«Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» աշխատությունում հոգեկան հիվանդությունների պատճառագիտությունն ու ախտածագումը մեկնաբանում է նախասկզբնական ներվիզմի դիրքերից։ Ամիրդովլաթ Ամասիացու երկերում արժեքավոր տեղեկություններ կան էպիլեպսիայի, շիզոֆրենիայի, ցիկլոֆրենիայի և հոգեծին հիվանդությունների վերաբերյալ։ 1926-ին ԵՊՀ բժշկ․ ֆակ-ում, Ա․Արզումանյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է նյարդախտաբանության ու հոգեբուժության ամբիոն։ Գիտ․ Հ-յան բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարվել ԽՍՀՄ հայրենական պատերազմից հետո․ ուսումնասիրվել են գանգուղեղային վնասվածքների հետևանքները (Ս․ Դավթյան), երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները (Վ․ Հովհաննիսյան), ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ առաջացող հոգեկան խանգարումները։ Աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանում Հ-յան պատմության և հոգեկան հիվանդությունների կլինիկա-վիճակագր․ ուսումնասիրության, ինչպես նաև շիզոֆրենիայի կլինիկայի, պիրոգեն թերապիայի և սուլֆազինաբուժման (Գ․ Տեր-Հակոբյան) բնագավառներում։ Ուսումնասիրվել են անձի և գիտակցության, շիզոֆրենիայի պրոբլեմները (Ա․Մեհրաբյան), լուսաբանվել այդ հիվանդության վաղաժամ դրսևորումները և նրա նևրոզանման ընթացքը (Ս․Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ․Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքում առաջացած արատի կառուցվածքի և փոխհատուցման մեխանիզմի հարցերը (Մ․Մելիք-Փաշայան)։ Ուսումնասիրվել է հաշիշամոլության և հաշիշային պսիխոզների (Վ․ Հովհաննիսյան), ալկոհոլային տիպիկ և խառը պսիխոզների կլինիկան։ Աշխատանքներ են կատարվել հատկապես էպիլեպսիայի ուսումնասիրության բնագավառում, օգտագործվել են փորձարարահոգեբ․ և կլինիկակատամնեստիկ մեթոդներ։ Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկ․, էլեկտրաֆիզիոլոգ․ (էլեկտրաուղեղագր․) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկածագումնաբան․ խորհրդատվության և այլ բնագավառներում։
Ուսումնասիրվել են հոգեդեղաբուժության որոշ հարցեր․ փորձարկվել են նորաստեղծ պսիխոլեպտիկ դեղանյութեր։ Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբան․ առանձին հարցերի ուսումնասիրման բնագավառներում։ Կատարվում են նաև ՀՀ-ում ալկոհոլամոլության և թմրամոլության տարածվածության համաճարակաբան․ բազմակողմանի հետազոտություններ։
ՀՈԳԵՎԱՆՔ, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք։ Գլխ․՝ Ս․Կարապետ եկեղեցին (ըստ հս․ մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205-ին) գմբեթավոր դահլիճ տիպի է, ավագ խորանի երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Բոլոր ճակատներն ունեն «հայկ․ խորշեր»։ Գլանային թմբուկով գմբեթը, քանդված 1939-ի երկրաշարժից, 1980-ական թթ․ վերանորոգվել է։ Ս․Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հս․ պահպանվել են միանավ (V դ․) և քառակոնք (VII դ․, աբսիդները արտաքուստ եռանիստ են) եկեղեցիների որմերի ստորին շարքերը։
Գրկ․ Եղիազարյան Հ․, Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Ե․, 1975։ Գրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե․, 1982։
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, հոգևոր (պաշտամունքային) բովանդակություն ունեցող վոկալ և վոկալ-գործիք․ երաժշտական ստեղծագործությունների հավաքական անվանումը։ Ժանրերով ու ձևերով խիստ բազմազան արվ․ է, եկեղեց․ արարողության հետ հաճախ անմիջական կապ չունի, թեև կարող է կատարվել նաև եկեղեցում, երբեմն նույնացվում է բուն եկեղեց․ երաժշտության հետ։ Արտաեկեղեց․ հոգևոր երգեր տարածված են աշխարհի շատ ժողովուրդների ժող․ արվեստում։ Հայերի մոտ դրանք արարողական հայտնի երգերի ժող․ տարբերակներ են կամ նոր՝ ինքնահնար խոսքերով բուն ժող․ ավետիսներ, գանձեր, հոգևոր տաղեր։ Մասնագիտացված Հ․ե-յան մեջ, դեռևս Վաղ Վերածնության դարաշրջանից, կարևոր դեր են կատարել մեծ կտավի այնպիսի ժանրեր, ինչպիսիք են մեսսան, ռեքվիեմը, պասսիոնը, օրատորիան, մոտետը, կանտատը։ Աստվածաշնչյան-ավետարան․ տեքստերը հիմք են դարձել մարդկային խոր ապրումներ դրսևորելու, կյանքի և մահվան հավիտենական պրոբլեմներ արծարծելու, ընդհանրապես համամարդկային էթիկական բարձր գաղափարներ արտահայտելու համար։ Այդպիսի երկեր ստեղծել են բազմաթիվ նշանավոր կոմպոզիտորներ, այդ թվում՝