գոյականները և դերանունների մի մասը հոլովվում են տարբեր հարացույցներով։ Ըստ այդմ տարբերակում են անվան․ և դերանվ․ Հ-ներ։ Վերջինիս եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր հիմքերից։ Անվան․ Հ-ման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյուն․ փոփոխություններ։ Ըստ թեքույթների բնույթի՝ Հ-ման տիպերը տարբեր են․ հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման Հ-ներ։ Հ-ման տիպերը (Հ-ները) որոշվում են եզակի սեռ-տր․ հոլովաձևերից, որոնք արևելահայ-ում ունեն կազմության հետևյալ տարբերակները․ 1․ վերջավորություններ՝ աղջկ-ա, քաղաք-ի, սիր-ո, ձի-ու, գարն-ան, կն-ոջ, օր-վա, մահ-վան, կորստ-յան, 2․ հիմքի հերթագայություններ՝ հայր-հոր, դուստր-դստեր, գինի-գինու, տուն-տան, անուն-անվան։ Առավել տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման՝ ու, ա Հ-ները։
Գրկ․ Աղայան Է․, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե․, 1967։ Ջահուկյան Գ․, Ժամանակակից հայերենի հոլովական համակարգը, Ե․, 1967։
«ՀՈԿՏԵՄԲԵՐ», Գյումրիի բանվորագյուղացիական գրողների միություն։ Հիմնվել է 1925-ի ապրիլին՝ Գ․ Մահարու նախաձեռնությամբ։ Միության կազմում էին Մ․ Արմենը, Ս․ Տարոնցին, Գ․ Սարյանը, Սարմենը և ուր․։ Պատվավոր նախագահն էր Ե․ Չարենցը։ «Հ․»-ին չի հաջողվել դառնալ համահայաստանյան գրակ․ կազմակերպություն։ Դադարել է գործել նույն թվականի սեպտեմբերին։ Նրա բոլոր անդամներն ընդգրկվել են «Նոյեմբեր» միության մեջ։
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ, ՀՀ Արմավիրի մարզի վարչական կենտրոն Արմավիր քաղաքի անվանումը 1935-95-ին։
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վ․Ի․Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
Հոկտ․ 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդ․ իշխանության հաստատումը։ Հոկտ․ 26-ին համագումարը ընդունել է Դեկրետ խաղաղության մասին, որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և Դեկրետ հողի մասին, որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղաց․ կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ․Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։
Պետրոգրադում խորհրդ․ իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբ․), ռազմաճակատներում (նոյեմբ-դեկտ․), Ռուսաստանի կենտր․ շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգ․ տարածաշրջաններում (Հս․ Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդ․ իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։
Հոկտ․ հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուս․ զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրք․ զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։
1917-ի դեկտ․ 29-ին Խորհրդ․ Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդ․ Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (տես Բրեստի հաշտություն 1918), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուս․ զորքերի գրաված Արմ․ Հայաստանի տարածքից, այլև Արլ․ Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։
1920-ի դեկտ․ Խորհրդ․ Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայաստանի Հանրապետությունում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ 1992-95-ին՝ Արմավիրի շրջան։ 1995-ի դեկտ․ 4-ից ներառվել է Արմավիրի մարզի կազմում։
«ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ», գրականության, արվեստի, գիտության և ժողովրդական տնտեսության տարեգիրք։ Պատասխանատու խմբագիր՝ Ե․Չարենց, խմբագիրներ՝ Ա․Բակունց, Ե․ Չուբար։ Հրատարակել է Հայաստանի պետական հրատարակչությունը 1932-ին՝ Հոկ