Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


հնչերանգը տարբեր բնույթի նախադասություններում ևն։ Լայն առումով Հ-յան ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը։ Տարբերում են մի քանի տիպի Հ-ներ՝ նկարագր․, երբ նկարագրվում և դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյուն․ միջոցները, պատմ․, երբ նկարագրվում են տվյալ լեզվի հնչյուն․ կազմի կրած փոփոխությունները հնագույն շրջանից մինչև ներկա վիճակը, փորձառ․, երբ հետազոտությունների համար լայնորեն օգտագործում են բնական գիտությունների մեթոդները (ինչպիսիք են ռենտգենանկարահանումը, օսցիլոգրաֆ․, սպեկտրոգրաֆ․ ուսումնասիրությունները ևն), ընդհանուր, երբ նկարագրվում են տարբեր լեզուների ընդհանուր հնչյուն․ օրինաչափությունները։ Հ-յան հարցերով հայագիտության մեջ զբաղվել են լեզվաբաններ Հ․Աճառյանը, Մ․Աբեղյանը, Գ․Ղափանցյանը, Վ․Առաքելյանը։ Մեր օրերում, հատկապես փորձառ․ Հ-յան բնագավառում, հայտնի են Ա․Խաչատրյանի, Ռ․Թոխմախյանի և այլոց աշխատանքները։

Գրկ․ Ղափանցյան Գ․, Ընդհանուր լեզվաբանություն, հ․1, Ե․, 1939։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․6, Ե․, 1971։ Առաքելյան Վ․, Խաչատրյան Ա․, Էլոյան Ս․, Ժամանակակից հայոց լեզու, Հնչյունաբանություն, Բառագիտություն, հ․1, Ե․, 1979։


ՀՆՉՈՒՅԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին․ ուսումնասիրում է հնչյունների և հնչյունական միջոցների (շեշտ, հնչերանգ, հնչույթ ևն) գործառնությունը և դերը լեզվում։ Հ․ իբրև առանձին գիտաճյուղ ձևավորվել է XX դ․ 30-ական թթ․, չնայած նրա սաղմերը գոյություն են ունեցել վաղուց և իրենց գործն․ մարմնավորումը ստացել են այբուբեններում։ Հայ լեզվաբանության մեջ հնչույթի մասին առաջինը գրել է Գ․Ղափանցյանը՝ դիտելով այն որպես պատմականորեն առաջացած ու հանրորեն գիտակցված լեզվ․ միավոր։ Հնչույթի տեսությունն իր հետագա լուսաբանումն է ստացել Գ․Սևակի աշխատություններում։ Լայն տարածում է գտել Է․Աղայանի կողմից հնչույթին ու հնչյունին տրված սահմանումը։ Դրանց միջև գոյություն ունեցող հարաբերությունը հեղինակը համարում է ընդհանուրի և մասնավորի կամ դասի ու նմուշի հարաբերություն։ Սակայն այդ սահմանումն ի վերջո հանգում է նույնանման հնչյունների ընդհանրության գաղափարին։ Հնչույթը բնորոշելիս Գ․Ջահուկյանը սահմանման մեջ նախ տարբերակում է հնչույթի ընդգրկման ծավալը (մեկ լեզվում, մի քանի լեզուներում, թե լեզվում առհասարակ), այնուհետև՝ չափանիշների տեսակը՝ լեզվ․ կամ արտալեզվ․, և նախապատվությունը տալիս է վերջինին։ Գրկ․ Ղափանցյան Գ․, Ընդհանուր լեզվաբանություն, Ե․, 1939։ Աղայան Է․, Լեզվաբանության ներածություն, Ե․, 1967։ Խաչատրյան Ա․, Ժամանակակից հայերենի հնչույթաբանություն, Ե․, 1988։


ՀՈԲԱՐՁԻ, գյուղ ՀՀ Լոռու մարզում, Ստեփանավանից 13 կմ հարավ-արևելք։ Գյուղում պահպանվել է V_VI դդ․ սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հվ-ից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։ Աղոթասրահը երեք կողմից (բացի արլ․) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հս․ և հվ․ որմերին)։ Սրահի երկայնական թևերը արլ-ում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հվ․, արմ․ և հս․ (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հս․ շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արմ․ որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հ․ հիմնովին վերակառուցվել է XIX դ․՝ կորցնելով սկզբ․ տեսքը։ Գրկ․ Հասրաթյան Մ․, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, ԼՀԳ, 1974, դ 3։


ՀՈԲՈՍ (Հովհաննես, ծ․թ․ անհտ․ _ 1860-ական թթ․), ժողովրդական առակագիր։ Նրա անունով հայտնի զվարճախոսությունները հավաքել և 1903-ին Թիֆլիսում «Հոբոս» խորագրով լույս է ընծայել Ե․Լալայանը։ Ըստ նրա՝ Հ․ սկզբում ապրել է Ճոճկան գյուղում, հետո փոխադրվել Շնող, որտեղ և մահացել է։ Նրա զվարճախոսությունները (տարբերակներով), որոնցում Հ-ի փոխարեն հաճախ հանդես են գալիս Սերգոն, Կիկոսը, Համբոն, տարածված են Լոռվա Աքորի, Կուրթան և այլ գյուղերում։ Հ-ին վերագրվող անեկդոտները մեծ մասամբ տարբեր բանասացների հորինվածքներ են, որոնց շատ տարբերակներ գրի են առնված ինչպես Լոռիում, այնպես էլ ՀՀ այլ մարզերում։


ՀՈԳԵԱՑ ՎԱՆՔ, Հոգվոց վանք, Հոգոց վանք, հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։ Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հ․վ․։ Քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հ․վ-ում կառուցել է Ս․Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դ․ Հ․վ․ եղել է եպիսկոպոսանիստ։ Հ․վ․ վանք-ամրոց է՝ պաշտպանական, երկշարք, 7_8 մ բարձր․ պատերով, որոնց անկյուններում և արմ․ պատի կենտրոնում