսորդական պալատը, Միրզայանների եռահարկ պալատը (1861, այժմ՝ շին․ տեխնիկում), Ս․ Աստվածածին եկեղեցին (1870_72, չի պահպանվել), որը, ըստ 1982-ի պեղումների, կառուցված է եղել նախկին փայտե միանավ եկեղեցու հիմքի վրա (ճարտ․ իտալացի Ալեքսանդր Բեռնարդացի), հայկ․ միջնադարյան ճարտարապետության ոճով։ Ներքնահարկում գտնվել է Միրզայանների ընտանեկան դամբարանը։ Ենթադրվում է, որ եկեղեցու որմնանկարները կատարել է Հ․ Այվազովսկին իր աշակերտների հետ, իսկ դաստիարակի նկարը՝ Ս․Դ․ Աբամելիքը։ Եկեղեցուց ոչ հեռու, դեպի հս-արլ․ դեռ 1960-ական թթ․ վերջին կային հայկ․ գերեզմանոցի հետքեր՝ երկու սև մարմարե գերեզմանաքարեր (XIX_XXդդ․)։ XIX դ․ վերջից Հ-ի հայերի թիվը նվազել է (այդ ժամանակ վերելք է ապրել Քիշնևի հայկ․ գաղութը)։ 1867-ին Հ-ում կար մոտ 430 հայ (4300 բնակչից), 1880-ին՝ 206, 1925-ին՝ 150, 1932-ին՝ 50։ Տարբեր ժամանակներում Հ-ում գործել են Բեսարաբիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդներ Գ․ Զաքարյանը, Ն․ Աշտարակեցին, Գ․ Այվազովսկին, մշակույթի գործիչներ Մ․ Բժշկյանը, Հ․ Ալամդարյանը և ուր․։ Հ-ի հայկ․գաղութի դիվանը, որը երկար ժամանակ եղել է Միրզայանների պալատում, այժմ պահվում է Բուխարեստ քաղաքի պատմության թանգարանում, իսկ Մանուկ Բեյի անձ․ գրադարանի մի մասը 1902-ին ուղարկվել է Էջմիածին, մյուսը գնել է Բուխարեստի առևտրի և արդ-յան ակադեմիան։
Գրկ․ Թորամանյան Ս․, Մոլդավիայի հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1985։
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդկային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ այն բոլոր արտասանական միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ հնչյունները, նրանց միացումները, վանկը, հնչաբառը, հնչերանգը ևն։ Նեղ առումով Հ․ զբաղվում է հնչյունների արտաբեր․ ու ձայնաբան․ հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով։ Հ-յան խնդիրն է նկարագրել լեզվի հնչույթների դրսևորումները՝ արտաբերությունը, նրանց ձայնաբան․ առանձնահատկությունները, լեզվի վանկատիպերը, բառային շեշտը,