Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պալեստրինան, Յո․ Ս․Բախը, Հենդելը, Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը և ուր․։ Հայ իրականության մեջ մինչև XIX դ․ վերջը Հ․ե․ գոյատևել է մոնոդիկ կերտվածքով (արարողական երգեր, տաղեր, մեղեդիներ, գանձեր, պարզապես հոգևոր երգեր ևն, նշանավոր վարպետներից է Ներսես Շնորհալին), դարավերջից ստեղծվել են հոգևոր բազմաձայն ա կապելլա երկեր (Մ․ Եկմալյան, Գ․ Սյունի, Կոմիտաս և ուր․)։

ՀՈԳԵՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պատրաստում են եկեղեցու սպասավորներ և տալիս աստվածաբանական կրթություն։ Հեթանոս․ շրջանում Հայաստանում գործել են մեհեն․ դպրոցներ։ Քրիստոնեության ընդունումից հետո հիմնվել են վանական, եկեղեց․ դպրոցներ։ XI-XII դդ․ գործել են նաև դպրատներ, դպրեվանքեր, ընծայարաններ,ժառանգավորաց դպրոցներ։

XI-XV դդ․ բարձրաստիճան հոգևորականներ են պատրաստել ու վարդապետ․ կոչումներ շնորհել Սյունյաց վարդապետարանը, Անիի, Սանահինի, Հաղպատի, Գոշավանքի, Բջնիի, Խորանաշատի դպրոցները, Գլաձորի, Տաթևի համալսարանները։ XVII-XVIII դդ․ կրոն․ ու աստվածաբան․ կրթություն են տվել Էջմիածնի ժառանգավորաց, Հովհաննավանքի, Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, Հարանց անապատի դպրոցները։ XIX դ․ հոգևոր դպրոցներ են գործել Ախալցխայում (1830), Ախալքալաքում (1836), Աստրախանում (1859), Բաքվում (1866), Վերին Ագուլիսում (1867), Նոր Նախիջևանում (1875)։ Բարձրաստիճան հոգևորականներ պատրաստելու նպատակով հիմնադրվել են Վիեննայի Մխիթարյանների դպրոցը (1811), Ս․ Ղազարի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836), Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը (1843), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1874), Արմաշի դպրեվանքը (1889), Սևանի Վազգեն Ա-ի անվ․ դպրեվանքը (1990)։ Այժմ գործում են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը, Անթիլիասի ընծայարանը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների ընծայարանները։


ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐ (Arthropoda), անողնաշարավոր կենդանիների տիպ։

Մարմինը երկկողմ համաչափ է՝ պատված պաշտպանական և կմախքային վահան գոյացնող խիտինային կուտիկուլայով։ Վերջավորությունները հատվածավոր են։ Բերանային օրգանները կրծող-ծծող-ծակող-լիզող տիպի են։ Մարսողության համակարգը կազմված է խիստ տարբերակված առաջնաղիից, միջնաղիից և երկար հետնաղիից, նյարդային համակարգը՝ գլխուղեղից (միաձուլված հանգույցներ) և որովայնային նյարդային շղթայից։ Ունեն բարդ ֆասետային աչքեր, համի,հոտառության հատուկ օրգաններ։ Շնչառությունը խռիկային է (ջրային Հ․), տրախեային կամ թոքային (սարդակերպեր, միջատներ ևն)։ Արյունատար համակարգը բաց է։ Արտաթորության օրգանները մետանեֆրիտներն են (առաջնաջրային Հ․) կամ մալպիգյան անոթները (ցամաքային ձևեր)։ Բազմացումը կատարվում է սեռական ճանապարհով, մի մասինը (լվիճներ, թթենու շերամ, երկարակնճիթներ)՝ կուսածնությամբ, բեղմնավորությունը հիմնականում ներքին է։ Հետսաղմնային զարգացումը կատարվում է լրիվ (բզեզներ, թիթեռներ, մեղվազգիներ) կամ ոչ լրիվ (մորեխներ) կերպարանափոխությամբ։ Կենսակերպը խիստ բազմազան է, խեցգետնակերպերը և որոշ միջատներ ապրում են ջրերում, բազմոտանիները, սարդերը ևն ցամաքային կյանք են վարում։

ՀՀ-ում հանդիպում է Հ-ի մոտ 2 հզ․ տեսակ՝ տարածված բոլոր աշխարհագր․ գոտիներում։ Խաչափառն ապրում է քաղցրահամ ջրերում, պտղատուների գորշ և քոսի տզերը բույսերի և կենդանիների վնասատուներ են։ Անդրկովկասյան մարմարյա բզեզը, գամմա բվիկը վնասում են գյուղատնտ․ բույսերը։ Հ-ի 63 տեսակ (սևծովյան ճպուռը, տափաստանային սագան, որդան կարմիրը, ալպիական երկարաբեղիկը ևն) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։


ՀՈԼՈՇԻ (Hollցsy) Շիմոն (Սիմոն) (1857-1918), հայազգի հունգարացի նկարիչ։ Սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադ-ում (1878-82), ղեկավարել Մյունխենի գեղարվեստի դպրոցը (1886-ից)։ Հունգ․ նկարչության ավանդույթները հարստացնելով արևմտաեվրոպ․ պլենէրային գեղանկարչության նվաճումներով՝ Հ․ ստեղծել է ժողովրդի կյանքից վերցված ժանրային պատկերներ, հեղափոխության թեմաներով ստեղծագործություններ («Եգիպտացորենի կեղևահանումը», 1885, «Դրոշակակիրը», 1890-ական թթ․, «Ռակոցիի երթը» նկարի էսքիզները, 1890-1910-ական թթ․, երեքն էլ՝ Հունգարիայի ազգ․ պատկերասրահ, Բուդապեշտ)։ Հ-ին աշակերտել են Կ․Ֆերենցը, Յա․Խորման, Վ․Ֆավորսկին, Հ․Շամշինյանը և ուր․։ Բուդապեշտում կա Հ-ի անունը կրող փողոց։

Գրկ․ Նեմեթ Լ․, Հոլլոշի Սիմոն, «Հայ ընտանիք», 1971, № 9-12։


ՀՈԼՈՎՈՒՄ, թեքական և կցական լեզուներում անունների և դերանունների փոփոխությունը ըստ հոլովների։ Հ-ման մեջ դրսևորվում են հոլովի, թվի, դասի, առկայացման (որոշյալություն), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում՝ նաև սեռի քերակ․ կարգերը։ Հայ-ում